Որքա՞ն ջուր է անհրաժեշտ օրգանիզմին
Որքա՞ն ջուր է անհրաժեշտ մարդու օրգանիզմին օրվա ընթացքում:
Չնայած տարատեսակ քննարկումներին, մասնագետներն այս հարցում դեռևս միակարծիք չեն: 

Ոմանք պնդում են, որ օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել ավելի քան 4 լիտր ջուր, քանի որ այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, նպաստում է իմունիտետի ամրապնմանը, օժտված է մի շարք այլ օգտակար հատկանիշներով ևս: Սակայն այդպիսի քանակությամբ ջուրն անհամատեղելի է երիկամային և այլ հիվանդությունների պարագայում: Դրանից զատ՝ ջրի ավելցուկը ևս կարող է հանգեցնել մի շարք խնդիրների: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առողջ մարդու համար ջրի օրական չափափաժինը սահմանում է հետևյալ բանաձևով՝ 30 մլ/1կգ: 

Այսինքն՝ օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել 2 լիտր ջուր, եթե մարմնի քաշը գրեթե 70 կգ է: Իհարկե, տարբեր մարզաձևերով զբաղվելու, եղանակային բարձր ջերմաստիճանի պայմաններում գտնվելու պարագայում  ջրի քանակությունը կարելի է  ավելացնել:

Երբ ջուր խմել

Ամենահաճախ թույլ տրվող սխաներից մեկը սպասելն է, թե երբ օրգանիզմն ազդանշան կտա ջրի կարիք ունենալու մասին: Անհրաժեշտ է  ջուր խմել ողջ օրվա ընթացքում՝ փոքր քանակությամբ: 

Խորհուրդ չի տրվում ուտելու ընթացքում ջուր խմել, քանի որ այն դանդաղեցնում է մարսողության գործընթացը:  Խիստ անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել գազավորված ջուր, որը հագեցնում է ծարավը և նպաստում մարսողության կարգավորմանը: 

Եվս մի քանի խորհուրդ
 
Օգտակար է 1-2 բաժակ ջուր խմել վաղ առավոտյան: 
Անհրաժեշտ է օգտագործել սենյակային ջերմաստիճանի ջուր: Սառը ջուրը կարող է օրգանիզմում սպազմ և նույնիսկ շոկ առաջացնել: Չինացի գիտնականները պնդում են, որ սառեցրած ջուրը կտրուկ դանդաղեցնում է նյութափոխանակությունը և հանգեցնում ավելորդ քաշի կուտակման: 
Անհրաժեշտ է խմել փոքր ումպերով, որպեսզի երիկամներն առանց ծանրաբեռնվածության  կարողանան իրականացնել իրենց գործառույթը: 
Թեյը, սուրճը, հյութերը չեն համարվում մաքուր ջրի փոխարինողներ:

Ի՞նչ ջուր խմել

Հանքային ջուր գործածելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը՝ մասնավորապես հանքային նյութերի քանակին: Եթե դրանց քանակությունը չի գերազանցում 500մգ-ը մեկ լիտրի մեջ, ապա ջուրը կարելի է օգտագործել ամեն օր՝ անգամ երիկամային հիվանդությունների դեպքում: Ջրի բաղադրության մեջ հանքային նյութերի ավելի մեծ քանակության դեպքում(1000-1500մգ/լ) խորհուրդ է տրվում օգտագործել միայն բժշկի ցուցումով: