Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-03-2017
Բարեգործական համերգ՝ «Դու մենակ չես»
Մարտի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգը:

Միջոցառումից ստացված ողջ հասույթն ուղղվելու է սահմանամերձ բնակավայրերում ապրող, սոցիալապես անապահով այն կանանց, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: 

Միջոցառումն իրականացրեց «Եվրոպա Դոննա Արմենիա» քաղցկեղի դեմ պայքարի կազմակերպությունը, որը համախմբել է աշխարհի 47 երկրներ, որոնց թիվը 2015 թվականից համալրել է նաեւ Հայաստանը։ 

Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան հայկական շոու բիզնեսի սիրված ներկայացուցիչները: 

Երեկոյի ընթացքում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը կանանց կոչ արեց հետեւել իրենց առողջությանը եւ հետազոտվել ճիշտ ժամանակին. «Ամեն ինչի վրա կարողանում ենք ե՛ւ գումար ծախսել, ե՛ւ ժամանակ գտնել՝ բացառությամբ առողջության: Սկզբում ցանկացած հիվանդություն, այդ թվում՝ եւ քաղցկեղը՝ իր բոլոր տարատեսակներով, ճիշտ ժամանակին ախտորոշելու դեպքում կարելի է զերծ մնալ հետագա վտանգներից»:

«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության նպատակը ոչ միայն օգնելն է անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի հաղթահարման փուլում, այլեւ տեղեկացնել հանրությանը, որ վաղ հայտնաբերման դեպքում այն լիարժեք բուժվում է: Ողջ հասույթը եւս տրամադրվելու է անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Կազմակերպությունը գործունեության 2 տարիների ընթացքում տարբեր միջոցառումներ է իրականացրել, ունեցել է նաեւ մարզային այցելություններ: 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաեւ տեսահոլովակ, որը կոչ էր անում հետեւողական լինել առողջության նկատմամբ: