Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 02-11-2015
Թամարա Հովհաննիսյան. «Ես կին եմ, ես՝ կղզի»
Այսօր ամերիկաբնակ բանաստեղծ-արվեստաբան Թամարա Հովհաննիսյանը հանդիպեց լրագրողների հետ:
Կանանցի եւ շատ գրավիչ բանաստեղծը հայրենիք դատարկաձեռն չի եկել, ընդամենը երկու օրից նա հայ ընթերցասերներին կներկայացնի իր նոր գիրքը՝ «Ես կին եմ եմ, ես՝ կղզի», որը, ի դեպ, լույս է տեսել ռուսերենով: Տիկին Թամարան խոստովանում է, որ շատ է ուսումնասիրել ռուս պոեզիան, ուստի հատուկ սեր եւ համակրանք է տածում ռուսական պոեզիայի հանդեպ: Նա կարծում է, որ գիրք գրելը մարդու ինքնահաղորդակցման միջոց է, որի շնորհիվ մարդն ինքն իրեն կարողանում է բացահայտել. «Պետք է ասել, որ ես իրականում շատ անփույթ եմ, ես գրում եմ րոպեական, շատ անգամ՝ նաեւ անձեռոցիկների, թղթերի վրա եւ երբ տեսնում եմ, որ սեղանիս վրա «աղբը» արդեն շատ է, սկսում եմ դասակարգել եւ տեսակավորել այդ ամենը»: Ամերիկյան Կոնգրեսի Գործարար խորհրդին անդամակցող եւ մշտազբաղ կինը միայն ստեղծագործելով չի սահմանափակվում: Թամարա Հովհաննիսյանը նաեւ ժամանակակից եվրոպական արվեստի գործեր է ներկայացնում իր տնօրինության տակ գտնվող երեք ցուցասրահներում, ուր տեղ են գտել նաեւ հայ գեղարվեստի ներկայացուցիչների գործերը: Բանախոսը փաստեց, որ հայ գեղարվեստի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է: Բանաստեղծուհին հանդիպման ընթացքում նշեց, որ ցուցասրահների շատ այցելուներ զարմանում են, երբ իմանում են, որ ինքը ոչ թե ֆրանսիացի է, այլ հայ. «Հաճախ են այցելուները հարցնում՝ արդյո՞ք ես ֆրանսիացի եմ, թե՞ ոչ: Ես մեծ հպարտությամբ եմ նշում, որ հայ եմ»: Կալիֆորնիայում բնակվող հայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը ազգը բարձրացնելու մասին իր տեսակետն ունի: Նա կարծում է, որ ազգի մշակութային հոգեւոր պահպանումը եւ ծանոթացումը կարող են լինել մարդ տեսակի եւ մասնագիտական բարձր որակի շնորհիվ: Դասավանդելով Հյուսիսային Կալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքի Միջազգային հարաբերությունների համալսարանում՝ մշտապես ցանկացել է օգնել հայրենիքին՝ կրթական ոլորտում մեծ ներդրում ունենալով: Նա խոսեց նաեւ Սփյուռքում հայապահպանության, մայրենի լեզվի պահպանության ու զարգացման, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության մասին: Բանաստեղծուհին անդամակցում է Ամերիկյան Կոնգրեսի Գործարար խորհրդին, Հայաստանից դուրս գործող գեղարվեստի զանազան ակադեմիաների պատվավոր դոկտոր է եւ արժանացել է Ռոնալդ Ռեյգանի անվան ոսկե մեդալի, ինչպես նաեւ հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանմանը ու զարգացմանը նվիրաբերած ջանքերի, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար վերջերս նախարար Հրանուշ Հակոբյանը Թամարա Հովհաննիսյանին պարգեւատրել ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին, ժամը՝ 18:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա Թամարա Հովհաննիսյանի «Ես կին եմ, ես՝ կղզի» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Մարիամ Հովունի