|
|
|
4 Սեպտեմբեր, Շաբաթ | 03:10
|
|
ՄՇԱԿՈՒՅԹ |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
|
No smoking! Էմիր Կուստուրիցա
Տեղադրվել է 06-03-2010
Երեւանում կայացավ Էմիր Կուստուրիցայի եւ «No Smoking Orchestra» բենդի համերգը:
Մենք կարող էինք, իհարկե, գրել, թե ինչպես ընթացավ համերգը, ովքեր էին ներկա, ինչ հերթականությամբ ներկայացվեցին ստեղծագործությունները եւ նմանաբնույթ մի քանի այլ դրվագների մասին: Ու մեր նյութը մոտավորապես այդտեղ էլ կավարտվեր: Բայց մենք չենք ներկայացնի համերգի ընթացքն ու հիացական կարծիքները, այլ ուղղակի կփորձենք մեր երիտասարդներին ներկայացնել, թե ով է Կուստուրիցան:
Կուստուրիցան բազմիցս նշել է, որ իր համար մարդկային ամենակարեւոր արժեքն ազատությունն է: Ու հաճախ ազատությունը հենց երջանկություն էլ նշանակում է հանրահայտ ռեժիսորի պարագայում: Իր առաջին ֆիլմերը Կուստուրիցան ստեղծել է դեռ Պրահայում ուսանելու տարիներին: Խոսքը կարճամետրաժ «Ճշմարտության մաս» (1971) եւ «Աշուն» (1972) ֆիլմերի մասին է: 1978 թ-ին դեռ սկսնակ ստեղծագործողը` որպես դիպլոմային աշխատանք, ներկայացնում է «Գերանկիա» ֆիլմը, որը պատմում է հրեա տղայի մասին եւ ուղղված է նացիզմի ու հակասեմիթիզմի դեմ: Այս ֆիլմում Կուստուրիցան միաժամանակ ե՛ւ ռեժիսոր է, ե՛ւ սցենարիստ, ե՛ւ օպերատոր: Ֆիլմն այնպիսի արձագանք է ստանում, որ անմիջապես Կարլովի Վարիի ուսանողական կինոփառատոնում արժանանում է գլխավոր մրցանակին: Իսկ հետո… Իսկ հետո սկսվեց ու շարունակվեց մեր ժամանակի մեծագույն արվեստագետ-ռեժիսորի ստեղծագործական ուղին: «Հարսնացուներն են գալիս» (1978), «Հիշո՞ւմ եք արդյոք Դոլլի Բելլին» (1981), «Երբ հայրիկը մեկնեց գործուղման» (1985), «Գնչու ժամանակը» (1989), «Կյանքը հրաշք է» (2004), «Ընդհատակ» (1995), «Մարադոննա» (2008). այս եւ շատ այլ ֆիլմերի տակ գրվեց նրա անունը: Այս ամենն ամենահայտնի կինոփառատոներում նրան բերեց բազմաթիվ մրցանակներ, արժանացրեց ամենաքմահաճ կինոքննադատների ե՛ւ հալածանքին, ե՛ւ գնահատանքին: Հենց այսպես Էմիր Կուստուրիցա անունը եւ մարդը դարձան մեր օրերի կենդանի լեգենդ: «Ապրում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ, անում եմ այն , ինչ ուզում եմ, գնում եմ` ուր ուզեմ եւ երբ ուզեմ: Շատերը չեն, որ կարող են պարծենալ նման կենսակերպով: Իսկ ինձ համար ամենամեծ երջանկությունը ազատությունն է: Կինոարվեստին ես շատ ավելի լուրջ եմ վերաբերվում, իսկ երաժշտությունը ավելի թեթեւ զբաղմունքս է: Բայց ինձ դժվար է մեկը մյուսից առանձնացնել»,- սիրում է ասել աշխարհահռչակ ռեժիսորը: 1987 թ-ին Նելե Կարայլիչն ու Սեյո Սեկսոնը կազմավորում են «Pseudobluz bend» խումբը, որը հետագայում վերանվանվում է «Zabranjeno Pušenje»: 1984 թ-ին լույս է տեսնում նրանց առաջին ալբոմը, ու խումբը շատ արագ մեծ ճանաչում է ձեռք բերում Հարավսլավիայում: 1986 թ-ին խմբին որպես բաս-կիթառահար միանում է Էմիր Կուստուրիցան: Բացի խմբի կազմում նվագելուց` նա նաեւ մի քանի տեսահոլովակների ռեժիսորն է դառնում: 1998 թ-ին խումբը ստանում է այն անունը, որով հայտնի է այսօրվա հանդիսատեսին` «No Smoking Orchestra»: Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում եւ ամենուր: Դրա վառ ապացույցներն են «No Smoking Orchestra»-ի համերգների ընթացքում բեմում ներկայացվող երաժշտական բեմադրությունները: Դա իսկապես տեսնել է պետք: Նրանք ոչ թե պարզապես նվագում են, այլ ֆիլմ են նկարում. փոքրիկ ֆիլմ` երաժշտության, զգացմունքների, սիրած գործով զբաղվելու եւ առհասարակ մարդկային հանճարի մասին: Հ.գ.: Եթե այսօր չկայիք այն դահլիճում, որտեղ ելույթ էր ունենում «No Smoking Orchestra»-ը, ապա բա՛ց մի թողեք հնարավորությունը, գտե՛ք համացանցում խմբի բազմաթիվ համերգների տեսագրություններից թեկուզ մեկն ու առնչվե՛ք հանճարեղի հետ: Հաճելի ժամանց: Պատկերասրահ` Էմիր Կուստուրիցայի մամուլի ասուլիսը Լիլիթ Գրիգորյան |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ |