Ինչպես հագնվել ձմռանը դրսում մարզվելիս
Իհարկե, հեշտ է վազել հիանալի եղանակին, սակայն իսկական չեմպիոները ձմռանն են դառնում: Ցուրտ ջերմաստիճանին վազելը նպաստում է մարզավիճակին, ինչպես նաև գարնանային մարզումների գլխավոր սկիզբն է: Այնուամենայնիվ, շատերն են վախենում հաղթահարել ձմեռային ցուրտը և խոնավ եղանակը: Բայց սա չի կարող խոչընդոտ հանդիսանալ ձեզ համար: Դուք միշտ պետք է հետևողական լինեք ձեր հիմնական մարզումներին՝ մտապահելով հետևյալ կարգախոսը. «Չկա վատ եղանակ, միայն պետք է ճիշտ հագուստ կրել»: Անհրաժեշտ է այնպես հագնվել, որպեսզի դիմանաք ձմռան ցրտին: Այս խորհուրդները կօգնեն ձմռանը դրսում մարզվելիս ցրտերին դիմակայելուն:

Գլխարկ, շարֆ և ձեռնոցներ

Մարմինը կորցնում է իր 50% ջերմությունը գլխի և ձեռքերի միջոցով: Հետևաբար անհրաժեշտ է ձմռանը հատկապես մարմնի այս հատվածները տաք պահել: Գլուխը ցրտից պաշտպանելու համար անհրաժեշտ է կրել չքրտնեցնող հատուկ գործվածքից գլխարկ: Այս կերպով ձեր գլուխը և կտաքանա, և չոր կմնա: Ավելին, կոկորդը և վիզը պետք է փաթափել հաստ շարֆով: Այսպիսով, կկանխեք ցուրտ օդի ներթափանցումը և կոկորդային հիվանդությունները: Խորհուրդ է տրվում նաև ծայրահեղ ցուրտ ջերմաստիճանին շարֆով փակել դեմքը, որպեսզի բրոնխները չգրգռվեն: Ձեռնոցները նույնպես ձմեռային հագուստի կարևոր բաղկացուցիչ մասն են համարվում: Սկզբում մրսում են ձեռքերը, որովհետև արյունը ուշ է հասնում վերջույթներին: Գոյություն ունեն վազքի համար նախատեսված հատուկ ձեռնոցներ, որոնք ոչ այդքան ծանր են, ոչ այդքան հաստ: Կարևորը գտնել ձմեռային այնպիսի թեթև հագուստ, որը նաև տաք կպահի: Սակայն կարիք չկա բավականին տաք հագնվելու, որպեսզի ավելորդ ծանրություն չլինի և վազքը չդժվարանա:  

Հագնվեք «սոխի» պես

Ձմռանը վազելիս ամենակարևորը համապատասխան հագուստն է: Բնական է, որ չեք ցանկանա հագնել չափազանց տաք և ծանր շորեր: Այդ ամենից խուսափելու համար խորհուրդ է տրվում հագնվել «սոխի» պես, այսինքն՝ մի քանի բարակ շորեր շերտերով հագնել իրար վրա: Այս կերպ կարող եք ցանկացած պահի, երբ շոգում եք, վերևից հանել մի շորը: Ցանկալի են չքրտնեցնող գործվածքները, որոնք կլանում են մարմնի խոնավությունը: Այսպիսով ձեր մաշկը մնում է չոր առանց խախտելու մարմի ջերմաստիճանը: Ամենավերին շերտը պետք է լինի վազքի համար նախատեսված ջրադիմացկուն բաճկոն անձրևից և ձյունից պաշտպանվելու համար:

Կիսագուլպաներ չոր ոտքերի համար

Վազքի համար մեծ կարևորություն ունեն չոր ոտքերը: Քանի որ վազքի ընթացքում ամենաշատը աշխատում են ոտքերը, հավանաբար անմիջապես չեն մրսի: Կիսագուլպաները հատուկ “Gore-Tex” գործվածքով կպաշտպանեն ձեր ոտքերը ձյունից և ձնհալի ցեխերից, դրա հետ մեկտեղ ոտքերը չեն սառեցնի:

Ընտրեք համապատսախան մարզակոշիկներ

Գրեթե յուրաքանչյուր վազքի կոշիկ հարմար է ձմեռվա ցրտերին վազելու համար: Այնուամենայնիվ, երբ առատ ձյուն է տեղում և գետինը սառցակալում է, ձեզ անհրաժեշտ է ամուր և ջուր չներքաշող մարզակոշիկներ: Վազքի կոշիկները այնպես ամուր են կարված, որ ոտքերը չեն ոլորվում, իսկ չսահող ներբանով կարող եք վազել ցանկացած մակերեսի վրա: Իսկ եթե եղանակը խիստ ցրտում և սառում է, ապա վազքի  կոշիկներով սառցե տարածքներ հաղթահարելը հեշտ է թվում:

Պահպանեք ձեր մաշկը

Ինչպես և ամռանը, ձմռանը նույնպես մաշկը վնասվում է: Ջեռուցվող սենյակների չոր օդը կլանում է մաշկի խոնավությունը, իսկ ցրտին վազելիս սառը օդը նույնպես թողնում է իր հետևանքները: Սովորական խոնավեցնողը չի օգնի, նույնիսկ ցրտին կսառեցնի: Դեմքը և շրթունքները պաշտպանելու լավագույն միջոցը յուղային քսուք օգտագործելն է: Եղանակից կախված այն կարող է նաև պարունակել պաշտպանիչ նյութ ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Անուշադրության մի մատնեք արևի լույսը ցրտի և ձյան ժամանակ: Հնարավոր է արևայրուկ ստանաք նույնիսկ ձմռանը:

Ձմռանը վազքից առաջ և հետո

Ցուրտ եղանակին մկաններն ավելի են հակված վնասվածքների: Վազքից առաջ մարզասրահում կամ ուղղակի սենյակում լիակատար տաքացումը և ձգումները նպաստում են մկանների ճկունությանը: Ամենաարդյունավետը շնչառական համակարգի կարգավորման և մկանների տաքացման վարժությունների համատեղումն է՝

● 5 անգամ 30 վայրկյան կատարել ցատկեր պարանով, տեղում ցատկոտել կամ ուղղակի սար բարձրանալ

● 5 անգամ 30 վայրկյան կատարել քաշային վարժություններ (օրինակ ձգումները, կքանիստը)

● 5 անգամ 30 վայրկյան կատարել դինամիկ  մկանների ձգման վարժություններ:

Այսպիսով ձեր մկանները և մարմինը կտաքանան և պատրաստ կլինեք վազքի մարզումներին:

Ձմռանը համապատասխան տաքացումը պարտադիր է: Երբ վազում եք ցուրտ եղանակին, մկանները սառում են և սեղմվում՝ այսպիսով դժվարացնելով շարժողականությունը: Տաքանալով ձիգ մկանները սկսում են ավելի արագ աշխատել և կարողանում եք պահպանել մկանային ճկունությունը ողջ ձմռան ընթացքում, իսկ գարնանը մկանները շատ ձգված չեն լինում:

Վազեք նույնիսկ ձմռանը և փորձեք բավականություն ստանալ տարվա ամենացուրտ եղանակի յուրահատուկ մարտահրավերներից: Ձմռանը պահպանեք հիմնական մարզավիճակը, որի արդյունքում խանդավառությամբ և նպատակով պատրաստ կլինեք գարնանային մարզումներին, ինչը չեք կարող իրականացնել ձմռանը պարզապես վազելով:

Նյութը՝ https://www.runtastic.com/