Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 05-03-2017
Ինչպե՞ս անվտանգ օգտվել սոցցանցերից. մեդիափորձագետի խորհուրդները
Այսօր մեզնից շատերի օրը սկսվում եւ ավարտվում է սոցիալական կայքերում:

Դրանք ընկերների, հարազատների ու գործընկերների հետ կապ հաստատելու, տպավորություններով ու հուզող հարցերով կիսվելու, քննարկումների մասնակցելու, նկարներ ու տեսանյութեր հրապարակելու եւ վերջին իրադարձություններին հետեւելու հնարավորություն են ընձեռում: Անսահմանափակ տեղեկություն պարունակող սոցցանցերում հաքերային հարձակումների զոհը չդառնալու համար պետք է ծանոթ լինել տեղեկատվական անվտանգության կանոններին: Թեմային վերաբերող մի շարք հարցերի մասին զրուցել ենք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: 

-    Ինչքանո՞վ են սոցցանցերի հայաստանյան օգտատերերը տեղյակ տեղեկատվական անվտանգության կանոններին:

-    Հստակ ուսումնասիրություն չկա, բայց ընդհանուր առմամբ Հայաստանը համարվում է ամենառիսկային երկրներից մեկը: Համացանցի օգտատերերը (ոչ միայն սոցիալական ցանցերի) ամենաշատն են հարձակումների ենթարկվում, մենք աշխարհում ամենաշատ վիրուսների կրողներից ենք: Դա ընդհանուր գիտելիքի պակասից է: Ուրիշ խնդիրներ էլ կան, օրինակ՝ հայերը շատ են սիրում ամեն ինչ փնտրել, գտնել, ամեն ինչի ոչ լիցենզավորվածը գնել, ներբեռնել: Թերիմացությունը բացատրվում է շատ պարզ պատճառով. ո՛չ դպրոցներում, ո՛չ բուհերում տեղեկատվական հիգիենա նորմալ չի դասավանդվում, այսինքն՝ մարդիկ ուղղակի տեղյակ չեն, թե ինչ անեն, որպեսզի անվտանգ լինի:

-    Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում գրանցվել սոցիալական կայքերում:

-    Ինձ թվում է՝ մարդ սոցցանցեր մտնելու իրավունք ունի, երբ ունի կրիտիկական մտածողություն: Դրանից ցածր ո՛չ բան ունի այնտեղ անելու, ո՛չ կարողանում է թացը տարբերել չորից: 

-    Հիմնականում ովքե՞ր են դառնում սոցցանցերի հաքերային հարձակումների թիրախ:

-    Հաքերային հարձակումները երկու տեսակ են լինում: Առաջինը թիրախավորվածն է, որը կոնկրետ մարդկանց դեմ է ուղղված, օրինակ՝ հայտնի անձի կամ որեւէ մարդու, ումից կարելի է գումար շորթել: Սակայն հարձակումները հիմնականում զանգվածային են արվում, ում ստացվեց, ստացվեց, այսինքն՝ քանակի վրա են աշխատում: Ի դեպ, վերջերս, երբ ադրբեջանցիները ֆեյսբուքյան էջեր էին կոտրում, հարձակումների զոհերի գերակշռող մեծամասնությունն անչափահասներն էին:

-    Իսկ ինչպե՞ս պաշտպանվել հարձակումներից:

-    Սա հարց է, որը 2-3 բառով չես կարող բացատրել, որովհետեւ աստիճանաբար խնդիրները փոխվում ու շատանում են, բայց կան մի քանի հիմնական դրույթներ, որոնք եթե հաշվի առնեք, հարձակումների մեծամասնությունը Ձեր կողքով կանցնի: Առաջինը՝ գաղտնաբառերը չպետք է կրկնվեն եւ կռահելի լինեն, այսինքն՝ դրանք չպետք է լինեն Ձեր հեռախոսի համարը, երեխայի, շան կամ գերմանամուկի անունները եւ այլն: Երկրորդ՝ յուրաքանչյուր սոցիալական կայք ունի իր օգնության բաժինը, որտեղ շատ մանրամասն եւ մատչելի լեզվով գրված է, ուղղակի ոչ ոք չի ուզում մտնել ու կարդալ: «Ֆեյսբուք»-ն ունի անվտանգության բաժին: Դուք կարող եք այնպես անել, որ եթե Ձեր հաշիվը ոչ Ձեր համակարգչից մուտք լինի, SMS ստանաք եւ գոնե իմանաք, որ Ձեզ մոտ մտել են, եւ շուտ փոխեք գաղտնաբառը: Կարեւոր է նաեւ 2 փուլային մուտքը. Դուք, բացի նրանից, որ մուտք եք գործում Ձեր անունով եւ գաղտնաբառով, 2-րդ փուլում համակարգը Ձեզնից կոդ է հարցնում, որը կա՛մ «Ֆեյսբուք»-ի հավելվածից եք ստանում, կա՛մ SMS-ով: Այդ դեպքում եթե նույնիսկ Ձեր գաղտնաբառը գողանան, չեն կարողանա մտնել Ձեր համակարգ: Հաջորդ խորհուրդը՝ անծանոթներից եւ նույնիսկ ծանոթներից անհասկանալի հղումների վրա չսեղմել: Հիմնականում հենց այդպես են կոտրում հաշիվները: Հաճախ էլ հղում են ուղարկում, որը պարունակում է վիրուս կամ հավելված, որն ինտերնետ-բրաուզերին է անցնում եւ գողանում Ձեր տվյալները: Կան նաեւ ֆիշինգային հղումներ, որոնք սեղմելով՝ հայտնվում եք մի էջում, որը տեսքով նման է «Ֆեյսբուք»-ին: Դուք մուտք եք գործում եւ, փաստորեն Ձեր գաղտնաբառը տրամադրում եք հաքերին: Բավական է նայել էջի հասցեին, եւ կտեսնեք, որ «Ֆեյսբուք»-ում չեք, այլ՝ մի ուրիշ տեղ: 

Այսպիսով՝ բոլոր ստացած ֆայլերն առանց ստուգելու բացելը հանգեցնում է նրան, որ մարդկանց էջերը շատ հեշտ կոտրում են: Սրանք հիմնական գիտելիքներն են: Իհարկե, լինում են շատ ավելի խորամանկ հարձակումներ, որոնք պահանջում են ավելի լուրջ պատրաստվածություն, բայց եթե մարդ ծախսի մի երկու ժամ ու կարդա համապատասխան գրականություն, պատրաստ կլինի հարձակումների 99 տոկոսին:

-    Մեր օրերում յուրաքանչյուր մարդ կարող է հրապարակում անել, ուստի սոցցանցերը ողողված են անսահմանափակ քանակությամբ տեղեկատվությամբ: Ինչպե՞ս կողմնորոշվել՝ որին հավատալ, որին՝ ոչ:

-    Իրականում դա այնքան լուրջ խնդիր է դարձել աշխարհում, որ մի շարք երկրների դպրոցներում մեդիագրագիտություն առարկա է դասավանդվում, որպեսզի երեխաներին փոքր հասակից սովորեցնեն զտել տեղեկատվությունը: Այստեղ եւս կա մի քանի բազային կանոն: Վերջիվերջո, Դուք կարող եք ընտրել մի քանի վստահելի լրատվամիջոց, որոնք միշտ ստուգված տեղեկատվություն են տալիս: Եթե որեւէ աղբյուրում ինչ-որ սենսացիոն բան եք տեսել, ստուգե՛ք Ձեր իմացած աղբյուրներում: Եթե իսկապես լուրջ բան է, ուշ թե շուտ այնտեղ էլ կհայտնվի: Կամ «սենսացիա», «շտապ», «կարդացե՛ք, քանի չեն ջնջել» արտահայտություններով վերնագիր ունեցող նյութը չի էլ կարելի կարդալ, որովհետեւ Ձեզ ակնհայտ ձեւով փորձում են ստիպել կարդալ ու հավատալ: Հնարավոր է, որ այնտեղ ճիշտ էլ լինի, ուղղակի գրողը ցանկանում է, որ Դուք սեղմեք, գովազդ նայեք, բայց, միեւնույնն է, Ձեզ պարտադրում են կատարել մի գործողություն, որը չէիք անի գիտակից վիճակում: 

Կան շատ ավելի բարդ բաներ, օրինակ՝ կասկածի դեպքում ստուգել լուսանկարները (Google-ն այդ հնարավորությունը տալիս է), տեսանյութերը ստուգելու եղանակներ եւս կան, բայց դա արդեն առանձին գիտելիք է:

Սակայն Ձեր վստահելի լրատվամիջոցում հաքերային հարձակման հետեւանքով կարող է կեղծ տեղեկատվություն տեղադրված լինի: Օրինակ՝ ադրբեջանցիները մի քանի անգամ այդպիսի բան արել են. կոտրել են հայկական վստահելի լրատվամիջոցներ եւ այնտեղ տեղադրել են նյութեր, որ իբր հայկական բանակը մեծ կորուստներ ունի, ի դեպ, հենց՝ ՊՆ-ի անունից: Կարեւոր թեմաների դեպքում պետք է համադրել մի քանի աղբյուր:

-    Սոցցանցերում հաճախ է հայտնվում հրապարակման ոչ ենթակա տեղեկություն, օրինակ՝ վերջերս մեծ տարածում գտան զինգրքույկների նկարները, որտեղ պարզ երեւում էին ռազմական տվյալներ: Հնարավո՞ր է որեւէ մեխանիզմ մշակել նման տեղեկությունների տարածումն անհնարին դարձնելու համար:

-    Ցավոք, սոցցանցերի դեպքում հնարավոր չէ որեւէ մեխանիզմ մշակել, որովհետեւ ով ինչ ուզում, հրապարակում է, բայց գոնե լրագրողները պետք է կանոններն իմանան, անձնական տվյալները փակեն: Դժբախտաբար, մեր լրատվամիջոցներում կարելի է տեսնել բոլոր տվյալներով հրապարակված անձնագիրը, անչափահասների նկարներն ու անունները, ինչը նույնպես օրենքով արգելված է: Այստեղ նաեւ լրագրողների կրթության խնդիր կա:

-    Ի՞նչ դեր ունեն սոցիալական ցանցերը մեր երկրի քաղաքական գործընթացներում:

-    Մի շարք քաղաքական գործիչներ հենց «Ֆեյսբուք»-ն են օգտագործում իրենց հայտարարությունները տարածելու համար: Այստեղ նաեւ լրագրողներն են, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ակտիվիստները եւ այլն, այսինքն՝ հիմնական հարթակն է, որտեղ բոլորը կան: Ազդեցությունն ակնհայտ մեծ է: Բացի դրանից՝ այն նաեւ մոբիլիզացնող, մարդկանց արագ հավաքելու ռեսուրս է: