Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 11-03-2017
Արթուր Կարապետյան. «Իմ մարմնավորած ցանկացած կերպարի մեջ Արթուրը կա…»
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանի հետ զրուցել ենք դերասանի մասնագիտությունից, երիտասարդ տարիներից, երջանկությունից:

20 տարի առաջվա Արթուր Կարապետյանը շատ չի փոխվել…

Կյանքի փորձ եմ ձեռք բերել մի քիչ ավելի: Ծիծաղելի կլիներ, եթե 20 տարվա ընթացքում մարդը չաճեր, չզարգանար: Այն, ինչ ունեմ, ինչին հասել եմ իմ ապրած տարիների ընթացքում, առայժմ գոհ եմ:

Երիտասարդ Արթուր Կարապետյանին խորհուրդ կտայի…

Շատ բաներ կային, որ չեմ հասցրել երիտասարդ տարիներին սովորել: Եթե տիրապետեի այդ հմտություններին, այսօր շատ ավելի հեշտ կքայլեի կյանքում: 

Դերասանի գործն ամենօրյա, ամեն վայրկյանի անընդհատ աշխատանք է

Հաջողված դերասան լինելու համար նախ պետք է աշխատասիրություն, աչքերը պետք է շատ բաց լինեն, որ կարողանաս այնպիսի բաներ տեսնել, որոնք անհրաժեշտ են քեզ: Շատ կարեւոր են մասնագիտական հմտությունները: Պետք է մարդուն ուսումնասիրել, ինքդ քեզ պետք է ուսումնասիրես: Դերասանի մասնագիտությունը շատ լուրջ մասնագիտություն է՝ ի տարբերություն նրա, երբ մեկ անգամ երեւում են կադրում եւ կարծում են, թե ինչ-որ բանի հասել են: Դա այդպես չէ. այն ամենօրյա, ամեն վայրկյանի անընդհատ աշխատանք է: 



Դեպի դերասանական արվեստ ինձ տարավ սերը այդ գործի հանդեպ

Մինչեւ այսօր էլ սիրում եմ իմ գործը, եթե երկրորդ անգամ հնարավորություն ընձեռվեր, նորից կընտրեի դերասանի մասնագիտությունը: 

Կան դերասաններ, որոնց հետ կուզեի երկար նստել, զրուցել…

Իմ մտքում, սրտում ունեմ շատ դերասաններ, որոնց հետ կուզեի երկար նստել, զրուցել, ինչ-որ հարցեր ուղղել: Նայեինք իրար աչքերի մեջ, եւ դա էլ ինձ բավարար կլիներ ինչ-որ բան սովորելու, ինչ-որ բան անելու համար: Կուզեի հասնել նրանց պրոֆեսիոնալիզմի մակարդակին: 

Իմ մարմնավորած ցանկացած կերպարի մեջ Արթուրը կա…

Անկախ այն ամենից, թե ինչ կերպար ես մարմնավորում, քեզանից ինչ-որ բան ես դնում այդ կերպարի մեջ: Իմ մարմնավորած ցանկացած կերպարի մեջ Արթուրը կա, ինչ-որ մի բան ինձանից կա: Քոնը միացնում ես կերպարին, կերպարը միացնում ես քեզ եւ ստեղծում մի երրորդ կերպար ու ներկայացնում հանդիսատեսին:



Կան կերպարներ, որ ավելի շատ եմ դրանց մեջ, քան տալիս եմ

Կան կերպարներ, որ ավելի շատ են քեզ տալիս, ավելի շատ ես դու նրանց մեջ, քան դու ես տալիս: Գրեթե նույնն ենք մտածողությամբ, զգացողությամբ շատ նման ենք: Եղել են կերպարներ էլ, որ ընդհանրապես ինձ հետ կապ չեն ունեցել, բայց կրկին փորձել ենք լեզու գտնել եւ ընդհանուր հայտարարի գալ: 

Ես սովորում եմ իմ մարմնավորած կերպարներից

Ես սովորում եմ իմ մարմնավորած կերպարներից. պետք է սովորես եւ սովորեցնես: Պետք է վերցնես, որ հետո տաս: Եղել են պահեր, որ ինչ-որ կերպար մարմնավորելուց հետո ինձ բացարձակապես ուրիշ մարդ եմ զգացել: Եղել են ինձ համար շատ բարդ կերպարներ, որոնցից ես շատ-շատ հեռու էի, որովհետեւ շատ բարձր էին, շատ մաքուր էին, աստվածային… Ինձ համար բարդ էր Սուրբ Նարեկացու կերպարը «Հովիվը» ֆիլմում: Այն ինձ համար շատ պատասխանատու եւ շատ բարդ աշխատանք էր:

Ինձ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է առաջին հերթին  խաղաղություն

Ուզում եմ խաղաղություն լինի ե՛ւ սահմանին, ե՛ւ երկրի ներսում: Միայն խաղաղ ժամանակ կարող ենք ճիշտ ընկալել իրականությունը եւ ստեղծագործել: Ուզում եմ, որ մեր բոլոր զինվորները վերդառնան իրենց ընտանիքներ եւ շարունակեն իրենց բնականոն կյանքը: Դա ինձ համար գերագույն երջանկություն է: Նաեւ ուզում եմ, որ երջանիկ լինի իմ աղջիկը, կինս, եթե իրենք լավ են, ես երջանիկ եմ: Ընկերներիս երջանկությունն էլ իմ երջանկությունն է: Եթե նրանցից մեկին ինչ-որ բան է պատահում, դա ընդունում եմ որպես անձնական խնդիր, ցավ: Եթե ամեն ինչ լավ է, ես երջանիկ եմ: