Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանից և համացանցից
Տեղադրվել է 12-12-2016
Խուլիո Կորտասար. «Ես չեմ կարող գրել ո՛չ ուրիշի թելադրանքով եւ ո՛չ էլ բռնանալով ինձ վրա»
Արգենտինացի գրող, լեզվաբան, սցենարիստ, վիպագիր, ակնարկագիր, թարգմանիչ, բանաստեղծ, պրոֆեսոր, դրամատուրգ եւ գրական քննադատ Խուլիո Կորտասարը գրել է պատմվածքներ եւ բանաստեղծություններ:

Հիմնականում հանդես է եկել մոգական ռեալիզմի ոճով: Նրա վաստակն  արժանացել է արտասահմանյան գրականության՝ Մեդիչիի մրցանակին:

Խուլիո Կորտասարի ստեղծագործությունները, ինչպես եւ Գաբրիել Գարսիա Մարկեսի, Մարիո Վարգաս Լյուսայի, Միգել Անխել Աստուրիասի, Կարլոս Ֆուսենտեսի, Ալեխո Կարպենտյերի վեպերն ու վիպակները, պատմվածքները վաղուց լատինամերիկյան գրականությունը դուրս են բերել մի այնպիսի ուղեծիր, առանց որի այսօր հնարավոր չէ պատկերացնել 20-րդ դարի համաշխարհային գրականությունը:

Կորտասարն իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձեւերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն եւ օժտված են մինչ այդ չտեսնված խորը հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը եւ երեւակայականը, Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող:

Արգենտինացի գրողի առաջին տպագրած երկը «Գրավված տունը» պատմվածքն է: Մի առիթով Կորտասարն ասել է. «Ես պատմվածքներ էի գրում եւ միայն պատմվածքներ, անողոք էի իմ հանդեպ, քանզի աչքիս առաջ ունեի Բորխեսին, նրա արտասովոր սեղմությունը»: Բորխեսը միշտ հպարտանում էր, որ 1946 թ.-ին առաջինն է տպագրել Կորտասարին իր «Անալես դե Բուենոս-Այրես» ամսագրում:

«Կորտասար թարգմանելը հեշտ չէ, նույնիսկ  բարդ է: Իր իսկ խոստովանությամբ՝ ինքը շատ էր սիրում ջազային երաժշտություն, նստում, լսում էր երկար, հետո այդ նույն ջազային ոճով պատմվածքներ գրում: Դե՛, հիմա ինքներդ պատկերացրե՛ք՝ գրականություն ջազային ոճով: Բարդությունն ինձ չի վանում, ընդհակառակը՝ գրավում է, որովհետեւ Կորտասարն իմ ամենասիրելի գրողներից է, ու այդ ոճը շատ հոգեհարազատ է ինձ»,- մեզ հետ զրույցում ասաց թարգմանիչ Կառա Չոբանյանը:

Ըստ թարգմանչի՝ Կորտասարը յուրահատուկ է այնքան, որ մինչ օրս գրականագետներն այդպես էլ չեն կարողանում դասակարգել նրա գրականությունը՝ մոգական ռեալի՞զմ է, ֆանտաստի՞կ, թե՞ սյուրռեալիստական. «Ես միշտ տարօրինակ եմ համարում հարցը, թե ինչո՞ւ կարդալ այս կամ այն հեղինակին, երբ խոսքը համաշխարհային մեծ համբավ ունեցող հանճարեղ գրողներին է վերաբերում: Եթե մի անհայտ կամ քիչ հայտնի գրողի մասին լիներ խոսքը, գուցե մտածեի ու պատճառներ թվարկեի: Կորտասարի դեպքում միայն պետք է ասեմ. որովհետեւ ինքը հանճարեղ է: Ով ուզում է հասկանալ, թե ինչու, թող կարդա ու անպայման կհասկանա: Ով չի ուզում կարդալ, ինչ էլ որ ասեմ, միեւնույն է, չի կարդալու»:

«Բորխեսն ինձ եւ ողջ մեր սերնդին ուսուցանեց խիստ պահանջկոտությունն ինքդ քո հանդեպ, սովորեցրեց սթափ գնահատել ինքդ քեզ, սովորեցրեց չտպագրել որեւէ բան, ինչը մասնագիտական տեսանկյունից շատ լավ չի արված»,- ասում էր ողջ Լատինական Ամերիկայի մշակույթին հռչակ բերած արգենտինացի արձակագիր Խուլիո Կորտասարը, ով իր կյանքի զգալի մասն ապրեց Փարիզում եւ իր սիրելի քաղաքում գրեց վեպերն ու պատմվածքները: 

Կորտասարի պատմվածքների առաջին ժողովածուն լույս տեսավ, երբ նա արդեն 50 տարեկան էր: Չնայած Կորտասարն իր լավագույն ստեղծագործությունը համարում էր «Դասարանաախաղ» վեպը, դժվար է լատինամերիկյան գրականությունը պատկերացնել առանց նրա պատմվածքների, որոնցում լիովին ընդգծվում եւ բացվում է կորտասարյան գեղագիտության պատկերը, նրա մեծ տաղանդն ու կարճ տարածության մեջ խտացման վարպետությունը:



Ռազմական դիկտատուրան հայրենիքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում թղթակից ու թարգմանիչ աշխատելը, որը նրան աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր տալիս, դրդեցին նրան մնալ Փարիզում, ինչի մասին Կորտասարն ասում էր. «Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքում, որն ամեն ինչ է, քան հակառակը»:

Հարցին, թե արդյոք գոյություն ունեն նախնական սխեմաներ, որոնց հիմքի վրա դուք աշխատում եք, գրողը պատասխանել է. «Ես չեմ կարող գրել ո՛չ ուրիշի թելադրանքով եւ ո՛չ էլ բռնանալով ինձ վրա: Ինչ էլ որ ես ստեղծեմ, այնտեղ պետք է լինեն ֆանտաստիկայի, գրոտեսկի, հումորի, բառախաղի տարրեր: Այլ կերպ ես չեմ կարող գրել, առանց ինչ-որ բան գլխիվայր շրջելու, նոր բան հնարելու: Աշխատանքային իմ մեթոդը հակադիր է գեղարվեստական ստեղծագործության ռոմանտիկական մեթոդին: Ինձ համար գրելը խաղային աշխարհի մասն է: Ե՛վ վիթխարի հաճույք է, ե՛ւ վիթխարի աշխատանք: Դու նզովում ես աշխարհի երեսին ամեն ինչ, ուժասպառվում եւ հոգիդ հանում ես եւ դրանից վիթխարի հաճույք ես ստանում»:

«Ես ոչ մի սխեմա էլ չեմ ունեցել: Գրականության մեջ հրաշք է տեղի ունենում, համենայն դեպս, իմ գրած վեպերում դա պատահել է. սխեմաները հայտնվում են կարծես թե ինքնաբերաբար: Բավական է մի քանի ծավալուն հատվածներ, տարրեր, մի քանի գործող անձ ներմուծես, եւ ամեն ինչ սկսում է փոխհարաբերության մեջ մտնել, եւ այդ ամենն ակամա ինձ լուծումներ է թելադրում եւ իմ առջեւ խնդիրներ է դնում: Ասենք՝ տիկնիկի գործառնությունը վեպում: Ես բնավ էլ չէի պատրաստվում տեքստի մեջ նմանատիպ բան ներմուծել: Սակայն մի անգամ գնում էի գնացքով եւ տեսա, թե ինչպես մի աղջնակ արկղից հանեց տիկնիկն ու երկար նայում էր նրան, եւ դրանում նույնիսկ ինչ-որ անպարկեշտ բան կար»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է գրողը:

Կորտասարը շատ հաճախ դժգոհ է եղել իր ստեղծագործությունների բնագրից կատարված թարգմանություններից: Նա, ինչպես արդեն նշեցինք, հատուկ՝ ջազային ռիթմով է գրել: Իր պատմվածքների գլխավոր խնդիրներից մեկն էլ այդ ռիթմին հասնելն էր: Գրողը շատ հաճախ դժգոհել է, որ այդ ռիթմը թարգմանիչները չեն կարողանում որսալ:

Կորտասարի ստեղծագործություններից հայերենով տպագրվել են մի քանիսը: Դրանցից առաջինը՝ «Վիճակախաղ» վեպը, տպագրվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում, որին հաջորդել են «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս տեսած պատմվածքները՝ «Այստեղ եւ հիմա» գրքով: Երեւանյան գրախանութներում քիչ չեն նաեւ ռուսերենով թարգմանված գրքերը, որոնք նույնպես ունեն վաճառքի լավ ցուցանիշ. Կորտասարը պահանջված գրող է հայ ընթերցողների շրջանում: