Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 01-04-2017
«Ինչ կա-չկա/ Ne var ne yok» ժամանակակից պարային ներկայացում
«Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում» «Հրանտ Դինք հիմնադրամի» «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում կայացավ «Ինչ կա-չկա/ Ne var ne yok/ Not nation but motion» ժամանակակից պարային ներկայացումը:



Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, իսկ իրականացնողն ազգությամբ թուրք Դույգու Բոստանջին է, ով կրթություն է ստացել Մերձավոր Արեւելքի Տեխնիկական համալսարանում: Ուսումնառության տարիներին մասնակցել է ժամանակակից պարի եւ պերֆորմանսների ստեղծմանը: Նա 3 պերֆորմանսի հեղինակ է. «What hold things together» (2015, պերֆորմեր, պարուսույց), «Propagation» (2015, պերֆորմեր, պարուսույց), «Adaptation» (2013, պարուսույց): 



Ներկայացումն իրականացվում է՝ «Բաարդիա» պարի եւ շարժման լաբորատորիայի եւ ժամանակակից պարով զբաղվող մարդկանց հետ (Երեւան) համագործակցելով:



Սա Դույգու Բոստանջիի՝ Հայաստանում իրականացված ծրագրի վերջնական արդյունքն է: Նա հետազոտող է «Հրանտ Դինք հիմնադրամում»:



Դույգու Բոստանջին իր փորձի փոխանակումն անցկացնում է Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 



Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «Հրանտ Դինք հիմնադրամի» հայաստանյան թիմի ներկայացուցիչ Արմենուհի Նիկողոսյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի մասնագետների միջեւ համագործակցություն եւ փորձի փոխանակում իրականացնելն է. «Հայաստանից եւս մասնագետներ ենք ուղարկում Թուրքիա, որպեսզի համապատասխան հաստատություններում փորձի փոխանակում իրականացնեն: Այդ գործընթացը տեւում է 4-8 ամիս»:



Հավելենք, որ ծրագրի միջոցով մասնագետները փորձում են տալ մի շարք հարցերի պատասխաններ. օրինակ՝ մարմինը նույնպե՞ս սահման է, մարմիններն ինչպե՞ս կարող են միավորվել, արդյո՞ք պարերը պատկանում են ազգերին, թե՞ հողին եւ մարդկանց: 



Պարային ներկայացման մասնակիցների թվում էին Հասմիկ Թանգյանը, Աննա Վահրամին, Վանուհի Մալխասյանը, Նինա Ռոմա Ավագյանը, Արամ Ադամյանը եւ իհարկե անձամբ ինքը՝ Դույգու Բոստանջին: