Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի և համացանցից
Տեղադրվել է 26-11-2016
Միխայիլ Բուլգակով. «Նա, ով սիրում է, պետք է կիսի նրա ճակատագիրը, ում սիրում է»
Վիպագիր, դրամատուրգ, բժիշկ, երգիծաբան, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող եւ լրագրող Միխայիլ Բուլգակովը ռուս ամենահայտնի գրողներից է:

Նա իր գրական գեղարվեստական բեղուն գործունեությամբ լուրջ հետք թողեց՝ դասվելով այնպիսի գրողների շարքում, ովքեր ստեղծել են բարձրարժեք գրականություն… 

Ռուս ակնառու գրողն ապրեց ընդամենը 49 տարի: Նրա վեպերը թարգմանվեցին մի շարք լեզուներով: «Վարպետը եւ Մարգարիտան» վեպն էլ Միխայիլ Բուլգակովի ամենասիրված եւ ամենաքննարկված ստեղծագործությունն է, որն արծարծում է գրողի համար շատ կարեւոր` արվեստագետի եւ իշխանության թեման: Թատերական վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի եւ չար սկզբունքների պայքարի մասին:

Հատկանշական է, որ «Սպիտակ գվարդիա», «Տուրբինների օրերը»  եւ «Վազք» պիեսներում հեղինակը ցույց է տվել քաղաքացիական բախումները: Այս ամենի մասին բազմիցս գրվել եւ քննադատվել է ռուսական մամուլի էջերում: Այդ եւ մի շարք այլ ստեղծագործություններ բեմադրվել են ռուսական թատրոններում, գրավել թատերասեր հասարակության ուշադրությունը: Մի քանի ներկայացում եւ Բուլգակովը դարձավ ամենահայտնի դրամատուրգներից մեկը:



Գրողի շատ ստեղծագործություններ նրա կենդանության օրոք չեն հրատարակվել, որոնցից են «Ճակատագրական ձվեր», «Սատանայական», «Շան սիրտը», անավարտ «Թատերական վեպ» ստեղծագործությունները եւ այլն: Հետաքրքրական է նաեւ այն իրողությունը, որ Բուլգակովը մինչեւ կյանքի վերջը լրացրել է «Վարպետը եւ Մարգարիտան» վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին՝ նրա մահից 26 տարի անց:

Բուլգակովը «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի առաջին խմբագրության ընթացքում մի շարք վերնագրեր է մտածել` «Սեւ մոգ», «Ինժեների սմբակը», «Վոլանդի շրջայցը», «Կործանման որդի», «Սմբակով աճպարարը», «Սատանա», սակայն, ի վերջո, համաշխարհային ճանաչում ունեցող գրողը չի կարողացել ընտրել դրանցից որեւէ մեկը: 1930 թ.-ի մարտի 18-ին Բուլգակովը պարզապես ոչնչացրել է իր վեպի առաջին տարբերակը: Հետագայում այն մի քանի անգամ խմբագրվել է հենց հեղինակի կողմից, սակայն այդպես էլ չի ստացվել Բուլգակովի երազած վերջնական տարբերակը:

«Վարպետը եւ Մարգարիտան» փիլիսոփայական ինքնատիպ երկ է: Եվ հետաքրքրականն այն է, որ 1980-ական թթ.-ին ռուս ռեժիսորները փորձել են այդ վեպի հիման վրա ֆիլմ նկարահանել, բայց ոչ մեկի չի հաջողվել. ինչ-ինչ պատճառներով պայմանավորված՝ հետաձգվել են նկարահանումները: Բացի դրանից՝ երկար ժամանակ Բուլգակովի ստեղծագործությունն արգելված գրականություն է համարվել: 



ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիանա Բոցինյանի համար «Վարպետը եւ Մարգարիտան» վեպը սիրելի գրքերից է: Թեեւ Վոլանդի կերպարն իր համար լավագույնը չէ (նրա համար անգերազանցելի է Գյոթեի Մեֆիստոֆելը), սակայն ըստ նրա՝ այն առանձնահատուկ է մեղքի եւ պատժի առումներով. «Ինձ վրա առավել խորը տպավորություն է թողնում սյուժեում զարգացող երկրորդ գիծը՝ Յեշուայի մասին: Վեպում հետաքրքիր է հերոսների հուզական աստիճանավորումը, ինչին զուգահեռ անսպասելի փոխվում է մարդկանց տարիքը: Վոլանդը զննող է, քիչ է խոսում. նրա փոխարեն վեպում գործում են իր բազմակերպությունները: Սա առավել խորհրդավոր է դարձնում նրա կերպարը, եւ ըստ այդմ՝ վեպի ընթերցումը»: 

Ապագա բանասերի կարծիքով՝ վեպերում կարեւոր են նաեւ ներկայացվող գույները: Մարիաննան «Վարպետը եւ Մարգարիտան» ստեղծագործության մեջ գերիշխող գույներ է տեսնում սեւը եւ դեղինը. «Գույների «տեսանելիությունը» շատ կարեւոր գործոն է գրականության մեջ: Վստահորեն կարող եմ նշել, որ Բուլգակովն այն առանձնահատուկ գրողներից է, որոնց ստեղծագործությունները կարելի է մի քանի անգամ ընթերցել եւ ամեն անգամ նոր բացահայտումներ անել»:

Ի տարբերություն շատ այլ գրքերի՝ Բուլգակովի ստեղծագործություններից մի քանիսը ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն տարբերակներով հասանելի են հայաստանյան գրախանութներում: Մեր երկրում «Վարպետը եւ Մարգարիտան» վեպն առաջին անգամ թարգմանվել է 1985 թ.-ին՝ 30.000 տպաքանակով: Այն թարգմանել է երջանկահիշատակ թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհանիսյանը: Գրքի առաջաբանում թարգմանիչը գրել է. «Այն գրողի ամենանշանակալի ստեղծագործությունն է՝ Պիղատոսի եւ Յեշուայի պատմությունը, լուծված որպես մարդու պատասխանատվության բարոյական պրոբլեմ, Վարպետի եւ Մարգարիտայի սիրո ֆանտաստիկ պատմությունը»:

«Վարպետը եւ Մարգարիտան» գիրքը ժամանակակից նոր լուծումներով եւ լուսանկարներով «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով վերահրատարակեց «Անտարես» հրատարակչությունը: Սա եւս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ այս գիրքը Հայաստանում դասվում է ամենակարդացվող գրքերի շարքում: Հրատարակչությունը ձեռնամուխ եղավ նաեւ Բուլգակովի՝ հայ ընթերցողին քիչ հայտնի պատմվածքները թարգմանելու եւ հրատարակելու գործին:



«20-րդ դարը վեպի հրաշալի նմուշներ է տվել, բայց կան մի քանի ստեղծագործություններ, որոնք պարզապես միֆական եւ առասպելական են: Այդ առումով առաջին հերթին պետք է խոսենք հանճարեղ մի ստեղծագործության՝ «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի մասին: Մի քանի ասպեկտներով Բուլգակովը գրականության նոր հեռանկարներ բացեց. առաջին հերթին՝ իրականը եւ անիրականն իրար հետ միահյուսելու միֆը եւ իրականությունը միմյանց բաղդատելու եւ միմյանցով բացատրելու կարողությունը: Վեպը հսկայական ազդեցություն է թողել 20-րդ դարի գրականության վրա»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է բանաստեղծ եւ թարգմանիչ Հակոբ Մովսեսը:

Մեր հարցին ի պատասխան՝ երեւանյան մի շարք գրադարաններից մեզ պատասխանեցին, որ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպը հրատարակությունից ի վեր մշտապես եղել է ընթերցասերների ուշադրության կենտրոնում: Գրքի վերաբերյալ տարբեր տարիների ե՛ւ գրականագետների, ե՛ւ ընթերցասեր ուսանողների կողմից կազմակերպվել են քննարկումներ, ակցիաներ եւ այլն:

Հետաքրքիր է

Միխայիլ Բուլգակովը մահից առաջ խնդրել էր կնոջը, որ եթե օրերից մի օր տպագրվի իր գիրքը (այդ տարիներին նա չէր էլ կարող երազել այդ մասին), ապա նա գա իր գերեզմանի մոտ եւ գրքի ամբողջ հոնորարը տա այն մարդուն, ով այցի կգա իր շիրիմին: Կինը սրբությամբ կատարել է այդ պատգամը. գրքի ամբողջ հոնորարը տրվել է մի ուսանողի, ով բուլգակյան ոճով ոգեւորված՝ այցելել էր Մոսկվայի գերեզմանատուն՝ գրողի շիրիմին: