Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 15-12-2016
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի հերթական հյուրը Սոֆի Մխեյանն էր
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը շարունակվում է: Այսօր տեղի ունեցավ նախագծի 6-րդ փուլի 4-րդ միջոցառումը: Հանդիպման վայրը նույնն էր՝ նախագծին մշտապես հյուրընկալող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:



Միջոցառման հյուրն էլ այս անգամ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանն էր, ում մուտքը դահլիճ մեծ ոգեւորություն առաջացրեց երեխաների շրջանում: 



Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ, նախագծի կազմակերպիչ Մանուկ Նիգոյանը նշեց, որ այս անգամ եւս բավականին հետաքրքիր բեմադրական լուծումներ են տրվել՝ համեմված Սոֆի Մխեյանի երգի ներքո կատարվող պարով: 



«Մեր բեմադրիչ Արտակ Ավետիսյանն իսկապես հետաքրքիր բեմադրություն այսօր կներկայացնի, եւ հաստատ մեր երեխաները գոհ կմնան: Մենք այսպիսով փորձում ենք բազմաբնույթ ներկայանալ, քանի որ եթե նախորդ անգամ մեր հյուրը՝ Մկրտիչ Արզումանյանը, իր դերասանական խաղով զարմացրեց մեր փոքրիկ հանդիսատեսին, ապա այս անգամ Սոֆի Մխեյանը՝որպես երգչուհի, կփորձի լրացնել երաժշտական մասը»,- ասաց Մանուկ Նիգոյանը:



Վերջինս նաեւ փաստեց, որ նախագծում պատահական չեն ընտրվում հյուրերը, այլ փորձ է արվում ներառել հայտնիներին, ովքեր իրենց տաղանդով ու կարողություններով առավել հետաքրքիր են դարձնում միջոցառումները:



Նշենք, որ միջոցառման ընթացքում ներկայացվեցին Գեորգի Հարությունյանի «Սյունեցի Գոռը» հեքիաթ-վիպակն ու գրադարանի թատերական խմբակի սաների մասնակցությամբ փոքրիկ ներկայացում: Ներկա էր նաեւ հեքիաթ-վիպակի հեղինակը: