Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-11-2016
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի հյուրն էր Լեւոն Հարությունյանը
Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 6-րդ փուլի երկրորդ միջոցառումը: Միջոցառման հյուրն էր սիրված դերասան եւ հաղորդավար Լեւոն Հարությունյանը:

Մեզ հետ զրույցում Լեւոն Հարությունյանը նշեց, որ գալուց առաջ չի մտածել, թե ինչով կարող է կիսվել, քանի որ պետք է հասկանա, թե արդյոք երեխաների պարզ ու մաքուր աշխարհում կարող է տեղավորվել, եւ թե արդյոք այդ աշխարհում նա տեղ ունի:

«Դու գալիս ես մի աշխարհ, որտեղ նրանք ցանկանում են հասկանալ՝ դու ո՞վ ես, դու իրենց ընկե՞րն ես, իրենք քեզ կտեղավորե՞ն այդ աշխարհում, ուստի ես սպասում եմ նրանց հետ հանդիպմանը, որը ե՛ւ վախենալու է, ե՛ւ հաճելի, ե՛ւ հուզիչ: Սա ինձ համար ներկայացման նման է, երբ ամեն ներկայացումից առաջ անհանգստանում եմ, իսկ հիմա՝ առավել եւս, քանի որ երեխաները շատ մաքուր են, նրանց հետ պետք է զգույշ լինել»,- ասաց Լեւոն Հարությունյանը եւ հավելեց, որ երեխաների հետ հանդիպելուց առաջ երբեք չի պատրաստվում:



Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ ամենակարեւորը՝ երեխաներին ժպիտ ու երջանկություն պարգեւեց: Լեւոն Հարությունյանը երեխաների համար ընթերցեց Մարիամ Պետրոսյանի «Թեւավոր շունը» հեքիաթը, որն ուղեկցվեց ներկայացմամբ: 

Մենք զրուցեցինք նաեւ նախագծի կազմակերպիչ Մանուկ Նիգոյանի հետ, ով նաեւ Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահն է: Այն հարցին, թե առհասարակ նման գաղափար ինչպես ծագեց, Մանուկ Նիգոյանը նշեց, որ գրքի գովազդ իրականացնելու կարիք կար, ինչն առավել արդյունավետ կլիներ հայտնի անձանց ներառելու արդյունքում: Այդպիսով՝ հայտնիները նպաստում են գրքի իրացմանը, գրքի հանդեպ հետաքրքրության հարուցմանը: 

«Մենք ունենք բազմաթիվ մանկական հեքիաթներ գրողներ, որոնց աշխատանքներն անհայտ են մնում: Մենք փորձեցինք մի հետաքրքիր միաձուլում իրականացնել. այն է՝ այս նախագծի միջոցով հնարավորություն է տրվում ներառել ե՛ւ հեղինակին, ե՛ւ հայտնի անձի, ով օգնում է իրացնել այդ հեքիաթը, ե՛ւ երեխաներին, ովքեր այդ հեքիաթի կրողն են հանդիսանում: Եվ այս երեք կողմերի միաձուլմամբ ստեղծվում է հրաշալի միջոցառում, որի հյուրերը երեխաներին փորձում են ողողել հեքիաթով»,- ասաց Մանուկ Նիգոյանը:



Այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվում հյուրերը, Մանուկ Նիգոյանը նշեց, որ հյուրերը լինում են նրանք, ովքեր երեխաների կողմից ճանաչված են եւ սիրված: «Երեխաներն արդեն ճանաչում են Մկոյին, Դավիթ Սահակյանցին, Իվետա Մուկուչյանին, Սոֆի Մխեյանին եւ այսօր արդեն Լեւոն Հարությունյանին: Բոլորին երեխաները ճանաչում են: Մենք փորձում ենք մոտավոր գուշակել, թե մեր երեխաներն ում կցանկանան տեսնել հաջորդ հյուրի դերում: Մենք հաստատ գիտեինք, որ երեխաները կցանկանան տեսնել Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ին ներկայացրած Իվետա Մուկուչյանին, «Յո-Յո» ծրագրից հայտնի Լեւոն Հարությունյանին, կատակերգություններով հայտնի Մկոյին, Դավիթ Սահակյանցին, ում դեմքով գուցե չեն ճանաչում, սակայն հաստատ դիտել են «Անահիտ» մուլտֆիլմը եւ հաստատ կուզենան իմանալ, թե ով է նկարել այդ մուլտֆիլմը»,- նշեց Մանուկ Նիգոյանը:

Վերջինս հավելեց, որ նախագիծն ապագայում անակնկալներ ունի, մասնավորապես հյուրերի ցանկում կլինեն Հայաստանի ամենախոշոր գործարարները, ովքեր կներկայացնեն իրենց գրքերը:

Պատկերասրահ՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» (6-րդ փուլ)