Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 07-06-2016
Պրեմիերա` «New Generation»
«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով:



Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է  «New Generation», «Betty World» եւ «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի խթանել սերը կյանքի, աշխարհի, հայրենիքի, աշխատասիրության եւ ընկերասիրության հանդեպ՝ ուրախություն տարածելով ամենուր:



«New Generation» նախագիծը մշակել են Մարտին Միրզոյանը, Արեն Բայադյանը, Ավետ Բարսեղյանը, Վահրամ Պետրոսյանը, Ալիս Դարբինյանը, Նարեկ Ստամբոլցյանը, Ջեորջ Բրեյնշեյքերը, Գարիկ Պապոյանը, Արտյոմ Աբովյանը, Արամ Նիկոլյանը, Քրիստինա Հովակիմյանը եւ Դեմուելը:



«Երգերը սկզբից առանձին-առանձին էին, եւ չէինք մտածել, որ դրանք կարող են մեկ նախագծում լինել: Տեսահոլովակում 4 կերպարով եմ ներկայանում, ամենից շատ հավանում եմ գեներալի կերպարը: Շատ հաճելի էր այդ պահը, երբ ես էի գեներալը եւ կարող էի անել այն, ինչ ուզում էի: Ես կանգնած էի զորքի մեջտեղում, եւ պարում ենք հիփ-հոփային զինվորական պար»:



Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյան է: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ փորձել է ներկայացնել երգչուհուն՝ իր արտիստիզմով, ասելիքով, երգով. «Պետք է նաեւ մեր նոր սերնդին ներկայացնել շատ լավ, որը ուժեղ է, վառ, ունի փայլուն ապագա: Տեսահոլովակը սկսվում է անտառային տեսարանից, որը սերունդների բոլոր ներկայացուցիչների համար տրամադրություն է բացում: Յուրաքանչյուր մարդ, ով կնայի տեսահոլովակը, անպայման իր համար ինչ-որ հարազատ տարր կգտնի»:



Հավելենք, որ Բեթթին ցանկանում է հունիսի 7-ը պատանիների օր հռչակել. «Ուզում եմ, որ ինչ-որ մի օր լինի, որ ինչ ցանկանամ՝ անեմ»: