Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 2015-12-08 17:41
Արթուր Աբրահամ. «Երազում եմ երեք երեխա ունենալու մասին»
Այսօր հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպեց լրագրողների հետ:
Բռնցքամարտիկը խոսեց տարվա ընթացքում ունեցած հաջողությունների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին: Այս տարին, ինչպես մյուս տարիներին, բռնցքամարտիկը ջանք չի խնայել մարզվելու համար, ունեցել է հաղթանակներ, արժանացել մի շարք կոչումների եւ պատվոգրերի: Լրագրողներին հատկապես հետաքրքրում էին բռնցքամարտիկի անձնական կյանքի մանրամասները. այդ տեղեկություններն ասուլիսի ընթացքում լրագրողները հեշտությամբ ստացան: Պարզվում է՝ արդեն 6 ամիս է, ինչ Արթուր Աբրահամն ամուսնացել է: Նրա կնոջ անունը Մերի է, սովորում է Երեւանի պետական համալսարանում: Ի դեպ, Արթուրն ասաց, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում. «Ամուսնության արարողությունը չհասարակայնացնելու որոշումը կապված է իմ անձնական կյանքը լուսաբանել չցանկանալու հանգամանքով»: Բռնցքամարտիկը նշեց, որ ինքն ապրում է մարզական կյանքով, ինչն էլ դժվարեցնում է անձնական կյանքին լիովին տրվելը. «Երկու տարի կմենամարտեմ, եւ հնարավոր է՝ թողնեմ բռնցքամարտը, որպեսզի ապրեմ նորմալ կյանքով: Տարվա մեջ 8 ամիս ապրում եմ հյուրանոցներում, այնտեղ սնվում, այնտեղ ապրում, կարոտում եմ տանը բազմոցին պառկելը»: Արթուր Աբրահամն այն բացառիկ մարդկանցից է, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ միշտ հաղթանակում են, թվում է՝ նմանօրինակ մարդիկ չունեն երազանք կամ ցանկություններ, բայց արի՛ ու տե՛ս՝ Արթուրն ունի երազանք, այն էլ՝ ինչպիսի. «Երազում եմ երեք երեխա ունենալու մասին: Հիմա ամեն ինչ ունեմ, բայց երեխաներ չունեմ. դա է երազանքս»: Խոսելով բռնցքամարտիկի կյանքի դժվարությունների մասին՝ բանախոսը նշեց՝ չի ցանկանա, որ իր երեխաները շարունակեն հայրիկի տանջալից աշխատանքը: Երեք երեխաների ապագա հայրիկը նախապատվությունը տալիս է սպորտին, բայց՝ ոչ բռնցքամարտին: «Անկեղծ ասած, չէի ցանկանա, որ իմ երեխաները դառնային բռնցքամարտիկ: Սա շատ տանջալից մարզաձեւ է: Իմ ծնողները եւս դեմ են եղել, իսկ մայրս մինչեւ հիմա էլ դեմ է»,- անկեղծանում է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Արթուրի հաջորդ մարտը 2016 թվականի մարտ ամսին է: Նրա մրցակիցը մեքսիկացի է, ով 25 մարտ անընդմեջ պարտություն չի կրել: Հ.Գ.: Մամուլի ասուլիսին ներկա էին ոչ միայն լրագրողներ, այլեւ բռնցքամարտիկի երկրպագուները, ովքեր, տեղեկանալով ասուլիսի մասին, եկել էին եւս մեկ անգամ տեսնելու WBO վարկածով աշխարհի չեմպիոնին: Մարիամ Հովունի