ԳԻՏԵՔ, ՈՐ… ԹԵՅ
Դժվար է գտնել աշխարհում մի անկյուն, որտեղ թեյ չսիրեն։ Այս ըմպելիքը ջրից հետո ամենատարածվածն է։

Թեյի հայրենիքը համարում են Չինաստանի հարավարևմտյան, ինչպես նաև Բիրմային և Հյուսիսային Վիետնամին հարող տարածքները։

Թեյի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են խոր անցյալում։ Թեյի վայրի թփի մասին լեգենդներ են հյուսվել Չինաստանում, Հնդկաստանում և Ճապոնիայում։ Ավանդապատումներից մեկի համաձայն՝ թեյը ստեղծվել է երկրի և երկնքի արարման ժամանակ։ Նրա առաջացումը կապում են Արևի տիրակալ

Յան-Դիի հետ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Հարավային Չինաստանի կայսր Չեն Նունգը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) մի անգամ խմում է տաք ջուր, որի մեջ պատահմամբ ընկել էին ինչ¬որ բույսի տերևներ։ Ստացվել էր չափազանց համեղ և բուրավետ ըմպելիք, և կայսրը հրամայում է աճեցնել-բազմացնել այդ բույսը։ Նրա հրամանով այդ ըմպելիքը նույնպես տարածվում է ամբողջ երկրում։

Պատմական տվյալները հաստատում են, որ թեյը հայտնագործվել է Չինաստանում

եռակառավարման շրջանում (220-280-ական թվականներ)։ Որպես մշակաբույս այն տարածվել է 350 թվականից։ Հնդիկները պնդում են, որ թեյի թուփը շատ պատահական հայտնաբերել է Բադհիդհարմա արքայազնը, որը ճամփորդում էր Հարավային Չինաստանում։ Ըստ ճապոնական լեգենդի՝ թեյի թուփն աճել է այն տեղում, որտեղ ընկել են Դարումա արքայազնի կոպերը. նա դրանք կտրել էր, որպեսզի խոկման ժամանակ չքներ։ Այդ թփի տերևները քաղել են Դարումայի հետևորդները և պատրաստել են առույգացնող, համեղ ըմպելիք։

Երկար ժամանակ համարվում էր, որ այդ թուփը այդ բուսատեսակի միակ ներկայացուցիչն է։ 1763 թվականին շվեդ ծովագնաց, հայտնի բնախույզ Կարլ Լիննեյը Չինաստանից իր հետ բերեց թեյի թուփ։ Համոզված լինելով, որ բույսը բացառիկ է, գիտնականը այն կոչեց thea sineusis՝ չինական թեյ։ Միայն 19-րդ դարում հնդկական Ասամ գավառում, Բիրմայում և Լաոսում հայտնաբերեցին ծառի նմանվող թեյի թփեր։ Ինչքան ավելի հյուսիս էին շարժվում, թփերն այնքան փոքրանում էին, իսկ դեպի հասարակած դրանք մեծ ծառեր էին։ Բուսաբանները ստիպված էին ընդունել, որ թեյն ունի նաև այլ տեսակներ։ Չինական թփավոր վայրի թեյի առավելությունը մյուս տեսակների համեմատությամբ ապացուցվեց կենսաքիմիական ուսումնասիրությունների միջոցով։

Շատ կարճ ժամանակում թեյի արժանիքների մասին սկսեցին խոսել ամենուր։  Չինացի փիլիսոփաներն ասում էին, որ թեյը գինուց առավել է, քանի որ առույգացնում է՝

առանց հարբեցնելու, առավել է, քան ջուրը, քանի որ համաճարակ չի տարածում։ Ի սկզբանե իշխանավորները և հոգևոր դասի ներկայացուցիչները թեյն օգտագործում էին որպես բուժիչ ըմպելիք, հոգնածությունը թոթափող, էներգիա և ուժ հաղորդող միջոց։ Այն մտնում էր հոդացավերի դեմ օգտագործվող քսուքների բաղադրության մեջ։ Թեյը որպես ըմպելիք իր հայրենիքում սկսել են գործածել 5-րդ դարում։ Այն շատ բարձր էր գնահատվում. կայսրերը նվիրում էին իրենց ենթականերին որպես խրախուսման, պարգևատրման միջոց։ 6-րդ դարում այն դարձավ բարձրաշխարհիկ հասարակության սիրելի ըմպելիքը։ 10-րդ դարի սկզբին թեյը վերածվեց Չինաստանի ազգային ըմպելիքի, միաժամանակ ընդլայնվում էր թեյի առևտուրը, որը շատ եկամտաբեր էր։

Թեյը Եվրոպա է մուտք գործել 16-18-րդ դարերում պորտուգալացի և

հոլանդացի ճանապարհորդների շնորհիվ։ Արմատավորվելով Նիդեռլանդներում՝ այդ ըմպելիքի օգտագործումը վերածվեց իսկական հետճաշյա ծեսի, և կարճ ժամանակում այդ սովորույթը շատ արագ հատեց Ատլանտյան օվկիանոսն ու հասավ մինչև Նոր Ամստերդամ։

1664թ. անգլիական «Արևմտյան Հնդկաստան» ընկերության վաճառականներն իրենց թագավորին նվեր բերեցին 2 ֆունտ թեյ։ Ընծան ընդունվեց, ըմպելիքը գնահատվեց ըստ արժանվույն, որով և ծնունդ առավ թեյի հաղթարշավը Անգլիայում. այն սկզբում դիտվում էր որպես շքեղության խորհրդանիշ, որը հասանելի էր միայն հարուստ և բարձրաշխարհիկ մարդկանց, և միայն բավական ժամանակ անց՝ 18-րդ դարի վերջին, երբ նվազեցրին թեյի հարկը, այն հասանելի դարձավ լայն զանգվածներին: Թեյ սկսեցին մատուցել սրճարաններում։ Առաջին այդպիսի սրճարանը պատկանում էր Թոմաս Թվինինգին, որն, ի դեպ, մասնագիտությամբ ջուլհակ էր։

Սրճարաններում մանրադրամի բացակայության դեպքում տալիս էին թեյի կտրոններ,

որոնք խանութներում ընդունվում էին որպես նորմալ վճարման միջոց։

1793թ. լորդ Մաքարթնին Չինաստանում ձեռք բերեց թեյի սերմ և հանձնեց

Կալկաթայի բուսաբանական այգի, որպեսզի ուսումնասիրեն այդ բույսի մշակման և աճեցման եղանակները։ Հնդկաստանը, որ այդ ժամանակ Բրիտանական կայսրության գաղութն էր, ակտիվորեն սկսեց զարգացնել թեյի արտադրությունը։ 1860 թվականին արտադրվեց և իրացվեց ավելի քան 2 հազար տոննա թեյ։ Առաջ եկավ արտահանման, տեղափոխման հարցը։ Անծայրածիր ծովային տարածքներով լողում էին թանկարժեք բեռով կլիպերները՝ արագընթաց առագաստանավերը։ Այդ ժամանակ ծնունդ առավ այսպես կոչված թեյի մրցավազքը, որում հաղթողը մեծ մրցանակ էր ստանում։ Պատմությունը հիշում է այն դեպքը, երբ երեք առագաստանավեր՝ «Արիելը», «Թայփինգը» և «Սերիկան», միաժամանակ հաղթահարելով 25744կմ երկարությամբ ճանապարհը, միասին մուտք են գործում նավահանգիստ:

Հետզհետե թեյի մշակումը տարածում գտավ այլ երկրներում ևս։ Ճավայում, Սումատրայում, Վիետնամում թեյ մշակել սկսեցին 19-րդ դարի առաջին կեսին, նույն դարի երկրորդ կեսին թեյի մշակումով սկսեցին զբաղվել Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, 20-րդ դարի սկզբին՝ Հյուսիսային Իտալիայում և Հարավային Շվեյցարիայում։ Ներկայում թեյի մշակումով զբաղվում են նաև Ավստրալիայում։

Հնուց ի վեր մարդիկ զգացել են թեյի բարերար ներգործությունը օրգանիզմի վրա: Հին չինացիները թեյը կոչում էին «կյանքի կրակ»: «Դեղերի գանձարան» գրքում մեջբերված է 18-րդ դարի տաջիկ բժշկի խոսքն այն մասին, որ թեյն ավելացնում է օրգանիզմի ուժերը, ամրապնդում է ոգին, էներգիա է հաղորդում, բարձրացնում և լավացնում է տրամադրությունը: Այն լավ է ներգործում նաև ստամոքսի վրա, ավելացնում է զուսպ ու սառը մարդկանց սեռական ակտիվությունը:

18-րդ դարի սկզբին ճապոնական կայսերական տան բժիշկը նկատել էր, որ «թեյախմությունը նպաստում է արյան մաքրվելուն, մաքրում է աչքերի լորձաթաղանթը, կարգավորում է լյարդի և լեղապարկի աշխատանքը, առույգացնում է, վանում է քնկոտությունն ու տրտմությունը, բարելավում է մարմնի մկանների աշխատանքը...»:

Ռուս մեծ գրող Լև Տոլստոյը թեյի մասին ասել է. «Ես պետք է շատ թեյ խմեի, այլապես չէի կարողանա աշխատել: Թեյն ազատություն է տալիս այն հնարավորություններին, որոնք քնած են իմ հոգու խորքում»:

Թեյն ունի ծարավը հագեցնելու հրաշալի հատկություն: Թեյ խմելով՝ կարելի է դիմանալ նույնիսկ առանց ուտելու: Դա է պատճառը, որ այն դառնում է ճանապարհորդների, երկրաբանների, ծովագնացների անբաժանելի ուղեկիցը: Մի շարք երկրների բանակներում թեյը համարվում է սննդակարգի պարտադիր բաղադրիչ:

Ցանկացած թեյատեսակում կա ավելի քան 130 նյութ: Մուգ, կարմրադարչնագույն թեյերն իրենց գույնը ստանում են դաբաղող նյութի՝ թանինի շնորհիվ: Չոր թեյը պարունակում է 16% թանին: Թեյին աննկարագրելի բույր և համային հատկանիշներ հաղորդողը եթերայուղերն են, որոնք կազմում են թեյի տերևի 0,007%-ը:

Ճապոնիայում թեյախմությունը հատուկ արարողություն է։ Ամեն շրջան և նույնիսկ ընտանիք ունի թեյի պատրաստման իր սովորույթներն ու ավանդույթները: Օգտագործում են հատուկ սպասք, ստեղծում յուրօրինակ միջավայրը։ Թեյախմությունը, որ հաճախ ծիսակատարություն է հիշեցնում, ունի խոր խոհափիլիսոփայական բնույթ:

Եթե Արևելքում թեյի պաշտամունք ունեն ճապոնացիները, ապա Արևմուտքում՝ անգլիացիները: Նրանց համար ընտանեկան հարկի տակ թեյախմությունը ավելին է, քան պարզապես սովորույթը: Դա շփման և հաղորդակցվելու յուրատեսակ ձև է: Թեյ խմում են առաջին նախաճաշին՝ ժամը 7.00-9.00-ը ընկած հատվածում, ճաշին՝ ժամը 13.00-ին և պարտադիր ժամը 17.00-18.00-ն ընկած հատվածում (ՙfive-o-clock-tea՚): Շատ տներում երեկոյան թեյը՝ ՙմեծ թեյը՚, կարող է փոխարինել ճաշին: Այդ ժամանակ թեյի հետ մատուցվում են նաև նրբախորտիկներ: Ի դեպ, «մեծ թեյը» նաև շոտլանդական ընտանիքների ավանդույթն է:

Հայաստանում ևս վաղուց ի վեր թեյը դարձել է սիրված ըմպելիք։ Տարածված են նաև  ուրցից, դաղձից, նանայից, բուժիչ այլ խոտերից ու մասուրից պատրաստված թեյերը։

 

Ներկայացրեց՝ Նարինե Գալստյանը

Լուսանկարը՝ Համացանցից