Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 07-06-2016
Խոսափող՝ ասելիք ունեցող երիտասարդների համար…
«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրավական նոր կարգավիճակ ունի:

Երեկ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում կենտրոնի բացման պաշտոնական արարողությունն էր, որը մեկնարկեց ՀՀ օրհներգով, այնուհետեւ ներկայացվեցին կենտրոնի գործունությունը, նպատակներն ու հիմնական ուղղվածությունը:



Նշենք, որ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը որպես նախաձեռնություն գործել է դեռեւս 2008 թ.-ից: Ունի տարբեր մասնագիտացումներ ունեցող շուրջ 50 անդամ, որոնցից  20-ը վերլուծաբաններ են: ՀԿ-ի նախագահն Արեգ Քոչինյանն է: 

«Մեր հիմնական նպատակն է դառնալ խոսափող ասելիք ունեցող երիտասարդների համար, որը պետք է հասցնել հասարակությանը,- մեզ հետ զրույցում նշեց Արեգ Քոչինյանը եւ հավելեց,- ներկայումս Հայաստանում ձեւավորված վերլուծական դաշտը կոմպետենտ չէ, մարդիկ, ովքեր ներկայանում են որպես վերլուծաբաններ, համապատասխան մասնագիտացում չունեն: Մեր կենտրոնի հիմնական նպատակն է Հայաստանի վերլուծական դաշտում սերնդափոխություն կատարելը, համապատասխան մասնագիտացում ունեցող երիտասարդներին՝ որպես երիտասարդ ուսումնասիրողներ, վերապատրաստվելու եւ որպես հրապարակախոսներ եւ վերլուծաբաններ հանդես գալու հնարավորություն ընձեռելը»:



Արեգ Քոչինյանի տեղեկացմամբ՝ պատրաստվում են նաեւ մի շարք ծրագրեր իրականացնել Հայաստանում. «Ամռանը պատրաստվում ենք վերլուծաբանների դպրոց բացել, որը խտացված կկատարի այն նույն գործընթացները, ինչն իրականացվում է մեր կազմակերպության կողմից»:

Հավելենք, որ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» կազմակերպությունը ապաքաղաքական երիտասարդական հարթակ է, որը համախմբում է տարբեր մասնագիտությունների եւ աշխարհայացքների տեր երիտասարդների՝ լսելի դարձնելով նրանց ձայնը, հարցադրումներն ու տեսակետները, հանրայնացնելով  երիտասարդների կողմից տարբեր ոլորտներին առնչվող  վերլուծությունները: