Ի՞նչ են խորհուրդ տալիս համաշխարհային աստղերը՝ քաշը նվազեցնելու համար
Իդեալական մարմինը հայտնի մարդկանց համար հաջողության գրավականն է: Շատ դերասանների, երգիչների, հեռուստահաղորդավարների փառքի հասնելու առաջնային գրավականը իրենց արտաքին տեսքն է:

Շոու-բիզնեսում քիչ չեն հայտնիները, որոնք իրենց կյանքի և ստեղծագործական կարիերայի ընթացքում բախվել են ավելորդ քաշի խնդրին: Ոմանց այդ «սարսափելի կիլոգրամները» առավելություն և հանրահռչակում են տվել, իսկ ոմանց ճակատագիրն էլ ձախողել են: Սակայն աստղերի մեծամասնությունը վաղ թե ուշ պայքարի է դուրս գալիս այդ ոչ հաճելի երևույթի հետ: Շատերին հաջողվում է ցանկալի արդյունք գրանցել: Ինչպես փաստում են հայտնիները, իրենց արտաքին տեսքը ցուցաբերած կամքի ուժի, համբերատարության և քրտնաջան աշխատանքի արդյունքն է: 

Այսօր մենք առաջարկում ենք Ձեզ քաշը նվազեցնելու տարբերակներ, որոնք խորհուրդ են տալիս հանրահայտ աստղերը: Բոլոր խորհուրդները նրանց սեփական փորձից են:

Ադել



Հարցազրույցներից մեկում Ադելը պատմում է, որ նա քաշը նվազեցնելու համար սննդակարգում կրճատել է շաքարի օգտագործումը, շաբաթական խմում է միայն մի ալկոհոլային կոկտեյլ և մարզվում է. «Ես պետք է լավ արտաքին տեսք ունենամ ինձ համար, ինձ լավ զգալու համար, այլ ոչ թե որ ունենամ զրոյական չափսեր կամ դրա նման մի բան…»: 

2016 թվականին պարզվեց, որ Ադելը հետևում էր «Sirtfood» սննդակարգին, որը կազմել էր իր ֆիտնեսի մարզիչ Փիթ Գերասիմոն: Այդ սննդակարգը թույլ է տալիս մարդկանց օգտագործել կաղամբ, քրքում, կանաչ թեյ և հնդկաձավար: Մթերքներ, որոնք պարունակում են հակաօքսիդիչներ, վիտամիններ, դիետիկ մանրաթելեր և հանքանյութեր: Դրանք նպաստում են նյութափոխանակության բարելավմանը, տոքսինների վերացմանը, աղիների մաքրմանը, իմունային համակարգի ամրապնդմանը և ճարպային զանգվածի նվազմանը: 

Օգտվելով այդ սննդակարգից՝ որոշ մարդիկ կորցրել են 7 կգ 7 օրում: Ադելի սննդաբան Ջենիֆեր Իրվինն փաստել է. «Նա սննվում է ըստ սննդակարգի՝ մեծ քանակությամբ մրգերով ու բանջարեղեններով, անյուղ սպիտակոցներով»: Իսկ ինչ վերաբերում է մարզումներին՝ Ադելն ամեն բան անում է, որպեսզի պահպանի ֆիզիկական ակտիվությունը: 

Սելենա Գոմես



Հանրահայտ երգչուհի Սելենա Գոմեսը մշտապես աչքի է ընկնում արտաքին գրավիչ տեսքով: Սննդակարգի հետ կապված նրա ընդհանուր խորհուրդները հետևյալն են. ըստ նրա՝ կարևորն այն է, որ մթերքները թարմ լինեն: Սելենան խորհուրդ է տալիս փնտրել, գտնել և ուսումնասիրել մի քանի համեղ բաղադրատոմսեր՝ թարմ և օգտակար մթերքներով: Այդպիսով հնարավոր կլինի հաճելին համատեղել օգտակարի հետ, գտնել այն բաղադրատոմսը, որը ձեզ դուր կգա: Մի՛ կենտրոնացեք այն մթերքների վրա, որոնք չի կարելի ուտել: Հարստացրեք Ձեր սննդակարգը բազմապիսի օգտակար աղցաններով և ճաշատեսակներով: Կենտրոնացեք միայն այն լավ բաների վրա, որ դուք ցանկանում և կարող եք ուտել:

Սելենան հատկապես կարևորում է նաև բավարար հանգիստ քունը և շատ ջուր խմելը:

Քլոե Քարդաշյանը



Քլոե Քարդաշյանը պատմում է իր անթերի մարմնի գաղտնիքներից մեկը: Նա հրաժարվել է կաթնամթերքներից: «Ես շատ եմ պանիր և կաթ սիրում, սակայն դրանց բացառումը իմ սննդակարգից շատ մեծ նշանակություն ունեցավ»,- ասել է Քլոեն,- «Մեկ ու կես ամսում ես կորցրեցի 11 կգ միայն նրա շնորհիվ, որ չէի օգտագործում կաթնամթերք: Ես ուրիշ ոչ մի բան չէի անում»: 

Սակայն լա՞վ միտք է սննդակարգից ամբողջությամբ հանել ուտելիքի մի խմբատեսակ: Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, NY Nutrition Group գլխավոր տնօրեն Լիզա Մոսկովիցը համոզված չէ. «Կա պատճառ, ըստ որի՝ կաթնամթերքները դասվում են սնվելու մթերքների հիմնական խմբին: Դրանք պարունակում են կենսական կարևոր, սննդարար բաղադրիչներ, այդ թվում՝ սպիտակուցներ և կալցիում` ոսկրային ամրությունն ապահովելու համար: Հանդիսանում են  նաև վիտամին D-ի աղբյուր»: Լիզան ավելացնում է, որ հնարավոր է ստանալ այդ վիտամինները ոչ կաթնային մթերքներով, ինչպիսիք են, օրինակ՝ ձուկը, ձուն, բանջարեղենները և սննդի հավելումները, սակայն երկար ժամանակ բացառել ցանկացած մթերքների խումբ սննդակարգից՝ քաշը նվազեցնելու նպատակով, դժվար է և խորհուրդ չի տրվում: 

Պոլինա Գագարինա



Պոլինա Գագարինայի մոտ ավելորդ քաշի խնդիր առաջացավ հղիության ժամանակ: Հորմոնալ ֆոնի փոփոխությունները բերեցին ախորժակի մեծացման: Պոլինան խոստովանում է, որ որքան էլ նա ուտում էր, չէր հագենում, ինչի հետևանքով երգչուհին գիրացավ 30 կիլոգրամով: Իսկ ծննդաբերությունից հետո նա միանգամից անցավ խիստ սննդակարգի: Ամեն օր նա օգտագործում էր միայն մի տեսակի մթերք: Օրինակ՝ մի օր ուտում էր միայն բրինձ, հաջորդ օրը՝ հավ, երրորդ օրը՝ բանջարեղեններ: Մարզվում էր: Կես տարում նա կորցրեց 30կգ, սակայն կանգ չառավ և նիհարեց ևս 10կգ: Երգչուհին արդեն մի քանի տարի է, ինչ շնորհիվ ճիշտ բալանսավորված սննդակարգի պահում է իր ցանկալի քաշը: 

Սկսե՛ք առողջ սնվել և մարզվե՛ք: