Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի եւ համացանցից
Տեղադրվել է 26-12-2016
Նոդար Դումբաձե. «Մենք միասին ենք քայլել պատմության քառուղիներով»
Վրացի ականավոր արձակագրի՝ Նոդար Դումբաձեի ստեղծագործությունները դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից թարգմանվել են հայերենով: Հայ ընթերցողը ծանոթացել է Դումբաձե գրողի յուրօրինակ ձեռագրին: «Գրական իրարանցում» խորագրի ներքո այս անգամ անդրադարձել ենք նրա գրական-գեղարվեստական գործունեությանը:

Նոդար Դումբաձեն ծնվել է 1928 թ.-ին Թբիլիսիում: Գիրքն ու գրականությունը եղել են նրա սիրելի զբաղմունքները: Դեռեւս դպրոցական հասակից գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք տպագրվել են վրացական թերթերի եւ ամսագրերի էջերում: 1957 թ.-ից սկսած իրեն ամբողջովին նվիրել է գրական աշխատանքին. եղել է «Ցիսկարի» («Արեւածագ») ամսագրի աշխատակից, հումորային «Նիանգի» («Կոկորդիլոս») ամսագրի խմբագրի տեղակալ, «Վրաց-ֆիլմի» սցենարների բաժնի աշխատակից եւ «Նիանգի» ամսագրի խմբագիր: 

Մաթեւոսյանական ոճով գրող Դումբաձեն գրական կարիերայի հենց սկզբից՝ մեծ ճանաչում ձեռք բերելուն զուգահեռ, պարբերաբար արժանացել է տարբեր պարգեւների՝ Ռուսթավելիի (1975 թ.), Լենինյան կոմսոմոլի (1966 թ.) եւ Լենինյան (1980 թ.) մրցանակների: 

Խորհրդային իշխանության տարիներին հայերեն եւ վրացերեն հրատարակվել են տասնյակ ժողովածուներ, առանձին գրքերով լույս են տեսել  հայ եւ վրաց դասական գրողների, ժամանակակից` ավագ եւ կրտսեր սերնդի արձակագիրների ու բանաստեղծների ստեղծագործությունները: Այդ շրջանում առանձնապես նշանակալից է եղել արձակագիր Նոդար Դումբաձեի շռնդալից մուտքը հայ գրականություն: Սկսած 60-ական թվականներից Երեւանի եւ Թբիլիսիի հայկական պարբերականներում տպագրվել են նրա պիեսներն ու պատմվածքները, բեմադրվել Հայաստանի թատրոններում:



1985 թ. հայկական հեռուստատեսությունը Հրաչյա Բայրամյանի սցենարով ստեղծեց վավերագրական կինոնկար, «Սովետական գրող» հրատարակչությունը տպագրեց նրա «Սպիտակ դրոշներ» եւ «Հավերժության օրենքը» վեպերը, ապա՝ Երկերի ընտրանին երկու հատորով, իսկ 1990 թ.-ին` պատմվածքների ժողովածուն եւ «Կուկարաչա» վիպակը:

«Հայերը եւ վրացիները հնագույն մշակույթի ժողովուրդներ են: Մենք միասին ենք քայլել պատմության քառուղիներով: Մենք հարեւաններ ենք ‎ֆիզիկապես, մինչդեռ ոգով, պաթոսով, արարմամբ նույն էությունն ենք: Մեր հարազատությունը մեզ ճակատագրով է տրված»,- մի առիթով խոստովանել է հայ ժողովրդի բարեկամ Նոդար Դումբաձեն:

Վրաց ականավոր արձակագրին իրական փառք է բերել 1960 թ.-ին լույս տեսած «Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը» վեպը: Այնուհետեւ Գ. Լորդկիպանիձեի համահեղինակությամբ վեպի հիման վրա գրվել է պիես, որը մեծ հաջողություն է ունեցել Վրաստանում՝ մի քանի բեմականացումներով: Իսկ ահա 1962 թ.-ին կինոռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն նկարել է հռչակավոր ֆիլմը:

«Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը» եւ «Ես տեսնում եմ արեւը» վեպերը ինքնակենսագրական են: Դումբաձեի ստեղծագործություններից մի քանիսը հատկանշվում են իրականության հոգեբանական դիտարկումներով, պայծառ լավատեսությամբ, արտասովոր քնարականությամբ, ինչպես նաեւ ժողովրդախոսակցական լեզվի ու մտածողության հյութեղ բառ ու բանով: 



Նոդար Դումբաձեն գրել է նաեւ մանկական բանաստեղծություններ, հրապարակախոսական հոդվածներ, ճանապարհորդական նոթեր, ինչպես նաեւ տպագրել պատմվածքների ժողովածուներ, որոնց հաջորդել են վեպերն ու վիպակները, որոնք հաջողությամբ ամրագրել են նրա՝ այդ ժամանակների երեւելի արձակագիրներից մեկի փառքը: Դրանք էին. «Ես տեսնում եմ արեւը», «Արեւային գիշեր», «Մի՛ վախեցիր, մայրիկ», «Սպիտակ դրոշներ», «Հավերժության օրենքը»: Այս վեպերն ու բազմաթիվ պատմվածքները լույս են տեսել տասնյակ հրատարակություններով: 

Ստեղծագործական կյանքի սկզբում հանրահայտ դարձած Դումբաձեն այսօր էլ շարունակում է մնալ Վրաստանի ամենից ընթերցվող ժամանակակից գրողներից մեկը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, մոլդովերեն, ադրբեջաներեն, ճապոներեն, թուրքերեն, արաբերեն եւ այլ լեզուներով: Նրա բոլոր վեպերը եւ «Կուկարաչա» վիպակը էկրանավորվել են, գոյություն ունեն նրա ստեղծագործությունների թատերական բեմադրությունները:

Գիտության ու գրականության ճանաչված գործիչ, վրացագետ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Բայրամյանը մի առիթով գրել է. «Դումբաձե գրողի անհատականությունն ընդգծվում է նաեւ նրանով, որ, առանց բացառության, բոլոր երկերում եւ ամեն կարգի հարցեր շոշափելիս՝ մարդկային սրբազան զգացմունք, թե՛ դրամատիկ պահ, ողբերգական անցք, թե՛ փիլիսոփայի մտորում, լուրջ երկխոսություն, թե՛ լեզվակռիվ, անխտիր հումորով է շաղախում»:



Հեղինակը նշում է նաեւ, որ քննադատները հավաստում են, որ գրական հումորն իր իսկական բնույթով վրաց գրականություն է բերել Նոդար Դումբաձեն: Չափազանցված է վերոհիշյալը, թե՝ ոչ, այդուամենայնիվ Դումբաձեի երկերն իրոք ներծծված են մեծ հումորով: Դրանց խառնված են ապրված կյանքի ցավն ու տառապանքը: Նրա ստեղծագործություններում տարբեր երեւույթների միահյուսումը կամ էլ մեկից մյուսին անցումը զուտ հեղինակային լուծումների արդյունք է: Գրողը վարպետորեն է կառուցում անցումները. ժպիտին, ծիծաղին հաջորդում է հեղձուցիչ փղձուկը, եւ հետո, այնուամենայնիվ, հոգին տվայտող ցավը վերստին տարրալուծվում է մեղմ հումորի մեջ:

Կյանքի բազում դժվարությունները, հարազատների, այդ թվում՝ փոքրիկ որդու կորուստը, ծանր հիվանդությունը գրողին չկարողացան կոտրել: Նա շարունակել է ստեղծագործել նույն եռանդով, կատարել հասարակական աշխատանք: Պարոն Բայրամյանն այդ առիթով գրել է. «Ծանոթանալով նրա կյանքին՝ ուղղակի ապշում ես, թե համարյա բոլոր ծանրագույն դժվարությունները սեփական մաշկի վրա զգացած մարդը ինչպե՞ս կարող էր այդքանից հետո վատը լավ տեսնել, ներել, մնալ անաղարտ, անքեն, ազնիվ ու բարի ոչ միայն ստեղծագործություններում, այլեւ ապրած տարիներին, անգամ կյանքի ամենաօրհասական պահերին»:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Նոդար Դումբաձեի գործերը շատ սիրված են եղել, մի քանի հրատարակություն են ունեցել: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ հրատարակչությունը վերջերս վերահրատարակել է նրա մի քանի ստեղծագործությունները. ««Պարտադիր ընթերցանություն» մատենաշարի մեջ ներառել ենք նրա երկու ամենահայտնի եւ հայ ընթերցողի կողմից հատկապես սիրված երկու գործեր՝ «Հավերժության օրենքը» վեպն ու «Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը» վիպակը: Դրանցից երկրորդը լույս կտեսնի նաեւ «Անտարես»-ի «Կողմնացույց» պատանեկան մատենաշարով»:

Հրատարակչության գլխավոր խմբագրի խոսքերով՝ խորհրդային տարիներին վրաց գրողները շատ են թարգմանվել հայերեն. «Անկախության շրջանում թարգմանությունների թիվը շատ պակասեց, բայց վերջին շրջանում հատկապես մեր հրատարակչության ջանքերով այդ բացը կարծես թե լրացվում է: Արդեն հրատարակել ենք Օթար Ճիլաձեի երկու վեպ, Իրակլի Սամսոնաձեի, Դաթա Տուրաշվիլու, Գուրամ Օդիշարիայի վեպերը եւ այդ ծրագիրը շարունակելու նպատակ ունենք: Հատկապես Ճիլաձեի «Քթոցը» շատ մեծ ընդունելություն գտավ Հայաստանում»: