ԲԱՄԻԱ
Ժողովրդական ասացվածքն ասում է. «Ամառվա փուշը՝ ձմեռվա նուշը»։ Ասել է ամռանն ու աշնանը մի փոքր չարչարվելով՝ ձմռանը ձեզ կապահովենք համեղ և օգտակար ուտեստներով։

Եվ պատահական չէ, որ տնային տնտեսուհիներն այս շրջանում զբաղված են հիմնականում տարբեր պահածոներ պատրաստելով, կոմպոտ ու մուրաբա եփելով, թթու դնելով։

Պահածոյացվող, թթու դրվող կամ մարինացվող բանջարեղեններից է նաև բամիան։ Մեր խոհանոցում բավականին տարածված այս բույսը կակաոյի և բամբակի ազգականն է։ Բամիան (okra կամ bhindi) կանաչ սրածայր պատիճ է, որը լայն տարածում ունի տաք կլիմայական գոտիներում։ Այս բանջարեղենի հայրենիքը համարվում է Եթովպիան։ Լայն կիրառում ուներ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին սուրճի սակավությունը ստիպեց Ասիայի և Աֆրիկայի բնակիչներին բամիայի սերմերն օգտագործել սուրճի փոխարեն։ Սկսվեց, այսպես կոչված, բամիայի տենդ։ Այդ ժամանակներից ի վեր այդ երկրների շուկաներում բամիա կարելի է գնել տարվա ցանկացած եղանակի։ Այսօր այս հրաշալի պտուղը հայտնի է աշխարհի տարբեր անկյուններում։

Բամիայի պտուղները հարուստ են ածխաջրածիններով, սպիտակուցներով, հանքային աղերով, օրգանական թթուներով, վիտամին C-ով, B խմբի վիտամիններով, ինչպես նաև պեկտիններով, շաքարներով, օսլաներով, սննդարար և օգտակար այլ նյութերով։ Այս բանջարեղենը հարուստ է թաղանթանյութով, որը շատ կարևոր է մարսողության համար,

ինչպես նաև ֆոլաթթվով, որը մեծ դեր է խաղում օրգանիզմի վերականգնողական պրոցեսներն ակտիվացնելու գործում։ Շատերը համարում են, որ բամիա պարունակող ճաշատեսակների հաճախակի օգտագործումը նպաստում է աղիների նորմալ աշխատանքին,

բացառում այնպիսի տհաճ երևույթներ, ինչպիսիք են փորկապությունը, փքվածությունը, տոքսինների կուտակումը, նպաստում է խարամի հեռացմանը։ Գիտնականները հաստատել են նաև, որ այս բանջարեղենը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը, կանխարգելում է

սրտանոթային համակարգի հիվանդությունները։

Հնուց ի վեր բամիան հայտնի է որպես մրսածության, բկաբորբի, բրոնխիտների, հարբուխի և գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոց։ Բամիայից պատրաստված ճաշատեսակները նպաստում են վերին շնչուղիների տարբեր հիվանդությունների, չոր և թաց հազի արագ վերացմանը։

Բամիան շատ քիչ կալորիա է պարունակում, ուստի նիհարելու համար կարելի է օգտագործել ցածր կալորիական դիետաների մեջ, իսկ առողջությունն ամրապնդող ներգործությունը հաշվի առնելով՝ կարելի է օգտագործել քրոնիկ հոգնածությունը, ընկճախտը վանելու, օրգանիզմի ընդհանուր տոնուսը բարձրացնելու նպատակով։ Այն ամրացնում է անոթային համակարգը, լավացնում է հոդերի շարժունակությունը։ Հաճախակի օգտագործումը կանխարգելում է աթերոսկլերոզի առաջացումը։

Մասնագետները կարծում են, որ բամիան կարելի է կիրառել շաքարային դիաբետի, թոքաբորբի, արտրիտների, ասթմայի ժամանակ բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Բամիան խորհուրդ է տրվում նաև հղիներին. մեծ քանակությամբ ֆոլիաթթվի առկայությունը լավ է ներգործում պտղի նյարդային համակարգի ձևավորման վրա հղիության 4-12-րդ շաբաթներում։

Վաղ ժամանակներից բամիան օգտագործել են գեղամիջոցների (դիմակներ, քսուքներ) մեջ։ Բամիայի թուրմը կանխարգելում է մաշկի վրա կորյակների և անհարթությունների առաջացումը։ Մազերն ամրացնելու և առանձնահատուկ փայլ տալու համար պետք է բամիայի պտուղները կտրատել երկարությամբ, եփել այնքան, որ ստացվի լպրծուն զանգված, եփուկը սառեցնել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և կիրառել որպես մազերի բալզամ։

Բամիան խորհուրդ չի տրվում եփել պղնձե կամ չուգունե տարայի մեջ, քանի որ տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի հետևանքով պատիճները մգանում են, դառնում մուգ շագանակագույն։

 

Ներկայացրեց ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը ՀԱՄԱՑԱՆՑԻՑ