Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-11-2016
Աշխատանքի ընդունվելիս նախ պետք է զինվել օրենքի ուժով
Մարդու առօրյայի, կենսամակարդակի ամենակարեւոր կետերից մեկն աշխատանքն է:

Մենք ուզում ենք ունենալ մեր գիտելիքներին, մասնագիտացմանը, կարողություններին հարիր եւ բարձր վարձատրվող աշխատանք: Սակայն աշխատանքի ընդունվելիս, աշխատանքի ընթացքում, անգամ աշխատանքից դուրս գալիս մենք չգիտենք կամ չենք ուզում կիրառել այն ամենակարեւոր կետերը, որոնք մտնում են գործատուի եւ աշխատողի իրավունքների եւ պարտականությունների մեջ:

Քչերիս է հայտնի, որ հարցազրույցների ընթացքում գրեթե պարտադիր հնչող հարցերից «ամուսնացած ես, թե ոչ», «քանի երեխա ունես», «ինչ կրոնի ես պատկանում» եւ այլն, արգելված են ՀՀ Սահմանադրությամբ, եւ գործատուն իրավունք չունի ոչ միայն մեզ ծանրաբեռնել այդ հարցերով, այլեւ ըստ  այդ հարցերի՝ ընդունել կամ չընդունել աշխատանքի:

«Շատ դեպքերում հարցազրույցի ընթացքում գործատուները տալիս են հարցեր, որոնք նպատակ են հետապնդում բացահայտելու անձի էթնիկ կամ սոցիալական ծագումը, ազգային, կրոնական պատկանելությունը, գույքային դրությունը կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ: Հաճախ նշված հարցերի պատասխաններից է կախված լինում անձին աշխատանքի ընդունելու եւ նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքելու հեռանկարը:

Մատնանշված իրավիճակն իրավաչափ չէ, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն արգելված է վերը մեջբերված հանգամանքներով պայմանավորված խտրականությունը՝ սահմանելով բոլորի հավասարությունը օրենքի առջեւ»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը:

Աշխատանքային խտրականություններին բախվում են հատկապես երիտասարդները, ովքեր ուզում են աշխատանքային փորձ ձեռք բերել հետագա առաջընթացի, ավելի լավ աշխատանք գտնելու հեռանկարները զարգացնելու համար: Այսպիսի դեպքերում հաճախ են օգնության հասնում տարբեր տեսակի կամավորական աշխատանքները եւ ավանդույթ դարձած փորձաշրջանները, որոնք շատ դեպքերում ավարտվում են գործատուի պահանջներին անհամապատասխանելիությամբ: Երբեմն գործատուները երիտասարդներին աշխատանքի ընդունելիս պահանջում են անցնել փորձաշրջան՝ առաջարկվող աշխատանքին նրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: 

Տիգրան Ղազարյանը փաստում է, որ փորձաշրջանը սահմանվում է ոչ թե մինչ աշխատանքային պայմանագիր կնքելը, այլ աշխատանքային պայմանագրով: Այլ կերպ ասած, փորձաշրջան սահմանելիս գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որով ամրագրվում են դրա տեւողությունը եւ պայմանները. «ՀՀ աշխատանքային օրենսգիրքը մանրամասն կարգավորում է փորձաշրջանին վերաբերող հարցերը, այն է՝ փորձաշրջանի ընթացքում աշխատողի իրավունքներն ու պարտականությունները, փորձաշրջանի սահմանման արգելքները, տեւողությունը, արդյունքները: 

Մասնավորապես օրենսդիրը սահմանել է, որ փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները (այդ թվում՝ աշխատավարձ ստանալու) եւ կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են աշխատանքային օրենսդրությամբ, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով»:

Անդրադառնալով փորձաշրջանի կիրառման սահմանափակումներին՝ Տիգրան Ղազարյանը նշեց, որ այն արգելվում է սահմանել, երբ աշխատանքի են ընդունվում 18 տարին չլրացած անձինք:

Ինչ վերաբերում է փորձաշրջանի տեւողությանը, ապա ՀՀ աշխատանքային օրենսգրքով ուղղակիորեն սահմանված է, որ այն չի կարող երեք ամսից ավելի լինել, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ վեց ամսից: Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջանն անցած, ուստի կնքված աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել այդ հիմքով:

Աշխատանքի ընդունվելիս առավել հաճախ տարածված խնդիրներից մեկն էլ դիմողի գաղափարները գողանալն է: Այս դեպքում պետք է ավելի քան զգույշ լինել, քանի որ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն սահմանում է, որ հեղինակային իրավունքը չի տարածվում գաղափարների, տեսակետների վրա: Ուստի հարցազրույցի ժամանակ հնչեցված գաղափարների նկատմամբ դիմողի իրավունքների պաշտպանության հիմքեր օրենսդրությամբ նախատեսված չեն:

Ըստ փաստաբանի` իրավունքների պաշտպանության երաշխիքներ սահմանված են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ, որոնք մի դեպքում ներառում են գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, իսկ մյուս դեպքում՝ գրականության, գիտության եւ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (հեղինակային իրավունքը):  Ինչ վերաբերում է առաջին խումբ օբյեկտներին, ապա դրանց նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե օրենքով սահմանված կարգով տրվել է արտոնագիր: Ի տարբերություն առաջինի` երկրորդ խումբ օբյեկտների նկատմամբ անձը ձեռք է բերում հեղինակային իրավունք այն ստեղծելու փաստի ուժով:

Նմանօրինակ դեպքերում փաստաբանը խորհուրդ տվեց հարցազրույցների ժամանակ սեփական գաղափարները ներկայացնելիս կենտրոնանալ արդյունքի, այլ ոչ թե դրան հասնելու միջոցների եւ եղանակների վրա. «Այն դեպքում, երբ գործատուին կհետաքրքրի Ձեր գաղափարը, նա առավել շահագրգիռ կլինի Ձեզ հետ աշխատանքային պայմանագիր կնքելու»: