Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-09-2016
Սեպտեմբերյան 1 օր՝ Ֆրունզի հետ
«Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով՝ իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, եւ ես չհասցրի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձեւ է». հանճարեղ դերասան Մհեր Մկրտչյանի խոսքերն են:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ «Այցելի՛ր Գյումրի» տուրիստական նախաձեռնության շրջանակում «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը կազմակերպեց «Մեկ օր Ֆրունզի հետ» խորագիրը կրող փառատոն: 

«Մհեր Մկրտչյան փառատոնն առաջին անգամ է կազմակերպվում: Անցյալ տարի կազմակերպվել էր քայլարշավ դեպի Գյումրի: Այն ժամանակ եւս մեր նպատակն էր խթանել տուրիզմի զարգացմանը եւ ապահովել Հայաստանի տարբեր մարզերից մարդկանց այցը Գյումրի, որպեսզի տեսնեն այն տեսարժան վայրերը, որոնք պահպանվել են Գյումրիում երկրաշարժից հետո»,- մեզ հետ զրույցում նշեց «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության վեբ-դիզայներ Գրետա Մովսեսյանը:

Փառատոնի՝ Երեւանից ժամանած մասնակիցներին կազմակերպիչները դիմավորեցին Գյումրու երկաթուղային կայարանում. հենց այդտեղ էլ մեկնարկեց հագեցած ծրագիրը: Առաջին կանգառը Գյումրու երկաթուղային կայարանի թանգարանն էր: Այնուհետեւ էքսկուրսավարի ուղեկցությամբ ներկաները շրջեցին քաղաքում, այցելեցին Թատերական հրապարակ, իսկ հանճարեղ դերասանին ավելի լավ ճանաչելու համար կազմակերպվեց շրջայց նրա թանգարանում: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ լինելու այն վայրերում, որտեղ նկարահանվել են Ֆրունզիկի մասնակցությամբ ֆիլմերը:

«Ես չէի կարող չզգալ ֆիլմերի շունչը, ողջ պատմությունը, որը կերտվել է այնտեղ: Անխոս, դրանք պատմության կոթողներ կարելի է համարել, քանի որ դրանց պատերը, եթե լեզու ունենային, շատ բաներ կպատմեին թե՛ ֆիլմի, թե՛ Մհեր Մկրտչյանի, թե՛ շարքային գյումրեցու առօրյայի ու կենսակերպի մասին»,- ասաց փառատոնի մասնակից Կորյուն Սիմոնյանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ visitgyumri.com եւ frunzikmuseum.com կայքերի ցուցադրությունը: Առաջինում կարելի է գտնել հետաքրքիր եւ անհրաժեշտ տեղեկություն Գյումրի քաղաքի, իսկ երկրորդում՝ սիրված դերասանի կյանքի ու գործունեության մասին:

«Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը դիտելուց հետո էլ փառատոնի մասնակիցներին ներկայացվեց Մհեր Մկրտչյանին նվիրված Street art:

Այսքանով պիտի ավարտվեր այցելությունը Հայաստանի մշակութային քաղաքում, սակայն փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի նախաձեռնությամբ մասնակիցները հյուրընկալվեցին նաեւ Գյումրու քաղաքապետարանում: Փոխքաղաքապետի հետ հանդիպում-զրույցից հետո էլ նրանց ճանապարհեցին Գյումրու երկաթուղային կայարան:    

Հավելենք նաեւ, որ փառատոնը նախաձեռնվել էր թանգարանի բացման 10-ամյակի առթիվ:

Մեծ արտիստը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում՝ արմատներով մշեցիների եւ վանեցիների ընտանիքում։ Դեռ փոքր տարիքից Մհերին թատրոնը ձգում էր արտասովոր ուժով: 1953 թվականին Մհեր Մկրտչյանն արդեն Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան էր, զուգահեռ սովորում էր Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Մայր թատրոնում դերասանն աշխատել է 35 տարի: 

Մկրտչյանը 1955 թվականից սկսել է նկարահանվել ֆիլմերում, որոնց թիվը հասնում է մոտ 50-ի: Անհնար է մոռանալ նրա մարմնավորած Գարսեւանին՝ «01-99»,  Արսենին՝ «Նվագախմբի տղաները», Գասպարին՝ «Եռանկյունի», Իշխանին՝ «Մենք ենք, մեր սարերը», Գրիգոր աղային՝ «Կտոր մը երկինք», Ռուբենին՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմերում: Մհեր Մկրտչյանը խաղում էր ֆիլմերում, բայց թատրոնը նրան միշտ կանչում էր:

«Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չէ»,- ասում էր ու շարունակում հավատարիմ մնալ իր սկզբունքին. «Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ ե՛ւ լաց կա, ե՛ւ ծիծաղ, ե՛ւ հումոր»։ 

Ցավոք, Մհեր Մկրտչյանի կյանքում տխրությունը գերակշռում էր: Նա մարդկանց ծիծաղեցնում էր, բայց ինքը տխուր էր: Մեծ դերասանին ապրելու ուժ էր տալիս մարդկանց սերը նրա նկատմամբ: Նա մի առիթով ասել է. «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են… Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին՝ մեկ առ մեկ»: