ԿՈԿՌՈՇ ԿԱՄ ՓՇԱՀԱՂԱՐՋ
Այս հատապտուղը չափազանց օգտակար է, սակայն Հայաստանում ասես գտնվում է ազնվամորու, մոշի ու հաղարջի ստվերում։

Միջնադարում մեծ տարածում է ունեցել Արևմտյան Եվրոպայում. աճեցրել են վանքապատկան այգիներում։ Շատ հարգի է եղել կոկռոշենու գինին։ 15-րդ դարում՝ Իվան 3-րդ ցարի ժամանակ, այն մուտք է գործում Ռուսաստան։ Առավել մեծ տարածում է գտնում 19-րդ դարում, երբ որպես մշակաբույս ներմուծվում և աճեցվում է Անգլիայում։ Դրան մեծապես նպաստում է Անգլիայի արքա Հենրի 8-րդի հրամանագիրը՝ «Ամենուր աճեցնել այդ օգտակար բույսը»։

Բնության մեջ տարածված է Կարպատներում, Կովկասում, Ատլասյան լեռներում, Հարավային Եվրոպայում։ Հայաստանում այն հանդիպում է Լոռիում, Սևանի ավազանում, Ապարանում, Ջերմուկում, Արարատյան դաշտի նախալեռնային և լեռնային գոտիներում, անտառներում՝ համեմատաբար խոնավ վայրերում։ Հայտնի են կոկռոշենու ավելի քան 500 մշակովի տեսակներ։

Կոկռոշենին (Crossularia) կամ փշոտ հաղարջենին պատկանում է կոկռոշազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղին։ Թփի բարձրությունը կարող է հասնել մինչև 1 մետրի։ Ընձյուղները պատված են բաց կարմրավուն փշերով, տերևները մանր են, ատամնաեզր։ Ծաղիկները հաճախ երկսեռ են։  Սպիտակ, դեղին, կարմիր կամ սև հատապտուղները լինում են մանր մազմզուկներով ծածկված կամ լրիվ մերկ։ Չհասունացած հատապտուղներից պատրաստում են կոմպոտներ, հասունացածը ուտում են թարմ վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմ, ժելե, մարմելադ, կիսել, մարինադ, սոուսներ և, ինչպես վերը ասացինք, գինի։

Այս հատապտուղը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, հատկապես կանաչավուն պտուղը։ Այն հարուստ է միկրո- և մակրոէլեմենտներով։ Կոկշոռը վիտամինների և հանքային նյութերի հարուստ աղբյուր է։ Ռուս հայտնի գիտնական-կենսաբան  Ի.Միչուրինը փշոտ հաղարջենին անվանել է «հյուսիսային խաղող»: Պտուղները պարունակում են 60մգ C, B խմբի վիտամիններ, A նախավիտամին, մինչև 15% շաքար, կալիում, յոդ, նատրիում, ցինկ, կոբալտ, մարգանեց, երկաթ, կալցիում, պղինձ և շատ քանակությամբ ֆոսֆոր և ֆոլաթթու, օրգանական թթուներ՝ խնձորային և կիտրոնային, P վիտամին և այլն: Մեկ առանձնահատկություն. պտուղների հասունացման շրջանում վիտամին C-ի պարունակությունը կոկռոշի մեջ նվազում է։

Կոկռոշենու պտուղներն օգտագործվում են ավիտամինոզի դեպքում, արյունատար անոթների ամրացման համար: Հատապտուղը կանոնավորում է զարկերակային ճնշումը. հիպերտոնիկների մոտ թեթևակի իջեցնում է զարկերակային ճնշումը, իսկ հիպոտոնիկների մոտ, ընդհակառակը, բարձրացնում է։

Փշոտ հաղարջենու պտուղներն ունեն ցավազրկող, միզամուղ, լուծողական հատկություններ, նաև հակաուռուցքային ազդեցություն։ Որպես միզամուղ և լուծողական միջոց օգտագործում են փշոտ հաղարջենու եփուկը. մի բուռ պտուղների վրա լցնել 200մլ եռջուր և 10 րոպե եռացնել գոլորշու վրա (ջրային բաղնիք)։ Թրմել 15 րոպե։ Քամել թանզիֆով և խմել օրը 4 անգամ՝ քառորդ բաժակ։ Հակացուցված է ստամոքսի խոց, դիարեա հիվանդությունների դեպքում։ Բուժման ժամկետը 2 շաբաթ է։

Նրանք, ովքեր տառապում են սակավարյունությամբ (հատկապես երեխաներն ու տարեցները), ունեն պղնձի և ֆոսֆորի պակաս, անպայման պետք է ուտեն փշոտ հաղարջ։ Պտուղներում պարունակվող ֆոլաթթուն նպաստում է արյունաստեղծմանը։ Արյունաստեղծ հատկությամբ կոկռոշենին զիջում է միայն չամիչին, ծիրանի ու սև սալորի չրերին և մոտ է սև հաղարջին. 100մլ հյութը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ երկաթի 1 օրվա պահանջարկի մոտ 13 տոկոսը։

Ժողովրդական բժշկության մեջ փշոտ հաղարջը օգտագործվել է մրսածության, կոկորդի բորբոքումների դեպքում։ Փշոտ հաղարջի թարմ հյութը խառնել են փոքր քանակությամբ մեղրի հետ և օգտագործել որպես հակաբորբոքային միջոց։ Պտուղը և տերևներն օգտագործվել են որպես հակատուբերկուլյոզային միջոց:

Թարմ կոկռոշի մեծ քանակությամբ օգտագործումն օգնում է ազատվել միզապարկի և երիկամների բորբոքումներից և քարերից: Ճարպակալման և նյութափոխանակության խանգարումների ժամանակ դարձյալ խորհուրդ է տրվում 3-4 շաբաթվա ընթացքում մեծ քանակությամբ փշոտ հաղարջի թարմ պտուղ ուտել։

Հասունացած հատապտուղները պարունակում են 10-15 տոկոս շաքարներ՝ ֆրուկտոզա, գլյուկոզա և սախարոզա, կիտրոնաթթու, խնձորաթթու, մոտ 1 տոկոս պեկտինային միացություններ։ Վերջերս հրապարակվել են տվյալներ, որ հասունացած պտուղներում պարունակվում են մինչև 1,8-3,8% հակաուռուցքային, հակաընկճախտային հատկություն ունեցող նյութեր։

Տնային տնտեսուհիները սիրում են հատապտուղներ պահածոյացնել։ Ընդունված տարբերակներից մեկը թարմ հատապտուղը՝ ազնվամորին, մոշը,

շաքարի հետ խառնելով տրորել-պահելն է։ Կոկռոշը ևս կարելի է այդպես պահել. 2կգ պտուղին ավելացնել 1,2կգ շաքար, տրորել, լցնել ապակյա տարաների մեջ,  պահել սառնարանում։ Պետք է ուտել օրը 3 անգամ 1-ական ճաշի գդալ։

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ