Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 19-12-2016
Կայացավ «Վաղվա Հայաստանը կերտելու են այսօրվա երիտասարդները» խորագրով համաժողովը
«Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր կայացավ «Վաղվա Հայաստանը կերտելու են այսօրվա երիտասարդները» խորագրով համաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 15 ՀԿ:

Համաժողովին ներկա էին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, բնապահպան Սիլվա Ադամյանը եւ այլք։ 



Համաժողովի նպատակն էր ստեղծել մի նոր հարթակ, որը կազմված կլինի երիտասարդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ովքեր լի են տարատեսակ առաջադեմ գաղափարներով, ներուժով եւ բազմաթիվ ծրագրեր իրագործելու եւ վաղվա Հայաստանի կերտման գործում իրենց ներդրումն ունենալու ձգտմամբ:



ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձավ հասարակական կազմակերպությունների դերին ու նշանակությանը ոչ միայն միջազգային մակարդակով, այլեւ հայաստանյան կյանքում՝ համարելով, որ ՀԿ-ները կարեւոր դերակատարություն ունեն յուրաքանչյուր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ։



«Մենք ունենք երիտասարդներ, որոնք իրենց կարողություններով կարող են բարդ, ճգնաժամային, հոգեբանական, տնտեսական եւ քաղաքական իրադրության պայմաններում ելք գտնել։ Ես համաձայն չեմ այն թյուր կարծիքի հետ, որ նախկինում ավելին կարող էին անել երիտասարդները։ Ո՛չ, այսօրվա երիտասարդները կարող են արդարացնել մեր սպասելիքները։ Մեր երիտասարդները պետք է կարողանան նոր լուծումներ, առաջարկներ ներկայացնել, որպեսզի անլուծելի թվացող խնդիրներն ի վերջո լուծում ստանան»,-ասաց Արման Նավասարդյանը։



Վերջինս նաեւ հավելեց, որ ՀԿ-ները մեծ ուժ են առհասարակ, հետեւաբար ոչ մի պետական կառույց ի զորու չէ խոչընդոտել հանրային դիվանագիտություն խաղացողներին։ Դեսպանը կարեւորեց նաեւ հասարակական դիվանագիտության եւ պետական դիվանագիտության միջեւ կապը։



Բնապահպան Սիլվա Հակոբյանը կարեւորեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը բնապահպանական գործընթացներում։ Նրա խոսքով՝ նախկինում առավել ակտիվ էին գործում երիտասարդները, քան հիմա։ 



«Մեր երիտասարդները պետք է նոր մոտեցումներ ցուցաբերեն խնդիրների լուծման հարցում՝ ներդնելով իրենց գիտելիքները։ Մենք շատ ենք խոսում, թե ինչ պետք է անել, սակայն երկրորդական պլան ենք մղում, թե ինչպես անել հարցադրումը»,- ասաց Սիլվա Հակոբյանը եւ երիտասարդներին խնդրանք-հորդորով դիմեց՝ առավել ակտիվություն ցուցաբերել։ 



Բնապահպանը նաեւ կարեւորեց Կառավարության եւ հասարակական սեկտորի համագործակցությունը, որը, ըստ նրա, երբեմն բացակայում է։



Համաժողովին ներկա ՀԿ-ները հանդես եկան ելույթներով եւ ներկայացրեցին այն առանցքային խնդիրները, որոնց պատրաստվում են լուծումներ տալ։ ՀԿ-ների ներկայացուցիչները, իհարկե, կարեւորեցին իրենց շրջանակներում ճկուն միտք ունեցող երիտասարդների ներգրավումը։



«Վաղվա Հայաստանը կերտելու են այսօրվա երիտասարդները» խորագիրը կրող համաժողովը եւ առհասարակ նման նախաձեռնություններն իրապես կարեւոր նշանակություն ունեն՝ ՀԿ-ներին մեկ տեղում համախմբելու, խնդիրները ներկայացնելու հետ կապված, քանի որ, ի վերջո, բոլոր ՀԿ-ներին միավորում է մեկ գաղափար՝ կայուն, տնտեսապես հզոր Հայաստան ունենալը։