Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-03-2017
Շառլ Ազնավուր. «…մինչեւ հիմա ինքս ինձ մարտահրավեր եմ նետում»
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը շարունակում է հիացնել ու զարմացնել ամբողջ աշխարհին:

…Կան մարդիկ, ովքեր տվյալ դարաշրջանի խորհրդանիշն են: Կան նաեւ տվյալ ժողովրդին խորհրդանշող մարդիկ: Սակայն գոյություն ունեն նաեւ մարդիկ, ովքեր համաշխարհային խորհրդանիշ են. նրանց թվում, անկասկած, Շառլ Ազնավուրն է: Ինչպե՞ս է դա նրան հաջողվել: Միգուցե դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նրա ամբողջ կյանքը մեր բարդ, փոփոխվող ժամանակների արտացոլանքն է: Նախկինում Ցեղասպանություն, պատերազմ, դասական դարձած նրա շանսոնը, իսկ այսօր՝ դուետ Zaz-ի հետ, բարեգործություն եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվավոր դեսպանի կոչում: 

Հենց այսպես է բնութագրում լեգենդար երգչին «Չաստնի Կորրեսպոնդենտ» պարբերականը (chaskor.ru), որին հաջողվել է Ազնավուրի՝ մոսկովյան համերգին ընդառաջ հարցազրույց վերցնել լեգենդար երգչից: 

Eritasard.am-ը ներկայացնում է հարցազրույցի ուշագրավ պահերը՝ Շառլ Ազնավուրի մենախոսության տեսքով: 

***
«…Ինձ համար շատ կարեւոր են մեր պատմությունը, արմատները: Ցավոք, իմ մոր ազգականների գերակշիռ մասը Ցեղասպանության զոհ են դարձել, իսկ հոր կողմից ազգականներ ունեմ, որոնց հետ հանդիպել եմ: Երբ վերջին անգամ Ախալցխայում էի, տեղի բնակիչները ցույց տվեցին այն վայրը, որտեղ, ենթադրաբար, գտնվել է իմ հոր տունը»:

***
«…Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ծնողների ճակատագիրը եւ վարվելակերպը մեզ համար (իր եւ քրոջ՝ Աիդայի-հեղ.) օրինակ են ծառայել: Նրանք հաճախ էին հիշում իտալացի այն կապիտանի խիզախությունը եւ բարությունը, ով փրկել է նրանց Կոնստանդնուպոլսից փախչելիս: Նրանք արդեն նավի վրա էին, երբ թուրք զինվորներից մեկը հայերեն խոսք է լսում եւ վազում է նրանց հետեւից: Սակայն նավի կապիտանը պաշտպանում է ծնողներիս: Կարծում եմ, որ նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց օգնության եւ բարության շնորհիվ, ուստի նրանք միշտ փորձել են օգնել բոլորին:

…Մենք շատ համեստ ենք ապրել, բայց մեր տան դռները միշտ բաց են եղել բոլորի առջեւ: Ծնողներս կիսվում էին այն ամենով, ինչ ունեին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանք իրենց բնակարանում թաքցրել են հրեաներին եւ ռեժիմի հակառակորդներին: Նրանք երբեք չեն դավաճանել իրենց արժեքներին»: 
***
«…իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ հանդեպ: Ես զրոյից եմ սկսել, ինքս եմ ստիպված եղել ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: Այդ ժամանակներում ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները համեստ էին, այդ պատճառով ստիպված եմ եղել շուտ լքել դպրոցը: Այդ պահից ի վեր կյանքում ամեն ինչի հասել եմ ինքնուրույն»: 

***
«…Ես չեմ հավատում ներշնչանքին, ես հավատում եմ քրտինքին»:

***
«…Ազատ ժամանակ նորություններ, գրականություն եմ կարդում, ֆիլմեր դիտում: Գրում եմ: Մի ամբողջ գիրք եմ գրել սկսնակ արտիստների համար: Նրանք այդտեղ կարող են գտնել իմ բոլոր խորհուրդները»:

***
«…Ամեն անգամ ռիսկի եմ դիմում, երբ 92 տարեկանում բեմ եմ բարձրանում, որպեսզի ամբողջական համերգ տամ առանց ընդմիջման եւ առանց ջուր խմելու՝ հաշվի չառնելով նաեւ մի քանի ժամ տեւող թռիչքները: Երբեմն շրջագայության ընթացքում՝ մեկ շաբաթում, չորս երկրում եմ լինում: Մինչեւ հիմա ինքս ինձ մարտահրավեր եմ նետում: Այժմ ցանկանում եմ մեկնել հազվագյուտ անկյուններ, որտեղ դեռեւս չեմ երգել, օրինակ՝ Չինաստան կամ Հարավային Կորեա»:

***
«Շրջագայությունների ժամանակ սիրում եմ դուրս գալ փողոց եւ լսել փողոցային երաժիշտներին: Եթե ժամանակս թույլ է տալիս, միշտ այցելում եմ երաժշտական խանութ, նոր սկավառակներ եմ փնտրում եւ ինձ հետ տանում: Օրինակ՝ Բրազիլիայի վերջին շրջագայությունից ինձ հետ բերել եմ Սիմոնի սկավառակը»: