Նյութը՝
Տեղադրվել է 16-02-2017
Սոցիալական ձեռնարկատիրություն. ինչպես սկսել կամ անվճար առցանց դասընթաց` բաց բոլորի համար
Ստեղծվել է առցանց խորացված դասընթաց նրանց համար, ովքեր ուզում են սովորել` ինչպես նախագծել, ստեղծել եւ զարգացնել սեփական սոցիալական ձեռնարկություն:

Տեսաբաններն ասում են, որ ավանդական բիզնեսի եւ հասարակական կազմակերպությունների, կառույցների ապագան սոցիալական ձեռնարկատիրությունն է, ոլորտ, որը Հայաստանում զարգացման առաջին քայլերն է անում: Ու թեպետ վերջին շրջանում հատկապես միջազգային կառույցների կողմից հաճախակի է կիրառվում «սոցիալական ձեռնարկատիրություն» արտահայտությունը, ոլորտը շատերի համար շոշափելի եւ հասկանալի չէ:

Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդիրների լուծում եւ սոցիալական արժեքների ստեղծում, եւ որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:

Ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտակցում են, որ սա մի կողմից հասարակական սեկտորի ֆինանսական կայունության եւ անկախության, մյուս կողմից համայնքների շարունակական եւ կայուն զարգացման կարեւոր նախապայմաններից է: Ակտիվ ու պատասխանատու քաղաքացիական հասարակության ձեւավորման ու համայնքային զարգացման գործում կարեւոր նշանակություն ունեցող այս բիզնես ռազմավարությունը կիրառելու համար համապատասխան գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ: 

Այսօր արդեն սոցիալական ձեռնարկատիրության մասին բազային գիտելիքներ ու ամփոփ տեղեկություններ փնտրողների համար գործում է առցանց դասընթաց, որը հայաստանցի ու հայախոս հանրությանը ոլորտը ներկայացնում է հասանելի լեզվով` կիրառվող գործիքակազմը ադապտացնելով մեր երկրի առանձնահատկություններին:

Դասընթացը դիմելու վերջնաժամկետ չունի եւ բաց է լինելու մինչեւ 2017 թ.-ի հունիս: Դասընթացին դիմելու համար պետք է պարզապես գրանցվել http://tinyurl.com/e-learning-SE հղմամբ:

Դասընթացը բաղկացած է ներածական 1 եւ հիմնական 5  բաժիններից: Դասընթացի փորձագետները ոլորտներում լայն տեսական եւ գործնական գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ են, ովքեր ներկայացնում են, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, ինչպես իրագործել համայնքի կարիքների գնահատում, մշակել այդ կարիքներից բխող խնդիրների լուծմանն ուղղված նորարարական բիզնես գաղափարներ եւ իրականացնել դրանք, ինչպես ձեռք բերել ֆինանսավորում գաղափարների հետագա զարգացման եւ իրագործման համար:

Առցանց դասընթացը «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում ստեղծվել էԵվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի թիմի անդամները իրականացրել են նաեւ դասընթացներ ՀՀ 7 մարզերի հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների ներկայացուցիչների համար: Իսկ դրա արդյունքում կուտակված ողջ նյութերը` անընդհատ թարմացվող լրացումներով, այսօր առցանց ձեւաչափով հասանելի են նաեւ հանրության լայն շրջանակներին:

«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը մեկնարկել է 2015 թ.-ին: Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է օժանդակել համայնքների կայուն զարգացմանը եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եկամուտների հնարավոր բարձրացմանը՝ սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) ծրագրերի գործարկման միջոցով՝ Հայաստանի 7 մարզերում ապահովելով համայնքների ընդհանուր զարգացումը:
 
Ծրագիրն իրականացնում են Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնը (Հայաստան), Միջմշակութային կենտրոնը (Ավստրիա), «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամը (Շվեյցարիա) եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը (Հայաստան):