Երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը` Չինաստանի դեսպանատան համագործակցությամբ, TriClub Երևան ակումբի, Երևանի կիսամարաթոնի թիմի, Հեծանվասպորտի ֆեդերացիա, Երևանի հեծանվահրապարակի հետ համատեղ ս.թ. նոյեմբերի 13-16-ը կազմակերպում են Երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթ՝ Առողջ մարմին-առողջ հոգի-հաջողակ երիտասարդ կարգախոսով:

Ծրագրի նպատակն է մասսայական սպորտային և առողջ ապրելակերպի միջոցառումների միջոցով երիտասարդների և ուսանողների լայն խմբերին ծանոթացում Երևանյան և հանրապետական առողջ ապրելակերպի գործող ակումբներին, նրանց ընդգրկում սիրողական սպորտային միջոցառումներում:

Միջոցառումները տեղի կունենան օրը մեջ մեկ շաբաթվա ընթացքում, որոնց կմասնակցեն ինչպես ուսանողներ, երիտասարդներ, այնպես էլ Հայաստանի սպորտային սիրողական ակումբներ և ֆեդերացիաներ (ընդհանուր թվով մինչև 450 մարդ): Ծրագիրը համակցում է օրեցոր Երևանում մասսայական դարձող վազքը, հեծանվավազքը և քրոս ֆիթնեսը

Նոյեմբերի 13-ին, ժ. 12:00 Բուսաբանական այգում տեղի կունենա բայք-ռան (հեծանվավազք-վազք), որը ենթադրում է երկու հոգուց բաղկացած թիմերի մասնակցություն: Թիմը հաղթահարում է 4 կմ տարածություն հեծանվով և վազքով էստաֆետային հաղթահարմամբ: Կորոշվեն ամենաարագ տղամարդկանց, կանանց, խառը թիմերի լավագույն երեք տեղերը: Նույն օրը տեղի կունենա նաև 2.5 կմ վազք՝ անհատական և էստաֆետային վազք (երկու հոգուց բաղկացած թիմով)՝ թիմերի մասնակցությամբ: Ամենաարագ աղջիկ, տղա անհատական վազքում, ամենարարագ էստաֆետային թիմ (տղաներ, աղջիկներ, խառը թիմ)՝ լավագույն երեք տեղերի որոշում:

Նոյեմբեր 15-ին, ժ 18:30  Քրոսֆիթ ուժային պարապմունք Կասկադում: Մասնակիցները հմուտ մարզիչների ներկայացմամբ կծանոթանան և կիրականացնեն ուժային վարժություններ, որոնք օգտակար են աթլետիկ սպորտաձևերով զբաղվելու համար:

Նոյեմբերի 16-ին, 16:00 Հեծանվահրապարակում տեղի կունենան ցուցադրական մրցումներ՝ լավագույն թիմերի որոշում, գալա ամփոփում և մրցանակաբաշխություն՝ բոլոր հաղթած մասնակիցներին և թիմերին մեդալների, հավաստագրերի և նվերների հանձնում: