Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-03-2017
10 յուրօրինակ գրքեր, որոնց հեղինակները կանայք են…
«Eritasard.am»-ը կանանց տոների շրջանակում առանձնացրել է հայ եւ արտասահմանյան 10 կին գրողների այն ստեղծագործությունները, որոնք մեծ տարածում ունեն:

Դրանք ընթերցվում են մեկ շնչով, ոգեւորվածությամբ եւ մի քանի օր ընթերցողին պահում գրքում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում: Աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կանայք իրենց գրվածքներում արտացոլում են կյանքի ողջ գունապնակը՝ լի արկածային իրավիճակներով, այս կամ այն ոլորտին առնչվող խնդիրներով եւ մարտահրավերներով…


1.  Միլենդա Նադյ Աբոնի. «Աղավնիները թռչում են»



49-ամյա շվեյցարացի ժամանակակից գրող Միլենդա Նադյ Աբոնին արժանացել է մի շարք գրական հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Հերման Գանցի, Ցյուրիխի գրական մրցանակներին: Նրա՝ 2010 թ.-ին լույս տեսած «Աղավնիները թռչում են» վեպը, որտեղ գլխավոր հերոսը պատմում է ընտանիքի այցելուների, նախկին Հարավսլավիայից որպես ներգաղթյալ Շվեյցարիայում հաստատվելու դժվարությունների եւ Բալկանյան պատերազմի մասին, արժանացել է ամենամյա «Գերմանական գրքի մրցանակին»: Վեպը տպագրվել է տարբեր լեզուներով: Ցյուրիխում ապրող եւ ստեղծագործող Աբոնին նաեւ Շվեյցարիայի գրողների միության անդամ է: Նա հաճախ գրական փառատոներին ներկայացնում է գեղարվեստական տեքստեր՝ երաժշտության հետ:

Հ.Գ.: Հայաստանում գիրքը 2016 թ.-ին լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության «Աշխարհը հայերենով» մատենաշարով: Գերմաներենից այն թարգմանել է Գայանե Գինոյանը:


2. Էլֆրիդե Ելինեկ. «Դաշնակահարուհին»



70-ամյա ավստրիացի գրող, գրաքննադատ, հասարակական գործիչ Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը 2004 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի: Այդ վեպով հեղինակը հայտնի է դարձել աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի եւ սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է: Էլֆրիդե Ելինեկը համարվում է ժամանակի ամենաազդեցիկ կին գրողներից մեկը:

Հ.Գ.: Հայաստանում գիրքը 2014 թ.-ին լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով: Գերմաներենից այն թարգմանել է Կարլեն Մատինյանը:


3. Ջոան Ռոուլինգ. «Հարրի Փոթեր»



Անգլիացի ժամանակակից գրող, մանկագիր, սցենարիստ Ջոան Ռոուլինգը վայելում է համաշխարհային հռչակ. չէ՞ որ նրա՝ յոթ մասից բաղկացած «Հարրի Փոթեր» պատմվածաշարերը փոխել են ոչ միայն պատանիների, այլեւ հասուն մարդկանց գրական օրակարգը: Գրքերը թարգմանվել են շուրջ 65 լեզուներով: Ներկայումս Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Տարբեր երկրներում նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։ 2000 թ. «Հարրի Փոթերի» վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35.000.000 քանակությամբ, թարգմանվել 35 լեզուներով եւ հեղինակին բերել 480.000.000 ԱՄՆ դոլար։ «Հարրի Փոթերի» վիպաշարից վերջին՝ «Հարրի Փոթերը եւ մահացու ընծաները» գիրքը լույս է տեսել 2007 թ.։

Հ.Գ.: Հայաստանում պատմվածաշարերը 2016 թ.-ից սկսել են լույս տեսնել «Զանգակ» հրատարակչության կողմից: Անգլերենից այն թարգմանում է Ալվարդ Ջիվանյանը:


4. Յուլյա Ֆրանկ. «Միջօրեի տիկինը»



47-ամյա ժամանակակից գրող Յուլյա Ֆրանկը ստեղծագործում է Գերմանիայում: Հեղինակ է մի շարք վեպերի: Գրական ճանաչման է արժանացել 18 տարեկանից: Բազմիցս արժանացել է նաեւ գրական պատվավոր բարձր մրցանակների: 2007 թ.-ին լույս տեսած «Միջօրեի տիկինը» վեպն արժանացել է գերմանական գրքի ամենամյա մրցանակին: Դրանից հետո վաճառվել է գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ, իսկ գիրքը ամիսներ շարունակ եղել է գերմանական «Շպիգել» ամսագրի բեսթսելերների ցանկում: Ֆրանկի ստեղծագործությունները թարգմանվել են 39 լեզվով:

Հ.Գ.: Հայաստանում գիրքը 2014 թ.-ին լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» մատենաշարով: Գերմաներենից այն թարգմանել է Գայանե Գինոյանը:


5. Արփի Ոսկանյան. «Չի վաճառվում»



Ժամանակակից հայ գրող Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» գիրքը լույս է տեսել ամիսներ առաջ եւ ընթերցասերների շրջանում առաջացրել մեծ հետաքրքրություն: Հեղինակը գրքի վերնագիրն ընտրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրքում ունի «Չի վաճառվում» վերնագրով պատմվածք: Արփին այն գրել է 2005-ին՝ ոգեշնչված մի հեռուստատեսային գովազդից, որում բնակարան է գովազդվել եւ նշվել, որ չի վաճառվում։ Հեղինակը հետո պարզել է, որ լոտոյի գովազդ է. չի վաճառվում, որովհետեւ խաղարկվում է։ Պատմվածքում օգտագործվել են այդ ժամանակաշրջանի հեռուստատեսային գովազդի լայն տեսականին, մեդիայի կլիշեները, լեզուն, բովանդակությունը։

Հ.Գ.: Գիրքը 2017 թ.-ին լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «XXI» մատենաշարով:


6. Վիրջինիա Վուլֆ. «Ուրվականներով տունը»



Վիպագիր, ակնարկագիր, գրական քննադատ Վիրջինիա Վուլֆի գրական կարիերան սկսվել է լոնդոնյան ամսագրերում գրաքննադատական բնույթի հոդվածների հրատարակմամբ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Վուլֆը համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված եւ հեղինակավոր վիպագիրներից մեկը։ Ինչպես «Ուրվականներով տունը» վեպը, այնպես էլ այլ գործեր իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակն օգտագործում է գիտակցության հոսքի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական, այլեւ զգացմունքային առանձնահատկությունների վրա։

Հ.Գ.: Հայաստանում գիրքը 2016 թ.-ին լույս է տեսել «Դարակ» հրատարակչության «Սաֆո» մատենաշարով: Անգլերենից այն թարգմանել է Մանիկ Եգանյանը:


7. Էլդա Գրին. «Ծառերին դեռ կախված էր առավոտը»



Հայ արձակագրուհի, հոգեբան Էլդա Գրինը բազմաթիվ գրքերի, դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են հանրապետության եւ արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում եւ ժողովածուներում։ Որոշ ստեղծագործություններ թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ «Ծառերին դեռ կախված էր առավոտը» ժողովածուում զետեղված գրեթե բոլոր պատմվածքները միավորվում են հատկանշական մի ընդհանրությամբ: Դա սեփական երկրի, սեփական կենսագրության ու սեփական ճակատագրի տնօրինումից ակամա զրկված, լուսանցքում հայտնված մարդու կերպարն է, նրա ապրումների հանրագիտարանը:

Հ.Գ.: Գիրքը 2015 թ.-ին լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության կողմից:


8. Սվետլանա Ալեքսիեւիչ. «Պատերազմը կնոջ դեմք չունի»



69-ամյա բելառուս ժամանակակից կին գրող Սվետլանա Ալեքսիեւիչը 2015 թ.-ին արժանացավ Նոբելյան մրցանակի՝ իր առավել հայտնի գեղարվեստա-վավերագրական ժանրի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպի համար: Ալեքսիեւիչը արժանացել է նաեւ բազմաթիվ գրական մրցանակների, որոնք տարիների ընթացքում նրան հնարավորություն են տվել ստեղծագործությունները ներկայացնելու աշխարհի տարբեր մասերում: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը թարգմանվել է ավելի քան քսան լեզվով, բազմաթիվ երկրներում ներառվել է դպրոցական եւ բուհական ծրագրերում: Այս գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատեւող կնոջ հոգեւոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է:

Հ.Գ.: Հայաստանում գիրքը 2015 թ.-ին լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով: Ռուսերենից այն թարգմանել է Հովհաննես Այվազյանը:


9. Հարփըր Լի. «Ծաղրասարյակ սպանելը…»



Հարփըր Լին ամերիկացի նշանավոր գրող եւ վիպագիր է: Նրա «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը էկրանավորվել է 1962 թ.-ին։ Վեպը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով եւ վաճառվել 30 միլիոնից ավելի տպաքանակով։ Հայաստանում այն առաջին անգամ հրատարակվել է 1965 թ.-ին՝ «Սարյակ մի՛ սպանիր» վերտառությամբ: Գիրքն այդ ժամանակ ունեցել է շուրջ 15.000 տպաքանակ: Պոլիցերյան մրցանակի դափնեկիրը մահացավ 2016 թ.-ի փետրվարի 19-ին 89 տարեկան հասակում: «Ծաղրասարյակ սպանելը...» ստեղծագործությունը գրողի միակ վեպն է, որը նրան դարձրեց համաշխարհային գրականության դասական:

Հ.Գ.: Հայաստանում գիրքը 2015 թ.-ին լույս է տեսել նաեւ «Զանգակ» հրատարակչության կողմից: Անգլերենից այն թարգմանել է Արամ Արսենյանը:


10. Էլիֆ Շավաք. «Ստամբուլի բիճը»



«Ստամբուլի բիճը» թուրք հանրաճանաչ վիպագիր Էլիֆ Շաֆաքի վեցերորդ վեպն է եւ երկրորդ վեպն անգլերենով։ Վեպի հրատարակումից հետո Շաֆաքին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու համար: Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում: Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք եւ ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետեւանքով: Վեպը թարգմանված է 30 լեզուներով:

Հ.Գ.: Հայաստանում գիրքը 2012 թ.-ին լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Թուրքերենից այն թարգմանել է Արփի Աթաբեկյանը: