Նյութը՝ Լիա Հայրապետյանի
Լուսանկարները՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից
Տեղադրվել է 27-09-2016
Եվրոպայի երիտասարդությունը միասին ասում են «Ոչ ատելության խոսքին»
Սեպտեմբերի 19-22-ին Ալբանիայի մայրաքաղաքում՝ Տիրանայում, տեղի ունեցավ «Կրթության միջոցով հակադրվել ատելության խոսքին» խորագրով թրեյնինգ-սեմինարը:

Միջոցառումը համախմբել էր եվրոպական մի շարք երկրներից ժամանած շուրջ 20 երիտասարդական աշխատողների, ովքեր աշխատում կամ հասարակական գործունեություն են ծավալում մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Ծրագրի մասնակիցները հանդիսանում էին նաեւ «Ոչ ատելության խոսքին» շարժման՝ իրենց երկրների ազգային կոմիտեների անդամներ կամ առցանց ակտիվիստներ, ովքեր որեւէ կերպ ներգրավված են եղել վերը նշված շարժման շրջանակում։ 



Հայաստանից հրավիրված էին «Ոչ ատելության խոսքին» շարժման ազգային կոմիտեի անդամներ Լիա Հայրապետյանն ու Նելլի Գիշյանը։

Ծրագիրը կազմակերպվել էր Եվրախորհրդի երիտասարդական վարչության եւ Ալբանիայի Սոցիալական եւ երիտասարդական հարցերի նախարարության կողմից: Ծրագրի նպատակն էր համախմբել այն երիտասարդներին, ովքեր ակտիվություն են ցուցաբերել շարժման շրջանակում եւ կարող էին հավաքվել ու կիսվել իրենց փորձով ու համապատասխան գիտելիքներով։ 



Ծրագրի վերջին օրը կազմակերպվեց քննարկում «Ոչ ատելության խոսքին» շարժման համաեվրոպական դեսպան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ Անն Բրասյորի մասնակցությամբ, ով հանդիպման ժամանակ կարեւորեց երիտասարդների այսօրվա կարեւորագույն դերը՝ լինել կառուցողական, հանդուրժող եւ համագործակցային, որպեսզի աշխարհը կարողանա դիմակայել ներկա մարտահրավերներին։ 



Թրեյնինգ-սեմինարին հաջորդեց «Ոչ ատելության խոսքին» շարժման ազգային կոմիտեների եւ ակտիվիստների 4-րդ հանդիպումը, որին մասնակցում էին 70 ազգային կոմիտեների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ալբանիայի Սոցիալական եւ երիտասարդության հարցերի նախարար Բլենդի Կլոսին, Միացյալ ազգերի կազմակերպության Ալբանիայի համակարգող Բրայան Վիլլյամսը, «Ոչ ատելության խոսքին» շարժման համաեվրոպական դեսպան Անն Բրասյորը: Հանդիպումն ավարտվեց սեպտեմբերի 25-ին  եւ հանդիպման արդյունքում մշակվեցին համաեվրոպական շարժումների համատեղ առաջիկա անելիքներն ու 2016-2017 թթ. գործողությունների իրականացման ընդհանուր ռազմավարությունը, սահմանվեցին շարժման արդյունավետության գնահատման ցուցիչները։