ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻՆ
Մոտենում են Ամանորի տոները։ Յուրաքանչյուր աղջիկ և կին երազում են անթերի մաշկ ունենալ, բայց նույնիսկ ամենաթանկ և մոդայիկ գեղամիջոցները միշտ չէ, որ կարող են օգնել, որ մաշկն անթերի լինի։

Անհրաժեշտ է նաև հանքային նյութեր և վիտամիններ պարունակող ճիշտ սնունդ, ինչպես նաև լիարժեք քուն, մաքուր և թարմ օդ։ Եվ, իհարկե, մաշկի ճիշտ խնամք։ Հատկապես ուշադրություն դարձրեք մաքրման միջոցներին։ Անհրաժեշտ են տոնիկ և երկու քսուք՝ գիշերային և ցերեկային։ Ընդ որում, ցանկալի է, որ վերոնշյալ գեղամիջոցները նույն շարքից լինեն, որպեսզի առավելագույնս լրացնեն միմյանց։

Աշնանն ու ձմռանը մաշկի խնամքին առնչվող հիմնական խնդիրը մաշկը խոնավ պահելն է, սնուցելը, ինչպես նաև ցուրտ քամիներից պաշտպանելը։ Այդ առումով շատ օգտակար են զանազան թրջոցները՝ պատրաստված երիցուկի, վաղենակի, լորենու ծաղիկներից և այլ խոտաբույսերի թուրմերից։ Մաշկի խոնավացմանը նպաստում են նաև մրգերի և բանջարեղենի հյութերից պատրաստված դիմակները։ Շատ օգտակար են քերած խնձորից կամ հում կարտոֆիլից դիմակները։

Եթե ձեր մաշկը չի դիմանում ցրտին, ապա շաբաթը 2-3 անգամ խորհուրդ է տրվում փափկացնող բաղադրիչներով հագեցած տաք (37 աստիճան) լոգանքներ դեմքի համար։ 2-3 ճաշի գդալ չոր կաթը բացել գոլ ջրով, որ ստացվի մածուցիկ զանգված, խառնել 1 ճաշի գդալ ձիթայուղի կամ եգիպտացորենի յուղ, ապա ավելացնել մի քանի կաթիլ անանուխի (դաղձ) յուղ։ Դեմքը պատել այս մածուկով, պահել 10-12 րոպե, լվանալ գոլ ջրով։ Կարելի է ավելացնել այլ յուղեր՝ ժոժոբայի, մեղվախոտի կամ խորդենու։

Չոր մաշկ ունեցողները կարող են դեմքը լվանալ լորենու, իսկ յուղոտ մաշկ ունեցողները՝ վաղենակի կամ եղեսպակի եփուկով։ Զգայուն մաշկ ունեցողները պետք է դեմքը լվանան մատուտակի արմատի եփուկով։

Մաշկի խնամքով պետք է զբաղվել ոչ միայն երեկոյան, այլև առավոտյան, քանի որ քնելիս մաշկի արտաքին շերտ են դուրս գալիս ավելորդ ճարպերը և թունավոր նյութերը, որոնք հնարավոր չէ մաքրել միայն սովորական ջրով։ Դրա համար անհրաժեշտ է առավոտյան դեմքը լավ մաքրել մաքրող միջոցներով, շփել տոնիկով և խոնավ մաշկին քսել ցերեկային քսուք։

Ձմռանը մաշկի խնամքը պետք է ավելի մեղմ լինի։ Խորհուրդ չի տրվում օգտագործել սպիրտ պարունակող տոնիկներ և լոսյոններ։ Նույնիսկ յուղոտ մաշկը ցանկալի է շփել սպիրտ չպարունակող գեղամիջոցներով, իսկ սովորական կամ չոր մաշկը՝ սերուցքային գեղամիջոցներով կամ կաթով։

Ցերեկային խոնավացնող քսուքն օգտագործելը պարտադիր է։ Ընդ որում, ժամանակակից գեղամիջոցները ստեղծում են անտեսանելի պաշտպանիչ թաղանթ, որի շնորհիվ պահպանվում է խոնավությունը հյուսվածքներում, վերնամաշկի միջբջջային հատվածում։ Միաժամանակ, այդ թաղանթը պարունակում է օգտակար նյութեր և վիտամիններ։

Քսուքը դեմքին պետք է քսել թեթև շարժումներով և թողնել 20 րոպե, որպեսզի ներծծվի։ Կարիք չկա քնից առաջ քսուք օգտագործել, քանի որ դեմքի մաշկը կարող է այտուցվել։ Քսուքի ավելցուկը պետք է անպայման մաքրել անձեռոցիկով։ Բոլոր տեսակի քսուքները ցուրտ եղանակին պետք է քսել տնից դուրս գալուց նվազագույնը կես ժամ առաջ, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել մաշկի ցրտահարմանը։ Իսկ դեմքը պետք է լվանալ փողոց դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ։

Մաշկի խնամքի տարածված միջոցներից է սառույցի կտորով դեմքը մերսելը։ Դա նպաստում է դեմքի մաշկի տոնուսի բարձրացմանը, բայց ցուրտ եղանակին հակացուցված է չափազանց զգայուն մաշկ ունեցողներին։

Նրանք, ում մաշկը եղանակի փոփոխության ժամանակ կարմրում է, խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ դիմակը. մանր քերիչով քերել 1 խնձոր, խառնել 1 ճաշի գդալ տաք կաթի և 1 ձվի դեղնուցի հետ։ Եթե զանգվածը շատ թույլ է ստացվել, կարելի է ավելացնել ցորենի ալյուր կամ աղացած հերկուլես։ Խառնուրդը քսել դեմքին և 20-30 րոպե անց լվանալ եռացրածսառեցրած գոլ ջրով։ Կօգնի նաև հետևյալ եփուկը. 3-4 ճաշի գդալ գայլուկի (հմուլ) մանր կտրատած կոները լցրեք ջրի մեջ, եռացրեք, թողեք 20-30 րոպե, ապա քամեք։ Ստացված եփուկով 5-7 րոպե տաք թրջոց դրեք նախապես լվացված դեմքին (ցանկալի է երեկոյան ժամերին)։ Նմանատիպ եփուկով կարելի է անել նաև հակադիր կոմպրեսներ։ 2 ճաշի գդալ կոնը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք 20 րոպե, ապա քամեք։ Տաք եփուկով թրջոցը դեմքին թողեք 2 րոպե, իսկ ոչ շատ սառը եփուկովը՝ 1 րոպե։ Թրջոցները փոփոխել 3-4 անգամ։

Կոմպրեսների համար անփոխարինելի է չիչխանի յուղը, որը պետք է քսել մաշկի վնասված հատվածներին, իսկ ավելցուկը մաքրել անձեռոցիկով։ Եթե մաշկը սառնամանիքից սկսել է ուժեղ թեփոտել, ապա առաջարկում ենք 2-3 ճաշի գդալ տաքացրած բուսական յուղը խառնել մանր աղացած «հերկուլեսի» հետ, քսել մաշկին և շրջանաձև շարժումներով մաշկը մերսել 2-3 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով։ Նման դիմակներից հետո գեղամիջոցները դեմքին շատ հարթ են ՙնստում՚։

Քամուց և ցրտից վնասվում են նաև շրթունքները՝ թեփոտում են, ճաքճքում։ Շրթունքները ցրտից պաշտպանելու համար առաջարկվում է պատրաստել հետևյալ խառնուրդը. 1 թեյի գդալ բորային վազելինին խառնեք կես ճաշի գդալ գերչակի յուղ և պարբերաբար քսեք շուրթերին։ Փողոց դուրս գալուց առաջ շրթունքներին անպայման շրթներկ քսեք (ցանկալի է՝ հիգիենիկ)։

Եթե դրսում քիթը կարմրում է, կարելի է օգտագործել հետևյալ միջոցը. 2 ճաշի գդալ լորենու չորացրած ծաղիկը լցրեք եռացրած ջրի մեջ, պահեք 20-30 րոպե, այնուհետև քամեք և ստացված եփուկով օրը 2-3 անգամ շփեք քիթը։

 

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ
Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ