Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Տալիթա Բաղդասարյանի
Տեղադրվել է 01-12-2016
«ՀՀ երիտասարդ ընտրող» ծրագրի հյուրն էր ԿԸՀ նախագահը
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնում է «Հայաստանի Հանրապետության երիտասարդ ընտրող» ծրագիրը:

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի պետական համալսարանի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական դասընթացը, որը վարում էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը, դասախոսներ եւ ուսանողներ:

Տիգրան Մուկուչյանը դասընթացի շրջանակում մանրակրկիտ ներկայացրեց Ընտրական օրենսգրքում ամրագրված նոր կանոնակարգումները, մասնավորապես թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները, ինչ ընթացք են ունենում, ինչպես են ձեւավորվում ընտրական հանձնաժողովները, ինչպես են բաշխվում մանդատները, ինչպես են կիրառվելու այն սարքավորումները, որոնք առաջիկա ընտրություններին կիրառության են դրվելու:

ԿԸՀ նախագահը նախ կարեւորեց հանրային իրազեկումը, որը ԿԸՀ-ն իրականացնում է ընտրությունների մասին տեղեկատվություն պարունակող տեսանյութերի եւ հրապարակումների միջոցով:

Տիգրան Մուկուչյանը, խոսելով նոր կանոնակարգերի մասին, նշեց, որ կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ եթե նախկինում կար 1 համապետական ընտրական ցուցակ, ապա հիմա՝ մի քանիսը: Յուրաքանչյուր մարզ ունենալու է 1 ընտրական տարածք, բացառություն կկազմեն միայն Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, որոնք հանդես կգան 1 ընտրական տարածքի ներքո: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա կգործի 4 ընտրական տարածք։

Ընտրական ցուցակների մասին խոսելիս ԿԸՀ նախագահը նշեց, որ դրանք էլեկտրոնային ձեւաչափով ընտրություններից 40 օր առաջ կհրապարակվեն ՀՀ ոստիկանության կայքում, ինչպես նաեւ կփակցվեն տեղամասային կենտրոններում: 



Ընտրողն ընտրության կարող է ներկայանալ անձը հաստատող 3 փաստաթղթով.

1.Անձնագիր
2.Նույնականացման քարտ
3. Օտարերկրյա անձնագիր

Տիգրան Մուկուչյանը խոսեց նաեւ երբեւէ չկիրառված տեխնիկական սարքավորումների մասին, որոնք, ըստ կանոնակարգի, չեն լինի միայն քրեակատարողական հիմնարկներում եւ բուժհաստատություններում, որտեղ կիրառվում են շրջիկ արկղեր: Սարքավորումների հետ կապված կիրականացվեն մի շարք կարեւոր գործողություններ.

1.    Ցուցակների սքանավորում,
2.    ԿԸՀ-ն համացանցային կայքում կհրապարակի բոլոր տվյալները,
3.    Հատուկ համակարգի միջոցով տեղեկատվական սարքերում առկա տեղեկատվության հիման վրա կկազմվի տեղեկագիրք:

«Սարքավորումների կիրառությունը թույլ կտա առավել ճիշտ գնահատական տալ գործընթացին, ինչպես նաեւ կգնահատվի իրավիճակը, ու արդեն կլինի որոշակի պատկեր, թե ինչ բացթողումներ են առկա, որոնք հետագայում կլրացվեն: Նշեմ, որ համապետական ընտրություններից 1 ամիս անց մենք ունենք նաեւ Երեւանի ավագանու ընտրություն, որի գործընթացի մասին եւս քաղաքացիներին կիրազեկվի»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով ընտրական հանձնաժողովում ներառված անձանց հարցին՝ ԿԸՀ նախագահը մասնավորապես ասաց. «Ընտրական հանձնաժողովի անդամ կարող է հանդիսանալ այն քաղաքացին, ով անցել է համապատասխան որակավորում: Ներկա պահին կան 32 հազար քաղաքացիներ, որոնցից կուսակցությունները կարող են ըտրել եւ նշանակել»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Դասընթացի ժամանակ վերջինս հանգամանալի պատասխանեց նաեւ ուսանողների հղած մի շարք հարցերի, որոնք կապված էին ԸՕ-ի հետ: