ԸՆԴԵՂԵՆ
Կանաչ և հատիկավոր լոբի։
Լոբին շատ հարուստ է բուսական ծագման սպիտակուցով, որն իր կազմությամբ շատ մոտ է մսի մեջ առկա սպիտակուցին։

Լոբու ոչ միայն հատիկները, այլև պատիճը (խոսքը կանաչ լոբու մասին է) հարուստ են սպիտակուցով և բնական շաքարով, նաև այնպիսի ամինաթթուներով (տիրոզին, լիզին, մեթիոնին), որոնք սպիտակուցը դարձնում են դյուրամարս: Լոբին հարուստ է նաև հանքային նյութերով, B վիտամինով, որը բնական հակաօքսիդանտ է՝ օգտակար մաշկին, մազերին, եղունգներին։ Հարուստ է նաև A,C,E,PP վիտամիններով, կարոտինով: Լոբու մեջ առկա ֆոսֆորը, երկաթը, կալիումը, կալցիումը, նատրիումը, մագնեզիումը և յոդը այն դարձնում են շատ արժեքավոր ռևմատիզմ, բրոնխների ու աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց համար: Շաքարախտով հիվանդների համար կանաչ լոբին հրաշալի սնունդ է, կարող են պահել սառցախցիկում և օգտագործել ամբողջ տարին։

Հում լոբու հատիկները կարող են սննդային թունավորում առաջացնել: Ուստի խորհուրդ է տրվում այն շատ եփել. եփելիս լոբու օգտակար հատկությունները համարյա թե չեն կորչում: Եփը արագ կլինի, եթե նախապես՝ եփելուց մի քանի ժամ առաջ թրջեք եռման ջրով:

 

Սիսեռ

Սիսեռից կարելի է պատրաստել ամենատարբեր կերակուրներ՝ աղցան, շիլա, ապուր և այլն: Այն ևս շատ հարուստ է A,N, ինչպես նաև B խմբի վիտամիններով, տարբեր միկրոտարրերով: Սիսեռի օգտակարության գաղտնիքը դրանում առկա ֆլավոնոիդներն են՝ բնական հակաօքսիդանտները, որոնք պայքարում են օրգանիզմում սկսվող օնկոլոգիական խնդիրների դեմ: Սիսեռի հաճախակի օգտագործումը, անկախ ճաշատեսակի ընտրությունից, ունակ է կանխարգելելու սրտի կաթվածն ու հիպերտոնիան: Երիկամների և լյարդի խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել այս հրաշք մթերքը: Սիսեռը կարող է արագացնել վերքերի սպիացումը, շատ անհրաժեշտ է ատամներն առողջ պահելու և ոսկորների համար, լավացնում է ուղեղի աշխատանքը՝ վերացնելով աթերոսկլերոզի հավանականությունը: Սիսեռի միակ բացասական կողմը լոբազգիներին հատուկ՝ գազեր առաջացնելու ունակությունն է, որը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել:

 

Ոսպ

Ոսպը ոչ միայն ամենատարածված և ամենաօգտագործվող ընդեղենն է, այլև ունի մի առանձնահատկություն. այն բացառիկ բույսերից է, որոնք հողից չեն վերցնում նիտրատներ ու այլ տոքսիկ նյութեր, ուստի էկոլոգիապես մաքուր են: Ոսպը հարուստ է B խմբի վիտամիններով, վիտամին A-ով և նույնիսկ N-ով, շատ հարուստ է բուսական սպիտակուցով։ Միկրոտարրերից ոսպի մեջ քիչ չեն ֆոսֆորը, կալիումը, երկաթը, կալցիումը, ինչպես նաև մոլիբդենը, յոդը, մագնեզիումը, ցինկը, պարունակում է նաև ֆոլիաթթու: Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթվի մեծ պաշար ունի: Չոր ոսպը կորցնում է իր օգտակար հատկությունների միայն 30%-ը։ Ոսպի մեջ հայտնաբերվել են իզոֆլավոիդներ, որոնք չարորակ ուռուցքի դեմ պայքարող միացություններ են: Սրանք առկա են նաև չոր հատիկների մեջ, բարձրացնում են օրգանիզմի՝ վնասակար նյութերի դեմ պայքարելու ունակությունը, նպաստում են արյան և անոթների, միզասեռական օրգանների աշխատանքին: Շաքարախտ ունեցողներին խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել ոսպ, քանի որ այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Ինչպես բոլոր լոբազգիները, այնպես էլ ոսպը կարող է ծանրաբեռնել աղիները գազեր առաջացնելու հատկության պատճառով, ուստի վնասակար է նրանց համար, ովքեր աղիքային խնդիրներ ունեն: Հակացուցված է նաև միզապարկի, լեղապարկի և երիկամի սուր խնդիրներ ունեցողներին: Բոլոր լոբազգիները եփելուց առաջ ցանկալի է մի քանի ժամ թողնել եռման ջրի մեջ։ Եփելիս եթե ջուրը եռալուց հետո մեկ անգամ փոխեք, գազերի քանակը բավականին կկրճատեք: Մի խորհուրդ բոլոր ընդավորների համար. աղը ավելացրեք խաշվող մթերքների ջրի մեջ: Դա կօգնի ձեզ պահպանելու վիտամինների մեծ մասը:

 

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ