Նյութը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի
Լուսանկարները՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Տեղադրվել է 29-03-2017
Երկու ոսկի, մեկ արծաթ, երկու բրոնզ աշխարհի գավաթի խաղարկությունում
Մարտի 24-ից 25-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացվեց սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարը, ուր ուժերը չափեցին 29 երկրի շուրջ 200 ուժեղագույն սամբիստները՝ մարզաձեւի մարզական եւ մարտական դասերում:

Հեղինակավոր այդ մրցաշարում գերազանց հանդես եկան Հայաստանը ներկայացնող սամբիստները: Այսպես՝ մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում պատվո վերին հարթակում կանգնեց ոսկե մեդալի արժանացած Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը:

Մեզ համար ոչ պակաս արդյունավետ էր հաջորդ օրը. այս անգամ գերազանց ելույթներ ունեցան մարտական սամբոյի մեր ներկայացուցիչները. Ջոն Բալայանը (52 կգ) արժանացավ բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը (74 կգ)՝ արծաթե, իսկ Սամվել Բադալյանը, 62 կգ քաշային կարգում ճանաչվելով լավագույնը, նվաճեց ոսկե մեդալ:

Ի դեպ, այս արդյունքով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը, ինչը բավականին բարձր նվաճում է:

Հավելենք, որ մեր հինգ մեդալակիրներն էլ Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:

Հիշեցնենք, որ փետրվարին անցկացված A դասի մեկ այլ մրցաշարում՝ Բելառուսի բաց առաջնությանը, ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը:

Ապրիլին եւ մայիսին տեղի կունենան Եվրոպայի առաջնությունները. նախ՝ պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ, ապա՝ մեծահասակների: Վստահ ենք, որ մեր մարզիկները կշարունակեն վստահ ելույթները՝ բարձր պահելով թե՛ հայկական սամբոյի, թե՛ Հայաստանի պատիվը: