Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-04-2017
7 ֆիլմեր, որոնք ապրիլին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
Ապրիլին հայաստանյան կինոթատրոններում կհայտնվեն համաշխարհային կինովարձույթ դուրս եկած բազմաթիվ ֆիլմեր: Անգամ ամենաքմահաճ կինոսերն իր համար գեթ մեկ ֆիլմ կգտնի, որը կկարողանա դիտել ամսվա ընթացքում:

Eritasard.am-ը, երեւանյան «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 7 ուշագրավ կինոնկարները: 


«Հեռանալ գեղեցիկ» (հայաստանյան կինոթատրոններում` ապրիլի 6-ից)



Ֆիլմերի ցուցակը սկսում ենք կատակերգությամբ: Ռեժիսոր Զակ Բրաֆի «Հեռանալ գեղեցիկ» ֆիլմի գլխավոր հերոսները երեք թոշակառու տղամարդիկ են: 

Հին ընկերներ Վիլին, Ջոն եւ Էլան կյանքում առաջին անգամ որոշում են շեղվել ճիշտ ճանապարհից, որպեսզի պահպանեն իրենց կենսաթոշակային կուտակումները: Թոշակառուները որոշում են ռիսկի դիմել եւ կողոպտել բանկը, որը յուրացրել է իրենց գումարները: Գլխավոր դերերում` Ջոի Քինգ, Մորգան Ֆրիման, Մայքլ Քեյն, Քրիսթոֆեր Լլոյդ, Ալան Արքին եւ այլք: 

Թրեյլեր`


«Ժամանակի մատրիցա» (հայաստանյան կինոթատրոններում` ապրիլի 6-ից)



Ռեժիսոր Ռի Ռուսսո-Յանգի «Ժամանակի մատրիցա» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Սանդենս» փառատոնի ընթացքում: Ֆիլմի հիմքում Լորան Օլիվերի «Մինչեւ ես կընկնեմ» վեպն է: Սյուժեն կենտրոնացված է ավագ դպրոցի աշակերտուհու` Սամանտա Քինգսթոնի վրա, ով կարծում է, որ իր կյանքի վերջին օրը նորից ու նորից է վերապրում: Նա պետք է բացահայտի մահվան առեղծվածը եւ հասկանա կյանքի իրական արժեքը` չկորցնելով այն ամենակարեւորը, ինչ ունի: Դերերում` Զոյի Դոյչ, Էրիկա Թրեմբլեյ, Հելսթոն Սեյջ, Լոգան Միլլեր, Դիեգո Բոնետա եւ այլք: 

Նմանատիպ թեմատիկայով ֆիլմեր վերջին տարիներին շատ են նկարահանվում: Բավական է նշել, օրինակ, Թոմ Քրուզի մասնակցությամբ «Ապագայի սահմանը», Ռոբի Ամելի մասնակցությամբ «Կամար» եւ այլ կինոնկարները, որոնք օժտված են հետաքրքիր սյուժեով:

Թրեյլեր`


«Իսպանիայի թագուհին» (հայաստանյան կինոթատրոններում` ապրիլի 6-ից)



«Քո երազանքների աղջիկը» ֆիլմում տեղի ունեցող իրադարձություններից մոտ 20 տարի անց են տեղի ունենում «Իսպանիայի թագուհին» կինոնկարի գործողությունները: Հերոսուհին դարձյալ Մակարենան է, ով դարձել է հոլիվուդյան աստղ եւ վերադառնում է Իսպանիա` խաղալու Իզաբել Առաջին թագուհու դերը: Ռեժիսոր Ֆերնանդո Տրուէբայի ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Պենելոպա Կրուսը, Քերի Էլվիստ, Մենդի Պետինկինը եւ այլք: 

Թրեյլեր` 


«Ֆորսաժ 8» (հայաստանյան կինոթատրոններում` ապրիլի 13-ից)



7-րդ «Ֆորսաժ»-ի նկարահանումների ժամանակ մահացավ ֆիլմի գլխավոր հերոսը` Փոլ Ուոկերը: Թվում է, թե առանց նրա այլեւս անիմաստ էր շարունակել ֆրանշիզը, սակայն… «Ֆորսաժ 8»-ի ռեժիսորը Ֆելիքս Հերի Գրեյն է: Կինոնկարում նկարահանվել են Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, Դուեյն Ջոնսոնը, Թայրիզ Գիբսոնը, Լուդաքրիս, Կուրտ Ռասելը, Ջեյսոն Սթեթհեմը, Շարլիզ Թերոնը, Սքոթ Իսթվուդը, Հելեն Միրենը: Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Դիզելը խոստովանել է, որ հենց Ուոկերն է ցանկացել, որ 8-րդ ֆիլմն իրականություն դառնա, իսկ ինքը չէր կարող չիրականացնել ընկերոջ ցանկությունը:  

Դոմը եւ Լետտին մեկնում են իրենց մեղրամիսն անցկացնելու, իսկ Միան եւ Բրայանը դուրս են գալիս խաղից: Խմբի մյուս անդամներն ամբողջովին սովորական կյանք են վարում: Սակայն երբ մի առեղծվածային կին Դոմին հանցանքի աշխարհ է ներքաշում, որից նա չի կարող դուրս գալ, եւ ստիպում են նրան դավաճանել նրանց, ովքեր թանկ են իր համար, խումբը կանգնում է փորձությունների առաջ, որոնք կստուգեն յուրաքանչյուրին այնպես, ինչպես երբեւէ չի եղել նախկինում: 

Թրեյլեր`


«Գաղտնի գործակալը» (հայաստանյան կինոթատրոններում` ապրիլի 27-ից)



Մայքլ Էփթեդի նոր ֆիլմում խաղում են Մայքլ Դուգլասը, Նումի Ռապասը, Օռլանդո Բլումը, Ջոն Մալկովիչը եւ այլք: 

Հերոսուհին միջազգային մասշտաբի գաղտնի գործակալ է: Այս անգամ նրա առջեւ նպատակ է դրված կանխարգելել Լոնդոնին սպառնացող կենսաբանական հարձակումը: Լոնդոնի բնակիչներին փրկելու համար գաղտնի գործակալը պետք է դուրս գա բոլոր կանոնների դեմ: 

Թրեյլեր` 


«Կորած քաղաք Z» (հայաստանյան կինոթատրոններում` ապրիլի 27-ից)



Ջեյմս Գրեյի ֆիլմի հիմքում Դեւիդ Գրանի համանուն գիրքն է: Հետազոտողները փորձում են գտնել բրիտանացի գնդապետ Փերսի Ֆոսեթին, ով 1925 թ. կորել է Բրազիլիայի ջունգլիներում` լեգենդար Z քաղաքը փնտրելիս: 

Դերերում` Ռոբերտ Փաթինսոն, Սիեննա Միլլեր, Չարլի Հանեմ, Թոմ Հոլանդ եւ այլք: 

Թրեյլեր`


«Խոստում» (հայաստանյան կինոթատրոններում` ապրիլի 27-ից)



Ցանկը եզրափակում ենք Հայոց ցեղասպանության թեման արծարծող ֆիլմով: Ֆիլմի գլխավոր հերոսներից Միքայելը (Օսկար Այզեք) համեստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` բժշկություն սովորելու: Քրիսթոֆերը (Քրիստիան Բեյլ) «Associated Press»-ի լրագրողն է, ով այդ երկիր է եկել Անայի (Շառլոտա լը Բոն)` Փարիզում սովորած տաղանդավոր հայ նկարչուհու հետ: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջեւ: Սիրային այս եռանկյունու ֆոնին սկսվում են Հայոց ցեղասպանության ծանր օրերը:  

Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջն ընտրել է տաղանդավոր եւ իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեք, Շառլոտա լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել, Ժան Ռենո եւ այլք: 

Թրեյլեր`