Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 25-04-2016
Ջոյս Բարնաթա. «Մեզ պետք են ուժեղ, անկախ եւ ինքնուրույն լրատվամիջոցներ»
Ապրիլի 23-ին «100 LIVES» եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության կողմից կազմակերպված «Aurora Dialogues» քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ ճգնաժամերի լուսաբանմանը:

Քննարկմանը մասնակցում էին Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ Ջոյս Բարնաթան, «The Washington Post» օրաթերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըզը եւ գրող, «The Boston Globe» օրաթերթի լրագրողական հետաքննության «Spotlight» սյունակի հիմնադիր եւ վաշինգթոնյան գրասենյակի նախկին ղեկավար Սթիվ Քյուրքչյանը: 

Քննարկումը ղեկավարում էր ABC լրատվական ցանցի նախկին հաղորդավար Թեդ Քոփելը:

Քննարկման առանցքում էր լրատվության դերը հումանիտար ճգնաժամերի լուսաբանման ժամանակ, դեպքի վայրից ռեպորտաժների կազմակերպումը, լայն լսարանին տեղեկատվության տրամադրումը եւ այլն:

Ջոյս Բարնաթան, անդրադառնալով լրատվամիջոցների դերին, նշեց, որ մեզ պետք են ուժեղ, անկախ եւ ինքնուրույն լրատվամիջոցներ. «Լրագրողներն էլ պետք է լինեն համախմբված եւ համագործակցեն միմյանց հետ: Այժմ շատ դեպքերում քաղաքացիներն են ստեղծում նորություններ, նրանք են պահանջում այն, ինչ ուզում են տեսնել: Դրա համար անհրաժեշտ են փորձառու լրագրողներ՝ այդ ամենից վերլուծություններ կատարելու համար: Սոցիալական լրատվամիջոցների հզորությունը հսկայական ներուժ ունի»: 

Որպես լրագրության մեջ նոր տարածված միտում` Ջոյս Բարնաթան առանձնացրեց փաստահավաք խմբերը. «Աշխարհում ստեղծվում են փաստերը ճշտող կազմակերպություններ: Փաստահավաք խմբերը պատասխանատվություն են պահանջում եւ կառավարում են լրատվամիջոցներին»:

Դեյվիդ Իգնեյշըզն էլ կարեւորեց սոցիալական լրատվամիջոցների դերը արդի ժամանակաշրջանում՝ որպես ինֆորմացիայի փոխանցման աղբյուր. «Մարդիկ բջջային հեռախոսներ ունենալով էլ կարող են թղթակից դառնալ: Սոցիալական լրատվամիջոցները դառնում են նորություններ ստեղծողներ: Կան լրատվամիջոցներ էլ, որոնք ամրապնդում են այն, ինչ խոսում են մարդիկ»: 

Որպես լրատվամիջոցի ճիշտ աշխատելու լավագույն օրինակ` Դեյվիդ Իգնեյշըզը առանձնացրեց ամերիկյան լրատվամիջոցների աշխատաոճը. «Ամերիկյան ոճի լրագրության մեջ կարեւորը խիզախությունն է: Ուզում եմ, որ լրատվամիջոցներն այդ ոճով աշխատեն»:

Ըստ Սթիվ Քյուրքչյանի` աշխարհում նոր գործեր կատարել ցանկացողների համար լրագրողները լավ դաշնակիցներ կարող են լինել. «Լրագրողները կարող են լինել ձեր դաշնակիցները, եթե ուզում եք աշխարհում նոր գործեր կատարել, բայց լրատվամիջոցներն էլ պետք է ունենան իրենց արժեքները, այդ արժեքների մասին լրագրողներին դեռեւս ուսանողական տարիներից պետք է ծանոթացնել»:

Հանդիպման ընթացքում մասնակիցները տեսակետներ փոխանակեցին հումանիտար ճգնաժամերի մասին իրազեկվածության բարձրացման, հանրային կարծիքի ձեւավորման, հրատապ արձագանքման անհրաժեշտության կարեւորման եւ բացասական դերակատարներին դիմագրավելու ջանքերն ուղղորդելու գործում լրատվության կատարած դերի շուրջ եւ պատասխանեցին հայ լրագրողների հարցերին: