Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-02-2017
Ձախ Հարութի երեւանյան համերգին կհնչեն հին ու նոր ստեղծագործություններ
Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին ժամը 19:00 տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը:

Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին եւ սիրված երգեր, ինչպես նաեւ նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ: Երեկոյին կմասնակցեն նաեւ անակնկալ հյուրեր: 

Միջոցառման կազմակերպիչն է Yeghoyan Production-ը: Համերգի տոմսերը վաճառվում են բոլոր տոմսարկղերում, ինչպես նաեւ toms.am եւ tomsarkgh.am հարթակներում: 

Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երեւանում: Հայտնի է նաեւ «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետեւ` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո, թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային եւ այլ կատարումներ:

1988թ. մեծ համերգային ծրագրով հանդես է եկել Երեւանի «Հրազդան» մարզադաշտում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաեւ աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արեւելք, Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ: 1996 թ. համագործակցել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի հետ եւ համատեղ թողարկել «Երգը նաեւ աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաեւ այլ սկավառակներ:

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, Հայաստանում մենահամերգ չի ունեցել 2012 թվականից: Նրա երեւանյան համերգը, որը կազմակերպվելու է այս տարվա մայիսի 20-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, սպասված իրադարձություն է սիրված արտիստի բազում երկրպագուների համար: Հին ու սիրված երգեր, նոր ստեղծագործություններ, անակնկալ հյուրեր. միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է Ձախ Հարութի համերգի մանրամասները: 

- Ինչպե ՞ս առաջացավ Ձախ Հարութի մենահամերգը Հայաստանում կազմակերպելու գաղափարը: 

- Ձախ Հարութն ու հայրիկս (հաղորդավար Արտավազդ Եղոյանը-հեղ.) ընկերներ էին, ես դեռ չէի ծնվել, երբ նրանք ստեղծել էին «Էրեբունի» վոկալ-գործիքային համույթը: Հայրս ինձ շատ էր պատմել Ձախ Հարութի մասին: Տարիներ անց, երբ նա ԱՄՆ-ից եկավ Հայաստան, մեր միջեւ կապ ստեղծվեց: Ինչպես բոլորը, այդպես էլ ես սիրում էի Հարութին եւ նրա երգերը: Հինգ տարի առաջ սկսեցինք համագործակցել որպես գործընկերներ, դարձանք ընկերներ, թեեւ ունենք տարիքային մեծ տարբերություն: Վերջին տարիներին Ձախ Հարութին ԱՄՆ-ից պարբերաբար` ամսվա մեջ մեկ-երկու անգամ, հրավիրում են Հայաստան` տարբեր միջոցառումների: Նման ակտիվությունը եւ մարդկանց սերը մեզ ստիպեց հասկանալ, որ մեծ համերգ կազմակերպելու պահը հասունացել է: Մանավանդ, որ վերջին համերգը տեղի է ունեցել 2012 թվականին եւ մուտքը եղել է միայն հրավիրատոմսերով: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր տարբեր շերտերում ծանոթներ չունեին, չէին կարողացել ներկա գտնվել այդ համերգին: Պետք էր այդ մարդկանց համար համերգ կազմակերպել: Անցյալ տարվա վերջին որոշեցինք, որ 2017-ին պետք է կազմակերպենք Ձախ Հարութի մենահամերգը: Ես առաջարկեցի, որ այն տեղի ունենա մայիսի` մեր հաղթանակների ամսվա ընթացքում: Համերգի հետ կապված ամեն ինչ եռագույն է` տոմսերը, ազդագրերը, ազդերիզները (բաներներ): 

…Վերջին շրջանում, երբ Ձախ Հարութը Հայաստան էր այցելում, հաճախ էինք քայլում Հյուսիսային պողոտայով: Մեկ-երկու ժամից ավելի էր տեւում այդ ճանապարհն անցելը: Մարդիկ մոտենում էին նրան, ողջագուրվում, երգում էին, խնդրում իրենց հետ երգել: Ու մենք հասկացանք, որ պահը հասունացել է, պետք է համերգ կազմակերպել: 

- Ինչպիսի՞ն է Ձախ Հարութի արձագանքը: Սպասո՞ւմ է, պատրաստվո՞ւմ համերգին:

- Շատ է սպասում: Ես 20 տարուց ավելի որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր աշխատում եմ մշակույթի եւ շոու բիզնեսի ոլորտում, բայց չեմ տեսել նման բարձր պատասխանատվության զգացում ունեցող արտիստի: Թող ներեն ինձ իմ ընկերները: Նույնիսկ հարսանեկան եւ այլ արարարողությունների ժամանակ երգելու համար Ձախ Հարութը պատրաստվում է 7-10 օր. կենդանի նվագակցությամբ կատարում այն երգերը, որ երգել է 40 տարի: Եվ երբեւիցե որեւէ տեղ չի երգել «մինուս» տարբերակով: 

Համերգը կրում է My Life («Իմ կյանքը») անվանումը: Յուրատեսակ հաշվետվություն է լինելու, որը կարծես ամփոփելու է Ձախ Հարութի համերգային գործունեությունը: 

- Գաղտնիք չէ, որ Ձախ Հարութն ունի բազմաթիվ սիրված ստեղծագործություններ ունի: Ի՞նչ գործեր են հնչելու համերգին:
 
-Համերգը լի է լինելու անակնկալներով: Երկրպագուները կունկնդրեն հին ու դասական դարձած երգեր. ամեն մեկը կգտնի իր սիրած երգը, այն երգը, որի ներքո սիրահարվել է, առաջարկություն արել իր կնոջը եւ այլն: Իհարկե, ներկայացվելու են նոր երգեր: Կարող եմ ասել, որ հնչելու է Համո Սահյանի խոսքերով եւ Նարեկ Դուրյանի երաժշտությամբ My Life («Իմ կյանքը») երգը. հենց այդ ստեղծագործության անունն է կրում համերգը: Կհնչեն նաեւ նոր երգեր: 

- Անդրադառնանք նաեւ Yeghoyan Production-ի գործունեությանը: Ի՞նչ կարեւոր միջոցառումներ եք հասցրել կազմակերպել:

- Մեր 20-ամյա կազմակերպությունը ժամանակին կոչվում էր «ԳԱԽԵՔՍ» երիտասարդական միություն: Ժամանակի ընթացքում անվանումը փոփոխության ենթարկվեց, 7 տարի է Yeghoyan Production անվանմամբ ենք ներկայանում: Բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել: Կարող եմ նշել մի քանիսը, որոնցից շատերը մեծ արձագանքներ ունեցան: Ժամանակին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ առաջին իրապատում շոուներից մեկը կազմակերպեցինք, որը կոչվում էր «Աստղաձուլարան»: 2007 թվականին էլ հինգ Արսեն Գրիգորյաններին հավաքեցինք եւ նրանց մասնակցությամբ յուրահատուկ միջոցառում կազմակերպեցինք: 

Մեր կազմակերպության վերջին ձեռքբերումներից էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակում հայկական եկեղեցիների դռներ լուսանկարեցինք` ներկայացնելով դրանք հանրությանը: Բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, ակտիվ գործունեություն ծավալել:

- Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ եք իրականացնելու: 

- Շատ նպատակներ ունենք, չեմ ցանկանում բարձրաձայնել: Եթե ողջ մնացի Ձախ Հարութի համերգից հետո, կխոսենք հաջորդ ծրագրերի մասին (կատակում է.-հեղ): Հորդորում եմ, որ մարդիկ գան, մասնակցեն Ձախ Հարութի համերգին, խոստանում եմ, որ անմոռանալի է լինելու: Նման խոստում տալու համարձակությունն ինձ տվել է ժողովուրդը: Մեր ամբողջ էներգիան ներդնում ենք այդ համերգի վրա. անմոռանալի երեկո ենք կազմակերպելու: