Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 29-12-2016
10 գիրք, որ արժե նվիրել այս Ամանորին…
Ասում են՝ ամենալավ նվերը գիրքն է: Ըստ այդմ՝ ի՞նչ է անհրաժեշտ մտերիմ մարդուն Նոր տարուն ուրախացնելու եւ ժպիտ պարգեւելու համար. ընտրել գիրքը, մակագրել եւ նվիրել նրան:

«Eritasard.am»-ն առանձնացրել է 10 գիրք, որոնք արժե նվիրել այս Ամանորին: Ցանկում գրքերն ընդգրկելիս հաշվի ենք առել մոլի ընթերցասերների կարծիքները, ինչպես նաեւ մայրաքաղաքի գրախանութների վաճառքի ցուցանիշները: 

1.    Ջեյն Օսթին, «Հպարտություն եւ նախապաշարմունք»



Նշանավոր անգլիացի կին գրող, ընտանեկան «կանանցի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինն իր համեմատաբար կարճատեւ կյանքի ընթացքում գրել է վեց վեպ, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ «անգլիական» հումորով, գործող անձանց կերպարների ռեալիստական կատարյալ նկարագրությամբ, հոգեբանական ապրումների փոխանցմամբ։ Ջեյն Օսթինի ստեղծագործությունները լայնորեն ընթերցվում են անգլիախոս երկրներում, ընդգրկված են Մեծ Բրիտանիայի ուսումնարանների եւ համալսարանների ուսումնական ծրագրերում։ «Հպարտություն եւ նախապաշարմունք» ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական եւ խոսուն կերպարներով, որոնք, իրենց ժամանակի ծնունդը լինելով, արդիական են բոլոր ժամանակների համար:

Ահա վեպից մի հատված. «Ամուսնական կյանքում հաջողակ լինելը միանգամայն պատահական բան է: Եթե նույնիսկ ամուսինները շատ լավ գիտեն միմյանց հակումները, եթե անգամ դրանք լիովին համապատասխանում են, դա չի երաշխավորում, թե իրար հետ երջանիկ կլինեն: Միշտ էլ մեջտեղ կգան ու կկուտակվեն բավական շատ տարաձայնություններ, որոնք նրանց համար կյանքն անախորժ կդարձնեն: Այդ դեպքում ավելի լավ չէ՞ հնարավորինս քիչ իմանալ թերությունների մասին մի մարդու, ում հետ կյանքդ կապում ես»:

2.    Ժան Պոլ Սարտր, «Սրտխառնոց»



Շվեդական ակադեմիան 1964 թ.-ին գրականության բնագավառի իր Նոբելյան մրցանակը շնորհում է Ժան-Պոլ Սարտրին, սակայն վերջինս հրաժարվում է մրցանակից` չցանկանալով պարտական լինել որեւէ սոցիալական ինստիտուտի եւ դրանով վտանգել իր անկախությունը: «Սրտխառնոցը» գրողի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է, որն անփոխարինելի օղակ է 19-րդ դարի բալզակյան վեպից դեպի 20-րդ դարի նոր վեպ տանող ճանապարհին: Վեպում գլխավոր հերոս Ռոկանդեսին բախտ է վիճակվում բացել էքսիստենցիալիզմի հիմնական գաղափարը: Նրա առջեւ բացվում է դեպի ներաշխարհ ուղեկցողը: Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ եւ իր համար:

Ահա վեպից մի հատված. «Քեզ տեսնելու անհրաժեշտություն ես իհարկե չունեմ, եթե խոսքը դրա մասին է: Հասկանում ես՝ քո մեջ չկա այնպիսի մի բան, որն առանձնահատուկ հաճելի կլինի աչքերիս համար: Բայց ինձ անհրաժեշտ է, որ դու լինես աշխարհում եւ, որ չփոխվես…»:

3.    Լեւոն Խեչոյան, «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»



Այս պատմավեպը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաեւ մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: Այս հրատարակության մեջ ուղղվել են վեպի նախորդ (1995, 2002) հրատարակություններում սպրդած բոլոր վրիպակները:

Խեչոյանը ստեղծել է մի գործ, որն իր գեղարվեստական բարձր մակարդակով ու գաղափարական հարցադրումներով մշտապես արդիական է եւ ժամանակի հետ չի հնանում: Պատմավեպը անկախության շրջանի հայ գրականության նվաճումներից է: Վեպի խոր ենթաշերտերի ընկալումը կօգնի պատկերացնել մերօրյա իրականության բազմաթիվ հասարակական-քաղաքական խնդիրներ եւ պատմության փորձն աչքի առաջ ունենալով՝ առավել հստակ պատկերացնել դրանց լուծման ուղիները: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպն այն բացառիկ գրքերից է, որի ընթերցումն այսօր առավել քան պարտադիր է:

4.    Հերման Հեսսե, «Հուլունքախաղ»
 



«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն ոչ միայն եզրափակում, այլեւ ամփոփում է գրողի անցած ճանապարհը` անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը` նոր ռոմանտիկական փորձերից մինչեւ հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:  «Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց ոչ միայն աննախընթաց հեղինակություն ու Նոբելյան մրցանակ, այլեւ չխամրող փառք` նրա անունը գրանցելով այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:

5.    Ռեյ Բրեդբըրի, «Ֆարենհայթ 451»



Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, եւ դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Անհոգի ու անմիտ իրականությունից փախուստը մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք-մարդիկ»:

Իր ողջ կյանքի ընթացքում Բրեդբըրին ստեղծել է 800-ից ավելի գրական ստեղծագործություններ, այդ թվում՝ մի քանի վեպ եւ վիպակ, հարյուրավոր պատմվածքներ, տասնյակ պիեսներ եւ գրառումների, հոդվածների ու բանաստեղծությունների շարքեր։ Բրեդբըրին ավանդաբար համարվում է գիտական ֆանտաստիկայի դասականներից: Նրա պիեսները մեծ հեղինակություն են վայելել ընթերցողների շրջանում, ի տարբերություն բանաստեղծությունների, որոնք այդքան էլ չեն սիրվել։ Նրա մեծագույն հաջողություններից մեկն այն է, որ կարողացել է ընթերցողների շրջանում հետաքրքրություն սերմանել ֆանտաստիկայի նկատմամբ։

6.    Մելինդա Նադյ Աբոնի, «Աղավնիները թռչում են» 



Վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում եւ արտագաղթում Շվեյցարիա: Իրենց օրինակելի վարքի եւ աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում եւ բավական եկամտաբեր սրճարան են աշխատեցնում: Դուստրերը՝ Իլդիկոն եւ Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջեւ, հրապուրվում մե՛կ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մե՛կ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչեւ Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետեւում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադյ Աբոնին գրավիչ եւ զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան:

7.    Հարփըր Լի, «Ծաղրասարյակ սպանելը...» 



Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում՝ համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետեւելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Եվ, ի վերջո, տող առ տող, վեպի ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է երեք տարվա փորձառության, իսկ դու` ընթերցանությունից ստացած հոգեկան փորձի արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել... թերեւս միայն հանրահաշիվ»:

«Ծաղրասարյակ սպանելը…» վեպն արդեն 55 տարի շարունակում է մնալ ամերիկյան գրականության ամենանշանակալի, սիրված ու ընթերցվող գրքերի շարքում: Անցնող տարիներին գիրքը վաճառվել է ավելի քան 30 միլիոն օրինակով, թարգմանվել շուրջ չորս տասնյակ լեզուներով: Հեղինակն արժանացել է Պուլիցերյան գրական մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը՝ Գրեգորի Փեքի գլխավոր դերակատարությամբ ստացել է երեք Օսկար:

8.    Ալիս Մանրո, «Կյանքի սիրույն»



Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլում, ինչ-որ մի եկեղեցու հետեւորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբեւէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այդ մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, եւ անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի ժողովածուն եզրափակի ինքնակենսագրական պատմություններով:

9.    Օսկար Ուայլդ, «Դորիան Գրեյի դիմանկարը»



«Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը պատմում է մի նկարչի՝ Բեզիլ Հոլուորդի մասին, ով պատահաբար ծանոթանում է իր մուսայի, իր երազանքների էակի՝ Դորիան Գրեյի հետ, սիրում նրան ու ոգեշնչված նրան է նվիրում իր արվեստն ու հոգին։ Դա սովորական սեր չէ, այլ մի յուրահատուկ ոչ բնական նվիրում ու հրապույր, տղամարդ-տղամարդ հարաբերությունների աստվածային գագաթ։ Երբ տղամարդն իր սեռակցին է տենչում ամենայն ազնվությամբ ու պարզությամբ, ամենայն սիրով ու քնքշությամբ, առանց հետին մտքերի, փորձելով տիրանալ ոչ թե նրա մարմնի տենչագին գեղեցկությանը, այլ հոգու առեղծվածային խորությանը, զգայական նվիրումին։ Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության եւ գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը, հետեւելով Հեդոնիզմին, դառնում է գեղեցկության եւ երիտասարդության պաշտամունքի զոհը։

Ահա վեպից մի հատված. «Երբեմն կյանքում մենք բախվում ենք այնպիսի ողբերգության հետ, որն ունի գեղարվեստական գեղեցկության տարրեր: Եթե այդ գեղեցկությունը իսկական է, ապա դրամատիզմն ուղղակի կլանում է մեր զգացումները: Մենք հանկարծ զգում ենք, որ այլեւս ոչ թե դերակատարներ, այլ լոկ հանդիսատես ենք այդ ողբերգության մեջ: Կամ, ավելի ճիշտ, երկուսը միասին: Դիտում ենք ինքներս մեզ եւ ներկայացման հրաշքով դյութվում»:

10.    Ջոն Գրին, «Աստղերն են մեղավոր»



Ջոն Գրինի հանրահայտ վեպը վահանագեղձի քաղցկեղով հիվանդ տասնվեցամյա Հեյզել Գրեյսի մասին է, ով համակերպվում է իր հիվանդության անբուժելիության հետ, բայց քաղցկեղով հիվանդների աջակցության խմբակում Օգոստուս Ուոթերսի հետ պատահական հանդիպումը ստիպում է նրան վերանայել սիրո, կորստի եւ կյանքի նկատմամբ ունեցած հայացքները: Ջոն Գրինի վեպն իսկապես հակասական զգացողություններ է առաջացնում: Այն համարում են «Զվարճալի... սուր... լուսավոր», միաժամանակ` «Ուրախ, զվարթ, կատաղի եւ սաստիկ տխուր»: Մի բան հաստատ է, ինչպես Ջոն Գրինի հերոսներն են ասում` մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են: Ու էլի մի բան` «Սիրել` նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում»: 

Ահա վեպից մի հատված. «Սիրում եմ քեզ ու գիտեմ, որ սերը պարզապես ճիչ է դատարկ տարածության մեջ, ու որ մոռացությունն անխուսափելի է, ու որ բոլորս դատապարտված ենք: Եվ կգա մի օր, երբ մեր ամբողջ աշխատանքը հողին կհավասարվի, գիտեմ, որ արեւը կուլ կտա մեր միակ ու անկրկնելի Երկիր մոլորակը, բայց միեւնույնն է՝ ես սիրում եմ քեզ»: