Արթուր Աբրահամ. «Նախընտրում եմ մեռնել, քան թե ծնկի իջնել»
Տեղադրվել է 23-05-2012
Հարցազրույց անվանի բռնցքամարտիկ «Արթուր արքայի» հետ:
Օրերս Հայաստանում էր աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: «Երիտասարդ» օն-լայն պարբերականը չէր կարող չօգտվել իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից: «Արթուր արքայի» հետ հանդիպումը հետաքրքիր ստացվեց, քանի որ շատ արագ պարզվեց, որ ռինգում Արթուր Աբրահամ անվամբ հանդես եկող Ավետիք Աբրահամյանը բավականին ընկերական ու հանգիստ անձնավորություն է, հաճելի զրուցընկեր:
- Կկայանա արդյո՞ք Ձեր մոտակա մենամարտը 30-ամյա Ռոբերտ Շտիգլիցի հետ:
- Իհարկե, մի քանի օրից արդեն կսկսեմ մարզվել, քանի որ մենամարտը նախատեսված է օգոստոսի 25-ին: Երեւի թե այն կլինի Համբուրգ քաղաքում: Կմրցեմ WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնի հետ, ով արդեն 4 տարի է, ինչ պահպանում է իր տիտղոսը: Դա շատ կարեւոր հանդիպում է լինելու ինձ համար, եւ ես շատ նպատակադրված եմ պատրաստվելու:
- Որտե՞ղ եք նախընտրում ապրել` Գերմանիայո՞ւմ, թե՞ Հայաստանում:
- Կարելի է ասել` ես ապրում եմ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Գերմանիայում: Երկու երկրներն էլ շատ եմ սիրում, բայց աշխատանքային առումով ես պետք է ավելի շատ լինեմ Գերմանիայում, որովհետեւ ամբողջ աշխատանքս այնտեղ է: Իմ հայրենիքը, սակայն, Հայաստանն է. այստեղ են ապրում բարեկամներս ու ծնողներս, այստեղ է հայրական տունս: Թե հետագայում որտեղ մշտական բնակություն կհաստատեմ, այժմ չեմ կարող ասել:
- Գրքեր սիրո՞ւմ եք կարդալ: Ինչպիսի՞ գրքեր եք ընթերցում:
- Իհարկե, սիրում եմ գրքեր կարդալ, բայց, ցավոք սրտի, շատ ժամանակ չեմ ունենում: Վերջին գիրքը, որ կարդացի, մասնագիտական էր. մարզչիս հեղինակած գիրքն էր. կոչվում է «Կյանքիս 13 ռաունդները»: Այն սպորտի, իր սաների եւ հենց իր մասին է: Շատ բաներ իմացա իմ մարզչի մասին, նույնիսկ այնպիսի բաներ, որ մինչ օրս չգիտեի:
- Հայտարարել էիք, որ պատրաստվում եք ամուսնանալ…
- Դեռեւս չեմ պատրաստվում ամուսնանալ: Նման բան մոտ ապագայում դեռեւս պետք չէ սպասել:
- Հայ աղջիկները ինչպե՞ս են Ձեզ վերաբերվում, եւ Ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ ինչպիսի՞ն է:
- Ամեն ազգում էլ կան ե՛ւ սիրուն, ե՛ւ շատ գեղեցիկ աղջիկներ, բայց ինձ համար ամենահարազատը, ամենագեղեցիկը եւ ամենալավը հայ աղջիկն է: Շատ հնարավորություններ եմ ունեցել այլազգի աղջիկների հետ ծանոթանալու: Միայն այն, որ հայ աղջկա հետ հայերեն ես զրուցում, դա արդեն միլիոն արժե: Բոլորն էլ շատ լավ են ինձ վերաբերվում: Բացի դրանից` ես բացասական որեւէ բան չեմ արել, որ նրանք ինձ վատ աչքով նայեն:
- Ի՞նչն է ստիպում Ձեզ, որ գերազանցեք Ձեր մրցակիցներին:
- Սպորտում հաջողության հասնելու ամենակարեւոր բանալին մարդու ներքին զգացողությունն է, ներքին պատրաստակամությունը: Կարող ես շատ ուժեղ լինել, բայց եթե հոգեպես ուժեղ չես, ուրեմն չես կարող հաղթել եւ ոչ մեկին: Լավ մարզիկ լինելու համար պետք է լինել նախ աշխատասեր, կարգապահ, չընկճվող, դժվարություններին դիմացող ու բազմակողմանի զարգացած:
- Եթե բռնցքամարտը չլիներ, ուրիշ ի՞նչ սպորտաձեւ կընտրեիք:
- Զբաղվել եմ հեծանվասպորտով: Վաղ տարիքում եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն: Եթե բռնցքամարտիկ չլինեի, երեւի ուրիշ սպորտով չէի էլ զբաղվի կամ էլ ֆուտբոլիստ գուցե դառնայի: Շատ եմ սիրում այդ մարզաձեւը: Երբեմն նույնիսկ ընկերներով հավաքվում ու ֆուտբոլ ենք խաղում:
- Բռնցքամարտը Ձեզ համար միայն ուժային սպորտա՞ձեւ է, թե՞ նաեւ խելքի:
- Յուրաքանչյուր մարզաձեւում եթե մարզիկը խելքով չառաջնորդվի, ուրեմն նա արդեն պարտվել է:
- Ո՞ւմ եք պարտական հաջողությունների համար: Ունե՞ք կարգախոս:
- Նախ պարտական եմ ծնողներիս, որ լույս աշխարհ են բերել ինձ: Սպորտում էլ պարտական եմ մարզչիս, մարզչական թիմին, իմ պրոդյուսերին, բայց ամենից շատ` իմ մարզչին: Կարգախոս ունեմ: Այն է՝ «Ավելի լավ է մեռնել, քան թե ծնկի իջնել»:
- Ո՞վ է Ձեզ ոգեշնչում:
- Նախեւառաջ` մարզիչս: Կան մարզիկներ, ովքեր հոգեբանների հետ են աշխատում, բայց դա ինձ պետք չէ: Հաճախ ես եմ ինքս ինձ ոգեշնչում:
- Եղե՞լ է այնպիսի դեպք, որից հետո ցանկացել եք լքել ասպարեզը:
- Ոչ ցանկալի դեպքեր շատ են եղել: Շատ տխուր եմ եղել անգամ հաղթելուց հետո, բայց բռնցքամարտից հեռանալ երբեք չեմ ցանկացել, քանի որ դժվարություններ ամեն տեղ էլ կան:
- Ո՞վ է Ձեր կուռքը, եւ ինչո՞ւ եք հենց նրան նախընտրում:
- Շատ եմ սիրել երիտասարդ տարիներին բավականին հաջող հանդես եկած Մայք Թայսոնին: Որպես լավ բռնցքամարտիկ` նա ինձ համար աշխարհում թիվ մեկն է: Հենց նրա «պատճառով» եմ բռնցքամարտի հաճախել:
- Իսկ ինչո՞ւ որոշեցիք փոխել Ձեր անունը:
- Բոլոր մեծ մարզիկներն էլ ունեցել են մականուններ, որոնք պետք են նաեւ շոուի համար: Իմ մականունը 2005 թ-ի դեկտեմբերի 16-ին` չեմպիոն դառնալու ժամանակ, պրոդյուսերական ակումբն է տվել ինձ:
- Կգա՞ մի օր, երբ Ձեզ կտեսնենք մարզչի դերում:
- Ո՛չ, հաստատ չի գա այդ օրը: Ավելի շատ սիրում եմ կազմակերպչական, քան մարզչական աշխատանքով զբաղվել: Բացի դրանից` դժվար գործ է մարզչի աշխատանքը: Ես հոգով-սրտով մարզիչ չեմ, բայց կարող եմ մի շարք խորհուրդներ տալ:
- Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ հայ աղջիկներն արեւելյան մարտարվեստով են զբաղվում:
- Ինչո՞ւ` ոչ: Հայ աղջիկներն էլ պետք է սպորտով զբաղվեն: Ես դեմ չեմ, որ աղջիկը նաեւ բռնցքամարտով զբաղվի, բայց կնախընտրեի ավելի գեղեցիկ սպորտաձեւեր. օրինակ՝ թենիս կամ գեղասահք, լողափնյա վոլեյբոլ: Ես չեմ ուզենա, որ աղջիկս, անգամ տղաս բռնցքամարտով զբաղվեն:
- Եղե՞լ է դեպք, երբ պարտվել եք, բայց գիտակցել եք, որ իրականում հաղթել եք:
- Եղել են 2 դեպքեր, որ ես պարտվել եմ, թեեւ կարծել եմ, թե պետք է հաղթեի: Ես իմ սխալների վրա արդեն շատ բաներ եմ սովորել եւ սրանից հետո հուսով եմ, որ միշտ կհաղթեմ:
- Ե՞րբ եք պատրաստվում լքել բռնցքամարտը:
- Ես հիմա 32 տարեկան եմ, մինչեւ 34-35 տարեկան դեռ կմրցեմ, բայց հետո կհեռանամ: Իհարկե, կարող եմ հիմա էլ հեռանալ, սակայն բռնցքամարտը շատ եմ սիրում:
- Ամենօրյա մարզումները չե՞ն հոգնեցնում:
- Մարզվում եմ օրվա մեջ 2 անգամ: Ամեն օր 5 ժամ սպորտին եմ նվիրում: Դա երբեմն հոգնեցուցիչ է: Երեք ամիս մարզվում ենք մեկ մենամարտի համար, որից հետո կրկին հանգստանում ենք: Դա մեր աշխատանքն է, ուզած-չուզած պետք է անենք:
- Արդյոք առաջիկա ամիսներին կարող ենք Երեւանում սպասել Ձեր մենամարտին:
- Շատ դժվար է Հայաստանում մենամարտ կազմակերպելը: Եթե ամեն բան ինձնից կախված լիներ, ապա ոչինչ չէի խնայի, որ հենց Հայաստանում անցկացվեին իմ մենամարտերը:
- Ի՞նչ թալիսման ունեք:
- Մեր Վեհափառի տված խաչն եմ սրբորեն պահպանում:
- Կախվածություն ինչ-որ բանից ունե՞ք:
- Այո՛, հաղթանակի կախվածություն ունեմ:
- Ձեզ համար ո՞րն է մարդկային կարեւորագույն արժեքը:
- Բռնցքամարտում աշխատասիրությունն ու կամքի ուժն են, իսկ կյանքում` հոգով մաքուր լինելը:
- Ռինգից դուրս կռիվ արե՞լ եք:
- Այո՛: Հատկապես պատանի ժամանակ, բայց երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ դարձել, այլեւս կռիվ չեմ արել: Կռվել չեմ էլ սիրում: Ավելին` ո՛չ ծխում եմ, ո՛չ խմում:
- Ի՞նչով կզբաղվեք, երբ լքեք սպորտը:
- Դեռ չեմ որոշել, բայց սպորտից դեռ չեմ պատրաստվում հեռանալ: Այնպես որ` դեռ մտածելու ժամանակ ունեմ:
- Դպրոցում չսիրած առարկա ունեցե՞լ եք:
- Իհարկե, քիմիա ընդհանրապես չէի սիրում, բայց դպրոցը գերազանց եմ ավարտել:
- Ամենասիրելի վայրը Հայաստանում…
- Շատ եմ սիրում Երեւանը եւ հատկապես իմ ծննդավայրը` Ներքին Չարբախը: Սիրում եմ նաեւ Կասկադի համալիրը, Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան:
- Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:
- Դեռեւս` ո՛չ:
- Իսկ ե՞րբ կհամարեք:
- Երբ կունենամ 3 արու զավակ:
Հարություն Ծատրյան