Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-04-2017
«Եվրատեսիլ 2017»-ը, Արծվիկը եւ Եվրոպան գերելու Հայաստանի շանսերը
Նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Արծվիկ Հարությունյանը:

«Եվրատեսիլ 2017»

Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրներին՝ միավորվելու եւ տոնելու ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ վայելելու հիանալի երաժշտություն:

Արդեն իսկ պարզ է, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` մայիսի 9-ին, Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո: Մրցույթի 2-րդ՝ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Ի դեպ, ըստ եվրատեսիլյան Wiwibloggs կայքի հայտարարած հարցման՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով այս պահին լավագույնն է կին կատարողների շրջանում: 

«Fly with me»

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կմասնակցի «Fly with me» երգով, որը շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը: Ընտրության համար ստացվել էր շուրջ 300 երգ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին եւ ձեւաչափին, Արծվիկի նախասիրություններին եւ կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն ակտիվորեն մասնակցել է երգի ընտրության գործին:  «Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:



Ի՞նչ գիտենք Արծվիկի մասին 

Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 21-ին Կապանում: 5 տարի անց Արծվիկի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն: Մաթեմատիկական ուղղվածություն ունեցող դպրոցում ուսում ստանալուց հետո Արծվիկն իր կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում` փորձելով իր ապագան կապել հոգեբան-լոգոպետի մասնագիտության հետ: Դրան զուգահեռ՝ նաեւ փորձել է իր ներուժը դրսեւորել բազում այլ ասպարեզներում, սակայն երաժշտության նկատմամբ սերը հաղթել է: 

2012 թվականին Արծվիկը դառնում է «Jazz Parking» նախագծի անդամ: Նույն թվականին հաջողությամբ մասնակցում է նաեւ միջազգային «Ձայնը» («The Voice») նախագծի ռուսական տարբերակին: 



Կարճ ժամանակահատվածում Արծվիկը ճանաչում է ձեռք բերում եւ սիրվում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում: Ի դեպ, Արծվիկը «Ձայնը» նախագծի մյուս մասնակցի` Մարգարիտա Պոզոյանի ընկերուհին է. նրանք միասին կատարել են «Сестра по духу» երգը: 

2016 թվականին Արծվիկը վերադառնում է Հայաստան եւ մասնակցում Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» համահայկական երաժշտական նախագծին, որի շնորհիվ Հայաստանն այս տարի ներկայացնելու է համաեվրոպական մրցույթին:

Ինչպիսի՞ն են հայաստանյան պատվիրակի շանսերը 

Արծվիկի թռիչքը շարունակում է նորանոր սահմաններ գրավել եւ բուռն քննարկումների ու վերլուծությունների առիթ դառնալ ինչպես մեր հայրենակիցների, այլեւ միջազգային հանրության շրջանում:

Եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs կայքի լրագրողներն իրենց վերլուծություն-արձագանքում նշում են, որ Արծվիկը շքեղ է, եւ նրան համեմատում են ճապոնացի արքայադստեր հետ: Նրա ելույթը նրանք համարում են առեղծվածային եւ խորհրդավոր: Դիտելով տեսահոլովակը` նրանք առանձնահատուկ շեշտում են, որ խորեոգրաֆիան շատ խելացի է կառուցված: Լրագրողներն իրենց արձագանքում նշում են, որ «Fly with me»-ն էթնիկ է ու նաեւ ժամանակակից. այն տարբերվում է այս տարվա բոլոր երգերից:



Անկասկած, Արծվիկը հզոր ձայն ունի: Երգի հետ կապված հակասական կարծիքներ կան նաեւ տարբեր հարթակներում առկա մեկնաբանություններում. ոմանց կարծիքով` երգը տարբերվող է, մյուսները շեշտում են, որ երգում առկա են ճապոնա-չինա-հնդկական տարրեր, ինչը չեն ողջունում: 

Ի դեպ, բուքմեյքերների ներկայիս կանխատեսմամբ` Արծվիկը կհայտնվի եզրափակչի լավագույն տասնյակում: eurovisionworld.com կայքի կանխատեսումների համաձայն` մրցույթում այս տարի կհաղթի Իտալիան: Այս պահի դրությամբ Հայաստանը կզբաղեցնի 7-րդ հորիզոնականը: Օրեր առաջ Արծվիկը, ըստ կայքի, 8-րդ տեղում էր: 

Իսկ թե ինչպիսին կլինի Եվրոպայի արձագանքը, եւ որ հորիզոնականում իսկապես կհայտնվի հայ պատվիրակը, պարզ կլինի ավելի ուշ: Ավելի կոնկրետ` մրցույթի օրը: 



Celebrate Diversity Challenge

Պարզապես անհնար է անդրադառնալ «Եվրատեսիլ-2017»-ին եւ Արծվիկին ու չանդրադառնալ հայ պատվիրակի նախաձեռնած Celebrate Diversity Challenge-ին: Արծվիկը նախաձեռնել է եվրատեսիլյան նոր մարտահրավեր ու մրցույթի այս տարվա մասնակիցներին կոչ է անում տոնել  բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել  բոլորին: Նա կատարել ու շարունակում է կատարել տարբեր երկրների ժողովրդական երգեր ու մարտահրավերներ է նետում եվրատեսիլյան մրցույթի մասնակիցներին, ովքեր, ընդունելով Արծվիկի առաջարկը, հայկական երգեր պետք է կատարեն: 

Այս պահին Արծվիկը մարտահրավեր է նետել Գերմանիայի, Կիպրոսի, Վրաստանի ներկայացուցիչներին, կատարել նրանց ազգային ստեղծագործություններից, իսկ փոխարենը նրանք երգել են հայ ժողովրդական ստեղծագործություններ: 

Celebrate Diversity Challenge-ը շարունակվում է: Սպասում ենք հաջորդ մասնակցի ելույթին: