Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 02-12-2016
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի հյուրը Մկրտիչ Արզումանյանն էր
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 6-րդ փուլի երրորդ միջոցառումը, որի հյուրը սիրված դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ Մկրտիչ Արզումանյանն էր, ով առավել հայտնի է որպես Մկո:

Մեզ հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանը նշեց, որ շատ հուզված է, քանի որ շատ պատասխանատու է առհասարակ երեխաների հետ մեկ բեմում գտնվելը, նրանց հետ մեկ ներկայացման մեջ խաղալը:

«Որքան հասցրել եմ, նախապատրաստվել եմ, պետք է աշխատեմ լավ խաղալ ինձ բաժին հասած դերը»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դժվար է երեխաների հետ մեկ բեմում աշխատելը, Մկրտիչ Արզումանյանը նշեց, որ առավել շատ պատասխանատու է, քան դժվար, պարզապես յուրաքանչյուր ասված բառ ու արված ժեստ երեխաներն առավել շուտ են ընկալում, ուստի իսկապես պետք է զգուշավորություն ցուցաբերել:

Այս նախագծի հեքիաթների բեմադրիչ Ստեփան Շահինյանի խոսքով՝ իսկապես նախագիծը ոգեւորիչ հանգամանք է, հատկապես որ նպաստում է գրքի իրացմանը: «Հաճելի է նախագծում աշխատել, երեխաների հետ եւս հաճելի է աշխատանք տանել: Ես շատ վաղուց եմ երեխաների հետ աշխատում բեմադրություններում եւ պետք է փաստեմ, որ երեխաների հետ պատասխանատու է, սակայն՝ առավել հեշտ: Երեխաներն առավել շուտ են ընկալում այն, ինչ մատուցվում է, ինչպես նաեւ առավել պատասխանատվությամբ են մոտենում իրենց առաջ դրված խնդրին»,- նշեց բեմադրիչը:

Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ, նախագծի կազմակերպիչ Մանուկ Նիգոյանն էլ փաստեց, որ յուրաքանչյուր հանդիպումից հետո ոգեւորությունն առավել շատ է մեծանում, քանի որ տեսնելով երեխաների ժպիտները, արձագանքները՝ հասկանում են, որ ոչինչ իզուր չէ: 

«Ամեն հանդիպում միայն դրական արձագանքների է արժանանում, եւ վստահ եմ` հաջորդիվ նման կերպ շարունակվելու է, քանի որ երեխաները հնարավորություն կունենան հանդիպելու առավել հետաքրքիր հայտնի անձանց հետ, որոնց հետ հանդիպումները եւս նրանց կերջանկացնեն եւ ժպիտներ կպարգեւեն»,- ասաց Մանուկ Նիգոյանը: 

Նշենք, որ այսօր ներկայացվեց Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» հեքիաթը, որը դրական էներգիա եւ ժպիտներ պարգեւեց երեխաներին:

Պատկերասրահ՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» (6-րդ փուլ)