Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 29-03-2017
Մասիս քաղաքում կկառուցվի առաջին ընտանեկան մարզական համալիրը
2017 թվականի մարտի 28-ին Մասիս քաղաքում տեղի ունեցան քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն ու Մասիսի Երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման միջոցառումը:

Նախագծերն իրականացնում են «Adibekyan Family Foundation for Advancement» (AFFA) բարեգործական կազմակերպությունը եւ վերջինիս կողմից ստեղծված Մասիսի զարգացման հիմնադրամը:

Հանդիսավոր միջոցառումների պատվավոր հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, «Adibekyan Family Foundation for Advancement» բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը, ինչպես նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե եւ բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը եւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը: 

Գագիկ Ադիբեկյանը մարզահամալիրի հիմնարկեքի արարողության ընթացքում մասնավորապես նշեց. «Մենք շատ ուրախ ենք այսօր ազդարարել Մասիս քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման մեկնակը: Մեր նպատակը միայն մարզական համալիր կառուցելը չէ, այլեւ Մասիսի տարբեր տարիքի բնակիչներին միավորող մեկ ընդհանուր հարթակ ստեղծելն է: Մենք ցանկանում ենք, որպեսզի այս մարզահամալիրը դառնա քաղաքի բնակիչների հանդիպման գլխավոր վայրերից մեկը, որտեղ մարդիկ կզբոսնեն, կզբաղվեն սպորտով, կշփվեն, կքննարկեն եւ կնախաձեռնեն Մասիսի կյանքը առավել լավ եւ երջանիկ դարձնելու նորանոր ծրագրեր»:

Ողջունելով միջոցառման հյուրերին՝  Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն էլ նշեց. «Մարզական ժամանակակից համալիրի ստեղծումը եւս մեկ քայլ է մեր քաղաքի կյանքի որակի բարելավման համար: Մենք մեծ հաճույքով ենք աջակցում Մասիսի երեխաներին եւ երիտասարդությանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Նոր մարզահրապարակը հնարավորություն կտա նրանց ազատ ժամանակը դարձնել ե՛ւ հետաքրքիր, ե՛ւ օգտակար»:



Առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի ընթացքում տեղադրվող «ժամանակի պարկուճի» պարունակություն հանդիսացող եւ սերունդներին ուղղված խորհրդանշական նամակի հեղինակները Մասիսի Երիտասարդական կենտրոնի մասնակիցներն են: Մարզական համալիրի անունը եւս ընտրելու են կենտրոնի երեխաները. 2017 թվականի ապրիլին կհայտարարվի համալիրի անվան լավագույն առաջարկի մրցույթ:

Ընտանեկան մարզահամալիրը ներառելու է մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակներ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված եւ մարզական սարքավորումներով հագեցած գոտի: Նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար:

Մարզական համալիրը նախագծված է ունիվերսալ դիզայնի եւ հասանելի միջավայրի ապահովման սկզբունքներին համապատասխան: Այն հարմարեցված է նաեւ սահմանափակ  կարողություններ ունեցող անձանց պահանջներին, որոնց համար նախատեսված են նաեւ հատուկ մարզասարքեր: Համալիրի բարեկարգված, կանաչապատ տարածքում կլինեն քաղաքացիների  հանգստի համար տեղադրված նստարաններ: 

Նախագծի իրականացումը ենթադրում է երկու փուլ. 2017 թվականի սեպտեմբերին կբացվեն մարզական հրապարակները, իսկ համալիրի ամբողջական շինարարությունը կավարտվի 2018 թվականի հունիսին:

Մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց Մասիս քաղաքի Հանրապետության փ. 11 հասցեում, որտեղ տեղի ունեցավ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից ստեղծված Երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացումը: 

Կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր եւ  կամավորություն: Ներկայումս կենտրոն է այցելում 120 երեխա (մինչեւ 18 տարեկան): 



Կրթական կենտրոնի շրջանակում անցկացվում են անգլերենի եւ ֆրանսերենի դասընթացներ, գործում են գրականության, աշխարհագրության, թատերական եւ քննարկման խմբեր, ինչպես նաեւ երաժշտական խմբակ եւ կինոսիրողների ակումբ:   

Կենտրոնը նաեւ զբաղվում է Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավմանն ուղղված սոցիալական նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Հայաստանի համայնքային կենտրոնների միջեւ կապերի ամրապնդմամբ: 

Կամավորական կենտրոնը ստեղծվել է քաղաքացիների ակտիվության, կամավորական նախաձեռնությունների եւ հասարակական գիտակցության զարգացման նպատակով:

Կամավորական կենտրոնի աշխատանքի երկու հիմնական ուղղություններն են՝ կամավորության մշակույթի ձեւավորումն ու հանրայնացումը բոլոր մակարդակներում եւ կամավորական շարժման կազմակերպումը, որի շրջանակում հատկապես ուսուցում է իրականացվում: 

Մասիսի երիտասարդական կենտրոնը թողարկել է նաեւ ilovemasis.com քաղաքային հարթակը, որը տեղեկացնում է ինչպես Մասիսի զարգացման հիմնադրամի, այնպես էլ ամբողջ քաղաքի գլխավոր իրադարձությունների եւ նորությունների մասին:  

Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը իր ելույթում նշեց. «Երիտասարդների հետ աշխատանքը մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Մենք ձգտում ենք երիտասարդ սերնդի շրջանում սերմանել հայրենասիրության զգացում, հարգանք իրենց արմատների հանդեպ եւ հպարտություն հայրենի երկրի համար: Մենք նաեւ շարունակում ենք զարգացնել կրթական ծրագրերը եւ սատարել Մասիսի կյանքի բարելավմանն ուղղված կամավորական նախաձեռնություններին»: