Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-11-2016
Գաբրիել Գարսիա Մարկես. «Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջեւ դրանք չհանեմ»
Արձակագիր, լրագրող, սցենարիստ, կինոքննադատ, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ լատինամերիկյան բումի ակնառու ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսը 20-րդ դարի խոշորագույն գրողներից է: Կախարդական ռեալիզմի հեղինակներից մեկին՝ Մարկեսին էլ անդրադարձել ենք «Գրական իրարանցում» խորագրի ներքո:

Խոշորագույն գրողի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունը սերտորեն կապված է «մոգական ռեալիզմի» հետ։ Գրողը 1982 թ.-ին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ վեպերի եւ պատմվածքների համար, որոնցում երեւակայությունը եւ իրականությունը միախառնվելով արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը եւ կոնֆլիկտները։ «Հարյուր տարվա մենություն» վեպը թարգմանվեց 37 լեզուներով եւ ազդեցություն թողեց ամբողջ աշխարհի վիպասանական ընթացքի վրա։ Նա դարձավ առաջին կոլումբիացին, ով ստացավ այդ մրցանակը: 

Նովելիստ Մարկեսին համաշխարհային ճանաչում բերեց հենց «Հարյուր տարվա մենություն» վեպը, որը լատինամերիկյան գրականության գլուխգործոցներից է: Այն իսպաներենով գրված ամենակարդացվող եւ թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Մարդու միայնությունն է Մարկեսի ստեղծագործությունների մեծ մասի թեման, լատինամերիկյան մշակույթի էությունն ընկալելու եւ կարիբյան աշխարհի յուրահատուկ գծերը որոշարկելու սեւեռուն գաղափարը։

Մեծանուն գրողը մահացավ 2014 թ.-ին՝ 87 տարեկան հասակում՝ թողնելով գրական այնպիսի մեծ ժառանգություն, որը կարդացվելու է, եւ որի մասին խոսվելու է հարյուրամյակներ շարունակ: Մարկեսն այդ ամենին հասավ շնորհիվ այն բանի, որ կարողացավ հասկանալ ընթերցողի գրական պահանջն ու հետաքրքրությունը: Այո՛, կանցնեն շատ տարիներ, եւ նրա գրական մտքի յուրօրինակ ձեռագիրը դեռ երկար ժամանակ կմնա ընթերցողի հոգում, որովհետեւ մարկեսյան տողերից յուրաքանչյուրը լեցուն է հուզականությամբ… Թեեւ գրողն այսօր չկա, բայց նրա ստեղծագործություններն ու իմաստուն մտքերն առայսօր շարունակում են ձեռքից ձեռք անցնել եւ գրավել նորանոր ընթերցողների սրտեր:



«Իմ խնդիրն այն է, որ ինձ սիրեն: Դրա համար էլ ես գրում եմ: Ես շատ եմ վախենում, որ կա ինչ-որ մեկը, որ ինձ չի սիրում, եւ ես ուզում եմ, որ այս հարցազրույցի հետո նա ինձ սիրի»,- խոստովանել է Մարկեսը մի հարցազրույցի ժամանակ:

Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործական մտածողության վրա մեծապես ազդել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Վիլյամ Ֆոլքները, Ջեյմս Ջոնսը, Վիրջինիա Վուլֆը եւ Ֆրանց Կաֆկան։ Նրա գրական կարիերան սկսվեց 1950 թ.-ին, երբ Բարրանկիլնում սկսեց աշխատակցել «El Heraldo» թերթին։ Այդ տարիներին նա դառնում է գրողների եւ ժուռնալիստների ոչ պաշտոնական խմբի ակտիվ անդամ։ Հենց այդ ժամանակ էլ «El Espectador» թերթում տպագրվեցին նրա հոդվածները, որոնք հիմնականում ունեին քննադատական բնույթ:

2002 թ.-ին լույս է տեսնում հեղինակի կենսագրական եռահատորյակը՝ «Ապրել կյանքի մասին պատմելու համար»-ը, որը դառնում է իսպանական աշխարհում լավագույն վաճառվող գիրքը։ Այն գրված է մոգական ռեալիզմի ոճով: Սպասումը մեծ է՝ այն հայերեն տարբերակով տեսնելու առումով (հեղ.- Հ.Վ):

Մարկեսի նկատմամբ սերն ու հարգանքն արտահայտվեցին նաեւ այս տարվա օգոստոսին, երբ Կոլումբիան շրջանառության մեջ դրեց հայտնի գրողի պատկերով թղթադրամներ: 50 հազար պեսո (17 դոլար) արժողությամբ նոր թղթադրամները բաց կարմիր գույն ունեն: Մարկեսը պատկերված է երկու նկարով: Ավանդական նկարից բացի՝ թղթադրամը զարդարում է գրողի պատկերը՝ շրջապատված թիթեռներով: Դա «Հարյուր տարվա մենություն» վեպի հղումն է:



Գաբրիել Գարսիա Մարկեսը չհասցրեց ավարտել «Մենք կհանդիպենք օգոստոսին» վեպը, որը պատրաստ է, սակայն հեղինակը մտադիր էր փոխել վերջաբանը: Վեպի գլխավոր հերոսուհին 53-ամյա կին է, որ ամեն տարվա օգոստոսին գնում է Կարիբյան կղզիներից մեկը, որտեղ թաղված է մայրը: Կինը երջանիկ ընտանիք ունի, սակայն ուղեւորություններից մեկի ընթացքում սիրավեպ է սկսում ու հույսով է, որ ինչ-որ բան է տեղի ունենալու ամեն տարվա նույն օրը: Մարկեսի ընկերները հայտնել են, որ կա չհրապարակված ստեղծագործության երկու տարբերակ: Գրողի գործակալներն առայժմ հրաժարվում են մեկնաբանել գրքի հրապարակման հնարավորությունը:

Կոլումբիացի գրողի մահից հետո աշխարհահռչակ երգչուհի Շակիրան ֆեյսբուքյան իր էջում շտապեց գրել. «Հարգելի՛ Գաբո, մի առիթով Դուք ասել եք, որ կյանքն այն չէ, ինչ մարդ ապրում է, այլ այն, թե ինչպես է նա հիշում ու վերապատմում դա... Ձեր կյանքը, հարգելի՛ Գաբո, բոլորիս կողմից կհիշվի իբրեւ եզակի ու բացառիկ պարգեւ եւ յուրահատուկ պատմություն: Ձեզ հրաժեշտ տալը բարդ է այն ամենով հանդերձ, որ տվել եք մեզ: Դուք միշտ կլինեք իմ ու բոլոր նրանց սրտերում, ովքեր սիրել ու հիացել են Ձեզնով»:

ԵՊՀ դոցենտ, գրականագետ Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերում ու պատմվածքներում ստեղծված առասպելական ու իրական  աշխարհները հրաշալի են, տարօրինակ, երբեմն սարսափելի, սակայն միշտ անկրկնելի են իրենց գեղարվեստական ամբողջականությամբ, իրականի ու առասպելականի նուրբ համադրություններով, կենսական փոքրիկ, աննշան թվացող մանրամասների նկատմամբ մեծ ուշադրությամբ եւ այդ մանրուքներից ծնվող համատիեզերական, բայց միշտ մարդկային ողբերգությունների ապշեցուցիչ պատկերներով:

««Հարյուր տարվա մենություն» կամ «Նահապետի աշունը» վեպերը հմայում են դիպաշարերի անսպասելի զարգացումներով, հակասական ու ողբերգական կերպարներով, հեղինակի հարուստ երեւակայության խաղով ու ընթերցողին ցնցող, հուզող, առնվազն մտածել տվող գաղափարական ընդհանրացումներով` կյանքի ու մահվան, պահի ու հավերժության, արարչի ու մարդու, սիրո, դավաճանության, բռնապետության եւ մտածող ու զգացող մարդուն մշտապես հուզող շատ այլ թեմաների մասին»,- մեզ հետ զրույցում մարկեսյան ոճն ընդհանրացրեց Հայկ Համբարձումյանը:



Գաբրիել Գարսիա Մարկեսի մահից հետո գրողի գրքերի վաճառքը մեծ ցուցանիշ արձանագրեց: Դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանում Հայաստանում թարգմանվել եւ հրատարակվել էին նրա մի քանի ստեղծագործություններ՝ «Հարյուր տարվա մենություն» եւ մի քանի փոքրիկ պատմվածքներ: «Բուկինիստ» հրատարակչությունը բոլորովին վերջերս երեք առանձին գրքով հրատարակեց «Հարյուր տարվա մենություն»,  «Նահապետի աշունը» եւ «Սերը ժանտախտի օրերին» վեպերը: Գրքերից եւ ոչ մեկն այժմ գրախանութներում չկա. դրանք ամբողջությամբ սպառվել են:

Ի ուրախություն շատերի՝ հայ ընթերցողը շուտով հնարավորություն կունենա կարդալու Գաբրիել Գարսիա Մարկեսի նոր՝ բնագրից թարգմանված ստեղծագործություններ: «Անտարես» հրատարակչությունն առաջինն է Հայաստանի պատմության մեջ, որ օրինական ձեռք է բերել գրողի «Նահապետի աշունը» եւ «Հարյուր տարվա մենություն» վեպերի հեղինակային իրավունքները:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ գրքերը շուտով կհրատարակեն «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով. «Հայ ընթերցողը պետք է անպայման կարդա Մարկես, քանի որ նա մեծ գրականություն է ստեղծել: Մեր հրատարակչությունը երկար ժամանակ է, ինչ ցանկանում էր հրատարակել նրա ստեղծագործությունները, սակայն հեղինակային իրավունքը միայն վերջերս տրվեց: «Նահապետի աշունը» վեպը, որը թարգմանվել է իսպաներենից, մինչեւ տարվա վերջ լույս կտեսնի…»: