Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 24-12-2016
Կայացավ Արեւիկ Ծերունյանի «Տեռոր» խորագիրը կրող ցուցահանդեսը
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց նկարչուհի Արեւիկ Ծերունյանի «Տեռոր» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներկայացնում է մեր օրերում չափազանց ակտուալ թեմա:



Յուրաքանչյուր աշխատանք առանձնանում է իր յուրահատկությամբ եւ կարծես քարացած ու խոսուն լռությամբ արտացոլում այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում:



Մեզ հետ զրույցում Արեւիկ Ծերունյանը, խոսելով ցուցահանդեսի կազմակերպման եւ անվան մասին, նշեց, որ պատահական չէ, որ ցուցահանդեսը կրում է «Տեռոր» անունը, քանի որ հիմա աշխարհը ցնցվում է ահաբեկչական գործողություններից ու պատերազմներից. «Մենք տեսնում ենք, թե աշխարհում հիմա ինչ է կատարվում՝ պատերազմներ, ահաբեկչություններ, եւ, բնականաբար, ես եւս չէի կարող անտարբեր մնալ այդ ամենի հանդեպ: Աշխատանքներումս փորձել եմ ներկայացնել այդ ամենը՝ կիրառելով կոլաժի եւ ինստալացիայի միաձուլում: Նման ոճի աշխատանքները Հայաստանում նոր են սկսում տարածում գտնել»:



Այն հարցին, թե ներկայացված աշխատանքներում որ աշխատանքն առանձնահատուկ նշանակություն ունի, նկարչուհին նշեց, որ յուրաքանչյուր աշխատանք իր մեջ խորը հոգեբանություն, յուրահատկություն եւ խորհուրդ ունի, սակայն դժվարանում է որեւէ աշխատանք առանձնացնել, քանի որ բոլոր աշխատանքները մեկ գաղափարի ներքո են:



Նշենք, որ լուսանկարչական աշխատանքներում հերոսուհու կերպարում հանդես է եկել հենց Արեւիկ Ծերունյանը, ով մարմնավորում է մահը:



Այն հարցին, թե արդյոք դժվար չէր հանդես գալ մահվան կերպարում, նկարչուհին նշեց. «Անկեղծ ասած, ես նկարահանումների սկզբում այլ զգացողություններ ունեի, ավարտին՝ այլ, քանի որ իսկապես հոգեբանորեն պետք է տրամադրվել, ու ավարտից հետո սկսեցի բոլորովին այլ կերպ նայել այս երեւույթին։ Բայց պետք է նշեմ, որ աշխատանքային գործընթացը շատ հաճելի էր»։



Հավելենք, որ նկարչուհին նոր է վերադարձել ԱՄՆ-ից եւ որոշել հենց նման ցուցահանդեսով հանդես գալ, քանի որ սա թեման արդիական է: Արեւիկ Ծերունյանը հույս հայտնեց, որ հայ հասարակությանը դուր կգա ցուցահանդեսը: