ՄԱՍՐԵՆԻ
Մասրենին (լատ.՝ Rosa) վարդազգիների ընտանիքի վայրի բույս է։ Հայտնի են մասրենու մոտ 350-400 տեսակներ, ՀՀ-ում հանդիպում է շուրջ 30 տեսակ։

Աճում է լեռնալանջերին, անտառների եզրերին, թփուտներում, բաց տարածքներում։ Դրանք կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով 1-մետրանոց (երբեմն՝ ավելի բարձր) թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով։ Ծաղիկները մեկական են կամ հովանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն, սև։ Ունի անուշ, քաղցր բույր։ Պտուղը պարունակում է P, B1, B2, K, E վիտամիններ, պրովիտամին A, մեծ քանակությամբ C վիտամին, նաև շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր, եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։

Մասուրի օգտակար հատկությունների մասին գիտեին դեռ Հին Հունաստանում: Մ.թ.ա. 4-րդ դարում Թեոփրաստեսը իր «Բնական պատմություն» աշխատության մեջ այնքան հստակ է նկարագրել մասրենին ու մասուրը, որ այդ նկարագրությունը դարերով մի գրքից մյուսն է փոխանցվել առանց ուղղումների:

Մասուրի օգտակար հատկությունները պահպանելու համար այն հավաքում են մինչև ցրտահարվելը, երբ նրա գույնը դառնում է կարմրանարնջագույն, և քանի դեռ պտուղները պինդ են: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրատը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Ըստ Ամիրդովլաթի՝ այն գինին, որի մեջ մասուրի պտուղներ են եփել, փորկապություն և միզակապություն է առաջացնում, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։

Չինական բժշկության մեջ օգտագործում են մասրենու արմատները աղեստամոքսային տրակտի խնդիրների բուժման համար: Տիբեթում մասուրն օգտագործում են տուբերկուլյոզը բուժելու համար:

Մասուրն օգտագործում են թարմ և վերամշակված վիճակում։

Մասրենու ծաղկի տերևներից եփում են մուրաբա։ Եթե դրանց վրա մի քիչ ջուր լցնեք և թողնեք որոշ ժամանակ, կստացվի հաճելի հոտով հայտնի կոսմետիկ միջոց՝ վարդաջուր, որով կարելի է լվացվել, սպիրտի հետ խառնելով՝ ստանալ լոսյոն։

Մասուրի յուղն ունի բուժիչ հատկություններ, քանի որ պարունակում է C վիտամին, B, E, P խմբերի վիտամիններ, կարոտին (վիտամին A):

Շվեդիայի Լունդի համալսարանի մասնագետներն ասում են, որ ամեն օր մասուր օգտագործելու դեպքում կարելի է մոռանալ սրտային հիվանդությունների մասին. չէ՞ որ մասուրը վիտամին C-ի շտեմարան է, որը համարվում է «վիտամինների վիտամին»։ Հասած մասուրի մեջ C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սև հաղարջի, և 50 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի մեջ: Մասուրի թեյը խորհուրդ է տրվում խմել մրսածության ժամանակ։ Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Մասուրի պտուղներից կարելի է պատրաստել թուրմ և օշարակներ, որոնք վանում են ֆիզիկական և մտավոր գերհոգնածությունը: Մասուրի տերևներից պատրաստած եփուկը խթանում է ստամոքսի աշխատանքը, արմատից եփուկը օգտակար է երիկամների հիվանդության դեպքում, սերմերից պատրաստած յուղն ունի հակաբորբոքային, միզամուղ և լեղամուղ հատկություններ, օգնում է վերքերի, քերծվածքների, մաշկի վնասվածքների ժամանակ:

Առավոտները սոված վիճակում խմեք 1 սուրճի բաժակ մասուրի հյութ և  հրաժեշտ կտաք բազմաթիվ հիվանդությունների։ Հատկապես ձմռանը, երբ մարդիկ վիտամինների պակաս են զգում, շուտ են հոգնում, հաճախ են հիվանդանում, մասուրն ուղղակի անփոխարինելի է:

Ուշադրությո՛ւն: Մասուրը հակացուցված է թրոմբոզների, թրոմբոֆլեբիտի, էնդոկարդիայի և արյան վատ շրջանառության դեպքում:

Անեմիայի՝ սակավարյունության, հյուծվածության, նախավիրահատական և հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ուտել թարմ մասուր, նաև խմել 1/4-1/2 բաժակ մասուրի թուրմ օրը 2-3 անգամ:

Սրտխառնոցի, փսխման ժամանակ օգտակար է ծամել մայիսյան մասուրի ծաղիկների թերթիկները: Ստամոքսի ցավի դեպքում դրանցից կարելի է նաև թեյ սարքել, թողնել 15-20 րոպե թրմվի, ապա օրը 3-4 անգամ խմել կեսական բաժակ:

Լյարդի բորբոքման և քրոնիկ հեպատիտի դեպքում օգտակար են դարչնագույն մասուրի պտուղները: 20գ չորացրած, մանրացված մասուրի վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 12 ժամ թողնել թերմոսի մեջ, ապա քամել և օրը 3 անգամ խմել կեսական բաժակ:

Խոլեցիստիտի դեպքում դարչնագույն մասուրի ծաղիկներից թեյ սարքել, թողնել 15-20 րոպե, խմել օրը 4 անգամ կեսական բաժակ:

Հոդային ռևմատիզմի բուժման համար 1,5 բաժակ մասուրի արմատները թրմել 1,5 լիտր օղու մեջ: Առաջին 3 օրերը խմել 1 թեյի գդալ օրը 3 անգամ, հետագա օրերին՝ 2-ական գդալ: Այս թուրմը խորհուրդ է տրվում նաև հոդերում աղերի կուտակման դեպքում:

 

Ներկայացրեց ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ