ԴԵՂՁ
Ըստ գոյություն ունեցող որոշ վարկածների՝ դեղձենու հայրենիքը Հյուսիսային Չինաստանն է։ Չինական մի ավանդազրույցի համաձայն՝ դեղձենին աճել է դրախտային այգիներում և պտղաբերել է շատ հազվադեպ։

Պտուղները նախատեսված են եղել միայն անմահ աստվածների համար։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ Երկնքի աստված Էնլիլը բերել է դեղձենին ոսկյա նավով և նվիրել Իմաստնության քաղաքի բնակիչներին։ Ըստ հնագետ-բուսաբանների՝ դեղձենին մշակվել է Չինաստանում ավելի քան 3000 տարի առաջ։ Այնտեղ դեղձը համարվում էր առողջության և երկարակեցության խորհրդանիշ, թեպետ ծառն ապրում է ընդամենը 10-15 տարի։ Դեղձենին Հռոմում հայտնվել է Ք.ա. 1-ին հարյուրամյակում, բերվել է Պարսկաստանից և կոչվել է պարսկական սալոր (Prunys persika)։

Հայաստանում ևս դեղձենին հայտնի է հնագույ ժամանակներից։ Ինչպես ծիրանենին և նշենին, դեղձենին ևս պատկանում են վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։ Նշենին և դեղձենին ընդհանուր շատ հատկանիշներ ունեն։ Հայաստանում հնագույն ժամանակներից նշենին օգտագործվում է որպես պատվաստակալ դեղձի և ծիրանի համար։

Դեղձենու ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ զույգերով, նստադիր կամ կոթունով, բացից մուգ վարդագույն։ Դեղձենու ծաղիկները լինում են երկու տեսակի՝ զանգականման և վարդանման։ Պտուղները լինում են 4 հիմնական տեսակների՝ թավշապատ և հեշտությամբ ձեռքով կիսվող, թավշապատ չկիսվող, ոչ թավշապատ կիսվող, ոչ թավշապատ չկիսվող։ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Ամենաօգտակարը այն տեսակն է, որի կորիզը հեշտությամբ է անջատվում պտղամսից»։ Դեղձենու հայկական տեսակներն աչքի են ընկնում բարձր համային որակներով, խոշոր չափերով, օգտակար նյութերի բազմազանությամբ. շաքարների պարունակությունը տատանվում է 10-11% սահմաններում, պարունակում են 30-40մգ (100գ հումքի մեջ) P-ակտիվություն ունեցող պոլիֆենոլներ։ Դեղձի պտղամսում պարունակվող օգտակար նյութերի քանակային չափերը կախված են բնակլիմայական պայմաններից։ Հայաստանյան տեսակներում համեմատաբար ավելի շատ են C (9,4-20մգ) և E (0,75-1,5մգ) վիտամինները և բետտա կարոտինը։ Դեղձի պտղամիսը պարունակում է 0,9% սպիտակուցներ, 0,3% ճարպային թթուներ, 6-14% շաքարներ, 0,6-1,3% պեկտինային միացություններ, B1, B2 (մինչև 0,2մգ), B5, B6, նիացին վիտամիններ, ֆոլիաթթու (B9 մինչև 10 մկգ), եթերային յուղեր, խինինի և քլորագենի թթուներ, ներկող և բուրավետ նյութեր։ Դեղձը հարուստ է կալիումով, երկաթով, պարունակում է նաև կալցիում, մագնիում, ֆոսֆոր, մանգան, պղինձ, ցինկ, ֆտոր, սելեն։ Բարձր սննդային արժեքի շնորհիվ խորհուրդ է տրվում դեղձն ընդգրկել սննդակարգում մի շարք հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է միայն շաքարային դիաբետով հիվանդներին։ Դեղձն ունի միզամուղ, լեղամուղ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, մարսողությունը լավացնող, արյունաստեղծ, սրտի ռիթմերը կարգավորող հատկություններ։ Այս հրաշալի պտղամսով դիմակները պահպանում են մաշկի թարմությունը, առաձգականությունը։ Համարվում է, որ դեղձի հյութը կանխարգելում է ծերացումը։

Չափազանց օգտակար է դեղձի չիրը: Այն ուտելուց առաջ հարկավոր է թրջել, բայց 10 հատից ավելի չի կարելի ուտել։ Հայերս սովորական չրից բացի դեղձից պատրաստում ենք ալանի՝ չորացրած պտուղը լցոնելով մանրացրած ընկույզի և շաքարավազի խառնուրդով։

Դեղձի տարատեսակներից է նեկտարինը: Թյուր կարծիք կա, որ այն ստացվել է դեղձի և սալորենու խաչասերման եղանակով, մինչդեռ առաջանում է բույսի ինքնափոշոտման ընթացքում։ Այսինքն՝ նեկտարինը գոյացել է դեղձի բողբոջի բնական գենետիկ փոփոխության կամ այլ կերպ՝ մուտացիայի հետևանքով։ Նույն ծառի վրա միաժամանակ կարող են աճել թավշապատ և հարթ մակերես ունեցող ու ձեռքով հեշտությամբ բաժանվող պտուղները։ Բույսի անվանումը կապում են հունարեն «նեկտար»՝ «անմահական ըմպելիք» բառի հետ։ Նեկտարինի մասին առաջին հիշատակումն արվել է 1616թ. Անգլիայում։ 20-րդ դարի վերջին բուծվել են նեկտարինի տեսակներ, որոնց գեղեցիկ, տոնական տեսք ունեցող պտուղների քաշը հասնում է 200 գրամի։ Նեկտարինի մեջ հաճախ են հանդիպում քաղցր սերմ ունեցող պտուղներ, որոնք կենսաքիմիական բաղադրությամբ նման են քաղցր նշին։ Դառը սերմերը մեծ կիրառում ունեն դեղագործության բնագավառում։ Այսօր հայտնի է այս ծառի 6 տեսակ։ Նեկտարին արտահանող երկրներն են հիմնականում Իտալիան, Հունաստանը, Թունիսը։ Որպես կանոն, նեկտարինը պարունակում է ավելի քիչ շաքարներ, քան դեղձը, և ավելի հյութալի է։

 

Ներկայացրեց ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ