Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 2016-10-18 22:07
«Quick Start». ԲՈՒՀ-ից աշխատաշուկա անցման սահունությունն ապահովող նոր հարթակ Հայաստանում
Ինչպե՞ս գտնել աշխատանք: Սա այն խնդիրն է, որը Հայաստանում, կարելի է ասել, առաջնային լուծման կարիք ունի:

Նորավարտ ուսանողները դժվարանում են գտնել մասնագիտական աշխատանք, որպեսզի գործի դնեն իրենց ստացած գիտելիքներն ու փորձը: Հայաստանյան իրականության մեջ հայտնվել է «Արագ Մեկնարկ» (Quick Start) նախագիծը, որը միտված է նորավարտ ուսանողների եւ աշխատանք փնտրողների գիտելիքների ու ունակությունների զարգացմանը,  կատարելագործմանը: Սակայն դրանք պետք է առավելագույնս համապատասխանեն աշխատաշուկայի արդի չափանիշներին, որպեսզի աշխատանք փնտրելիս երիտասարդները լինեն առավել մրցունակ:



Այս նախագիծը մշակվել է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից, որը Հայաստանում հանդիսանում է առաջին խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը: Այն համագործակցում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների, ՓՄՁ-ների եւ ՀԿ-ների հետ հետազոտություններ, ռազմավարական ծրագրեր, կառավարման խորհրդատվություն եւ մասնագիտական զարգացում իրականացնելու միջոցով: Շուկայում իր գոյության 22 տարիների ընթացքում «Բի Էս Սի»-ն իրականացրել է 84 հետազոտություն, 755 բիզնես նախագիծ, 1245 դասընթաց: «Բի էս Սի»-ի հաջողության գրավականը հավատն է առ այն, որ աշխատասիրության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, հաղթահարել առաջացող բոլոր խոչընդոտները եւ ձգտել գերազանցության: Նախագիծը բազմաֆունկցիոնալ է: Այն ոչ միայն լավ հնարավորություն է աշխատանք փնտրողների, այլեւ գործատուների համար, ովքեր եւս կարող են գտնել իրենց ցանկալի աշխատողին: Ամենեւին էլ գաղտնիք չէ, որ աշխատանքային ոլորտում կարելի է հասնել հաջողության՝ գործատուի եւ աշխատակցի համատեղ փորձի, գիտելիքների եւ միմյանց վստահելու դեպքում: 



«Բի Էս Սի»-ն ներգրավելու է տարբեր պետական, ոչ պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների, ընկերությունների եւ համալսարանների:

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ նախագծի պաշտոնական բացման արարողությունը, որի ժամանակ «Բի Էս Սի» կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը խոսեց կազմակերպության գործառույթների եւ նպատակների մասին: Նրա խոսքով՝ տրվում է երկարաժամկետ խոստումնալից ծրագրի մեկնարկը, որը կլինի իր անվանը համահունչ՝ «Quick start»: Սամվել Գեւորգյանը մանրամասն ներկայացրեց մի շարք վիճակագրական տվյալներ աշխատաշուկայի մասին, ինչպես նաեւ մատնանշեց այն բոլոր դրույթներն ու մեթոդները, որոնք պետք է կիրառել աշխատանք գտնելու համար՝ շեշտելով նաեւ մասնագիտական հմտություններն ու փորձը, քանի որ շատ դեպքերում շրջանավարտների միայն 14 տոկոսն է լիովին կամ մեծամասամբ տիրապետում մասնագիտական հմտություններին եւ ունենում գրագիտության մակարդակ: Պետք է ունենալ նաեւ վերլուծական միտք, որը պետք է զարգանա հենց բուհերում:



Հայաստանյան իրականության մեջ կան մի շարք ոլորտներ, որոնք զարգանալու միտումներ ունեն, մասնավորապես՝ 
1.    Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 
2.    Տուրիզմ, 
3.    Գյուղատնտեսական արտադրություն: 

Հիմնադիրը նաեւ նշեց, որ նախագիծը, բուհերի հետ աշխատելուն զուգահեռ, առաջիկա տարիներին կձգտի գնալ դեպի դպրոց, քանի որ հենց դպրոցից պետք է երեխաներին սովորեցնել որոշակի հմտություններ: 



Հանդիպմանը ներկա էր նաև Staff.am-ի հիմնադիր Լուիզա Ավետիսյանը եւ համահիմնադիրը, «ԱՐՄԱԿԱԴԱ»-ի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը, «Saege» ընկերության տնօրեն Էմմա Սարգսյանը: Նրանք եւս հանդես եկան ելույթներով: 

Միջոցառման վերջում տեղի ունեցավ վիճակահանություն, որը 10 մասնակցի հնարավորություն տվեց անվճար մասնագիտական թեստավորում անցնել, 10-ին՝ ճիշտ ինքնակենսագրություն կազմելու անվճար խորհրդատվություն ստանալ, եւ եւս 10 մասնակից փորձնական հարցազրույցի հնարավորություն ստացավ ՝ ինքնաներկայացման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար:



Այսպիսով՝ հայաստանյան իրականության մեջ գործող այս նոր հարթակը՝ «Quick Start»-ը, կապահովի բուհից աշխատաշուկա անցումը եւ նոր դռներ կբացի խելացի եւ գիտելիքով զինված երիտասարդների համար: