Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Անի Գալստյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 06-03-2017
Անի Գալստյան. «Հաճախ եմ ինձ հայելու մեջ հանդիպում»
«Poker.am», «Քայլ ձիով», «Երեք շաբաթ Երեւանում» եւ բազմաթիվ ֆիլմերից սիրված դերասանուհի Անի Գալստյանը փայլում է ոչ միայն ֆիլմերում, այլեւ նրա դերասանական տաղանդը երեւում է նաեւ թատրոնի բեմում:

2010 թվականից  դերասանուհին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության հեռուստասերիալներում, որոնցից են`«Ուր է իմ տղամարդը», «Պահանջվում է գումար», «Եղբայրներ», «Մի՛ ստիր»…

Eritasard.am-ը զրուցել է դերասանուհու հետ:

- Անի՛, ինչպե՞ս կանխորոշվեց Ձեր դերասանական կարիերան:

- Դերասանի մասնագիտությամբ, թատրոնով հմայվելը, թերեւս, կանխորոշվեց մանկությանս տարիներին։ Գաղտնիքներիցս մեկն այն է, որ հորաքույրս այդ տարիներին Տիկնիկային թատրոնում թանգարանի վարիչն էր՝ մի մարդ, որ ծնողներիցս առավել նպաստել է իմ անձի ձեւավորմանը, եւ, բնականաբար, ես շատ հաճախ էի նրա հետ լինում Տիկնիկային թատրոնում, հասկանալի է՝ ոչ սովորական հանդիսատեսի կարգավիճակով։ 

Մեկ-երկու տարեկանից սկսած ես Տիկնիկայինի բոլոր ներկայացումների, հաճախ բոլոր սեանսների հանդիսատեսն էի, նախ՝ դահլիճից, ավելի ուշ արդեն՝ ետնաբեմից։ Ինձ սիրելի կախարդանքի այդ միջավայրը, հեքիաթ պարգեւող դերասանները, բեմը, որի վրա թաքուն հայտնվելու առիթ էի ունենում, տիկնիկները, որոնց ձեռք տալու արտոնություն ունեի, եւ դրանով մի քիչ կարծես մասն էի դառնում թատրոնի առանձնահատուկ մթնոլորտի, հմայել էին, եւ արդեն ուրիշ ճանապարհ իմ առջեւ չէի տեսնելու։

- Շատ ժամանակ ծնողները դեմ են լինում, որ աղջիկն ընտրի դերասանուհու մասնագիտությունը, հետաքրքիր է` Ձեր տանն այդպիսի վեճեր չե՞ն եղել:

- Հակառակը կասեմ՝ ոչ թե վեճեր, այլ նպաստող բազմաթիվ հանգամանքներ են եղել։ Հիշատակեցի հորաքրոջս դրական դերակատարությունը եւ պետք է ասեմ, որ հենց իմ հայրական մեծ ընտանիքից է գալիս հատուկ վերաբերմունքը դեպի թատրոնը, արվեստը՝ առհասարակ։ Պապս ժամանակին Թիֆլիսի սիրողական թատրոնում է խաղացել, խունացած նկարներ ունենք՝ բեմական հագուստներով, հայրս որոշ ժամանակ Երեւանի դրամատիկական թատրոնում է եղել, ելույթ է ունեցել Գրողների միության ասմունքի թատրոնում։ Կարծում եմ` հատկապես հորս կիսատ մնացած մեծ երազանքը՝ դերասան դառնալը, ինչ-որ առումով փոխանցվել է նաեւ ինձ…



- Ամեն դեպքում ո՞րն էր այն ֆիլմը կամ սերիալը, որը Ձեզ ճանաչում բերեց:

- Իմ ամեն դերով, առավել կամ պակաս, գուցե ճանաչելի եմ դարձել. թերեւս այդպես։ 

- Կցանկանայի` մի փոքր խոսեիք «Երեք շաբաթ Երեւանում» գեղարվեստական ֆիլմի մասին:

- «Երեք շաբաթ Երեւանում» ֆիլմի մասին մի առիթով արդեն խոսել եմ եւ հիմա էլ գուցե նույնն ասեմ, որ այն ինձ համար մեծ ու կարեւոր փորձառություն էր։ Նկարահանման հրապարակում աշխատել եմ մեծ համարում ունեցող վարպետ դերասանների հետ, եւ ֆիլմի կենտրոնական կերպարներից մեկը լինելը, կարծում եմ, ե՛ւ շահեկան է, ե՛ւ շատ պատասխանատու։ Նունեի դերակատարումն իմ դերասանական ճանապարհի կարեւոր կերպավորումներից է, որի մասին, ինչպես որ ֆիլմի մասին ամբողջությամբ, ավելի կարեւոր եմ համարում հանդիսատեսի կարծիքը։

- Ինչո՞վ եք զբաղվում ներկա պահին:

- Իհարկե, ունեմ գործնական ծրագրեր, թողնեմ դա իր ժամանակին, իսկ ներկա պահին առաջնային տեղում անձնական կյանքում սպասվող փոփոխություններն են… Աստված առաջ… 

- Անի՛, չնայած երիտասարդ տարիքին՝ մասնակցել եք մի շարք ներկայացումների, նկարահանվել սերիալներում, ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

- Գուցե գործին անկեղծ ու անմնացորդ նվիրվելս, մեկ անգամ փորձով հաջողվածն ու անհաջողը տարբերակելը։ Ասում են՝ ժպիտս… 

- Գիտեմ, որ շատ էմոցիոնալ մարդ եք, իսկ էմոցիոնալ մարդիկ ապրում են երազանքներով: Ի՞նչ երազանքներով է ապրում դերասանուհի Անի Գալստյանը:

- Չեմ ժխտում, որ էմոցիոնալ եմ, հուզական։ Ի դեպ, հույզը դերասանի համար պակաս կարեւոր չէ։ Իսկ երազանքներս, կասեի՝ ցանկությունս, նոր ու հետաքրքիր կերպարների առաջարկ՝ գեղարվեստական կինոյի, թատրոնի կամ լավ հեռուստանախագծի կողմից։ 



-Անի՛, ինչո՞վ է պայմանավորված բացասական կերպարների Ձեր մեծ ցանկը:

- Եթե անկեղծ, բացասական կերպարներ հիմնականում սերիալներում եմ խաղացել եւ պետք է խոստովանեմ, որ ընդհանուր մտահղացման մեջ թերեւս հենց այդ բացասական կերպարներն էին, որ ունեին խառնվածք, հետաքրքիր գծեր եւ գույն… Ինձ հետաքրքիր է կերպարի խառնվածքը՝ ինչպիսին էլ որ լինի։

- Եթե կյանքում հնարավորություն ունենայիք հանդիպելու ինքներդ Ձեզ, ի՞նչ կասեիք կամ կանեիք:

- Եթե ինքս ինձ շատ փոքր տարիքում հանդիպեի, կուզեի գրկել, եթե ավելի մեծ տարիքում՝ ուշադիր կլսեի, թե ինձ ինչ է ասում դիմացինս, իրականում՝ առանձնության մեջ, ես հաճախ եմ ինձ հայելու մեջ հանդիպում, ինչպիսին որ կամ, եւ մենք, եթե որեւէ կերպարի մասին չենք մտածում, ապա միասին լռում ենք։

- «Անկեղծ ասած, ես վախենում եմ ամուսնությունից». ասել եք հարցազրույցներից մեկի ժամանակ: Այդ վախը հաղթահարել եք…

- Հաղթահարելու ճանապարհին եմ, տեսնենք…