Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 30-03-2017
Երիտասարդների ներգրավվածությունը խթանող նոր հարթակ Եղեգնաձորում
Մի քանի տարի է, ինչ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է ծրագրեր համայնքներում երիտասարդների կարողությունների զարգացման եւ նրանց դերը մասնակցային կառավարման գործում խթանելու ուղղությամբ:

2016 թ.-ին այդ համագործակցության շրջանակում  իրականացվեց «Դեմո» սոցիալական նորարարության լաբ, որի ընթացքում քննարկվեցին նաեւ համայնքի կառավարման գործընթացում երիտասարդներին ներգրավելու թեմաները, եւ մշակվեցին լուծումներ։ 

Մշակված լուծումներից մեկն ապրիլ ամսից առաջին անգամ  կիրառվելու է Եղեգնաձոր քաղաքում: Լուծման հիմքում ընկած է երիտասարդների հետ տարվող աշխատանքներում կոնկրետ հարցեր քննարկելու եւ լուծումներ գտնելու քննարկման ձեւաչափ, որը հայտնի է world café անվանմամբ: 

Գաղափարն առաջադրել էր երիտասարդների հետ աշխատանքի փորձ ունեցող Հերմինե Կարապետյանը, ով world cafe-ն առաջարկել էր որպես ավագանու հետ հանդիպումների ձեւաչափ, որը միաժամանակ կլինի երիտասարդների ժամանցի կազմակերպման միջոց։  

«Դեմո» լաբի շրջանակում գաղափարը ակտիվ երիտասարդների հետ մշակվեց եւ դարձավ նախագիծ, հեռախոսային հավելված: Ձեւավորվեց թիմ, որի անդամներն են ծրագրավորողներ Վազգեն Բարֆյանը, Զարուհի Հակոբյանը եւ Եղեգնաձորի մի խումբ ակտիվ երիտասարդներ, որոնց հետ աշխատանքը համակարգում է Հասմիկ Գալստյանը: 

Ինչպես նշում է Վազգենը, հավելվածը հնարավորություն է տալիս  ավագանու նիստերից առաջ տեղեկանալ քաղաքում առկա խնդիրներին, քվեարկությամբ հետեւել դրանց լուծման ընթացքին եւ առաջադրել սեփական գաղափարը քաղաքի խնդիրների լուծման համար: Բացի այդ՝ ծանուցումների միջոցով քաղաքի բնակիչները տեղեկանում են ավագանու նիստերից առաջ կազմակերպվող ժամանցային միջոցառումների մասին, որի շրջանակներում քննարկվելու են  քվեարկության միջոցով առաջադրված՝ նիստերի թեմաները: 

Առաջարկված լուծումը նախեւառաջ ուղղված է Եղեգնաձորում ավագանու անդամների եւ երիտասարդների գործընկերության համար վստահության միջավայրի ձեւավորմանը, որն առաջնային նախապայման է մասնակցության համար: Ինչպես նշում է Հերմինեն, նախագծի իրականացման համար թիրախավորել են Եղեգնաձորի ողջ բնակչությանը՝ առանձին շեշտադրելով երիտասարդներին, հաշվի առնելով նրանց նախաձեռնող եւ կարեւոր դերը համայնքի խնդիրների լուծման գործում: Առաջիկայում սպասվում է հավելվածի փորձարկում: