Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Դանիել Դավթյանի
Տեղադրվել է 25-03-2017
Սպանդարյան գյուղը մշակույթի նոր տուն ունի
Շիրակի մարզի Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի մասին շատերն ասում են՝ այն թանգարան է բաց երկնքի տակ:



Դեռեւս հնագույն ժամանակներից հայտնի գյուղում պահպանված են վաղ բրոնզի, ուշ բրոնզի դարաշրջանների, ուրարտական թագավորության շրջանի արժեքավոր իրեր՝ զարդեր, զենքեր, մետաղադրամներ, թասեր, գրքեր, որոնք կամփոփվեն մեկ ընդհանուր հարկի տակ՝ գյուղի նորաբաց Մշակույթի տանը գործող «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարանում: Մշակույթի տան բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր:


 
«Շատ եմ կարեւորում Մշակույթի տան պատմաերկրագիտական թանգարան անկյան ստեղծումը մեր համայնքում: Վստահ եմ, որ տարիների ընթացքում այն մարդիկ, ովքեր իրենց տանը կունենան արժեքավոր իրեր, հին առարկաներ, որոնք գյուղի պատմությունն են ամփոփում, ի վերջո, իրենց հանգրվանը կգտնեն թանգարանում»,- նշեց նախաձեռնության հեղինակ եւ ծննդով սպանդարյանցի Սամվել Ֆարմանյանը:



Պատմաբան, թանգարանի տնօրեն Արմեն Սարգսյանը փաստում է, որ գյուղի ամենաարժեքավոր գտածոն Արգիշտի 1-ին թագավորի թողած Ք.ա.  8-րդ դարի սեպագիր արձանագրությունն է, որը համարվում է համայնքի անձնագիրն ու գլխավոր այցեքարտը. այն մինչեւ այժմ էլ պահպանվում է Տաշտոնց քարափ կոչվող վայրում, յոթ տողանոց ռազմական բնույթի արձանագրություն է, որն առաջին անգամ գտնվել եւ վերծանվել է 1884 թ.-ին: Բովանդակությունը հետեւյալն է. Խալդին նվաճեց Կուլիանի երկիրը, տարածեց այն Արգիշտիի առջեւ, Արգիշտին նվաճեց Տուրբանի քաղաքը Կուլիաինի երկրի:



Թանգարանը, ըստ ժամանակահատվածների, բաժանված է մի քանի մասերի՝ վաղ բրոնզի դարաշրջան, ուշ բրոնզի, ուրարտական թագավորության շրջան, որոնք ամփոփում են զենքեր, զարդեր, թասեր, մետաղադրամներ, ուրարտական շրջանի խեցեղեն, հին գրքեր՝ Աստվածաշունչ, Կտակարան եւ այլն:



Նշենք, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Սպանդարյան գյուղը կունենա նաեւ նոր մանկապարտեզ եւ մարզադաշտ:



«Ֆինանսավորումն արդեն կա, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվել են, սակայն ապրիլին կրկին կվերսկսվեն: Գյուղում կտեղադրվեն նաեւ հակակարկտային կայաններ»,- նշեց գյուղապետ  Ավետիք Մխիթարյանը եւ որպես կարեւորագույն խնդիրներ գյուղի համար առանձնացրեց ոռոգման ջրի, տեղական ապրանքների իրացման, աշխատատեղեր չունենալու հարցերը: