Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 03-04-2017
Սիբիլ. «…պայքարել եմ հայերեն երգելու համար»
Գեղեցիկ ու մինչեւ հոգու խորքը ներթափանցող ձայն, յուրահատուկ տաղանդ ու հայկական արմատների հետ յուրատեսակ կապ. բազմաթիվ ազգերի ու հատկապես թուրքերի սրտերը հայ երգով նվաճած ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլուն կրկին Հայաստանում է: Հայրենիք է եկել կարեւոր առաքելությամբ՝ մրցանակ ստանալու:

Eritasard.am-ի հետ զրույցում Սիբիլը պատմում է ծրագրերի, մրցանակի, վերջերս կորցրած հայրիկի ու հայերեն խոսելու մասին: 



Սիբիլը՝ «Ծիծեռնակ» մրցանակի մասին 

Հայ երգը Սփյուռքում արթուն պահելու եւ տարածելու համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Ծիծեռնակ» հատուկ մրցանակի արժանացա: Շատ հուզվեցի ու մրցանակը հայրիկիս ձոնեցի. նա 3 ամիս առաջ է մահացել: Շատ դժվար ելույթ էր: Ասացի, որ Թուրքիայում հայ երգչուհի լինելը հեշտ չէ: Թուրքիայում ստեղծագործողի համար այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ շատ չես կարող հեռուստատեսությամբ հանդես գալ, համերգներ ունենալ: Սակայն ես 6 տարի պայքարել եմ հայերեն երգելու համար, թուրքերեն երգելու առաջարկները մերժել եմ: Իմ նպատակը հայերեն երաժշտությունն ավելի լսելի դարձնելն է: Թուրքիայում ես հայրենասեր տան մեջ եմ մեծացել. այլ կերպ չէր կարող լինել: 



Սիբիլը` հայրիկի մասին 

Հայրիկս տանը ստիպում էր միշտ հայերեն խոսել: Եթե հանկարծ թուրքերեն խոսեինք, վիճում էինք: Շատ խիստ էր, պահանջկոտ: Ասում էր, որ տնից դուրս կարող եմ թուրքերեն խոսել, բայց տան ներսում միայն հայերեն պետք է հնչի: Հայերենի համար հենց նրան եմ պարտական:

Հայաստան այցի մասին 

Եկել էի «Ծիծեռնակ»-ին մասնակցելու, ինչպես նաեւ նոր տեսահոլովակ նկարահանելու համար: Առաջիկայում երկու նոր երգ կներկայացնեմ: Մեկը հայրենադարձության շատ գեղեցիկ կոչ է, զուգերգ է, կատարում եմ «Beautified Project» խմբի Անդրե Սիմոնյանի հետ: Երկու սփյուռքահայերով կատարում ենք «Քեզ եմ երգելու» ստեղծագործությունը, որի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է: Նպատակս այն է, որ այս այցիս ընթացքում նկարահանենք տեսահոլովակը, հուսամ՝ շուտով կներկայացնենք այն: 

Երկրորդ երգը կոչվում է «Ավրորայի աղոթքը», շատ գեղեցիկ երգ է, որբ մանուկների համար է գրված: Առաջին իսկ պահից հենց լսեցի, փշաքաղվեցի, շատ զգայուն է: Հեղինակը կրկին Հասմիկ Հախվերդյանն է: Անպայման տեսահոլովակ պետք է նկարենք, քանի որ երգն արժանի է տեսահոլովակի: 



Բացահայտելով Հայաստանը…

Շատ թուրք ընկերներ, բարեկամներ ունեմ, իմ շնորհիվ շատ են լսում Հայաստանի մասին, տեղեկություններ են ստանում, հետաքրքրվում, ցանկանում են այցելել: Սոցիալական ցանցեր տեղադրած լուսանկարներովս, հարցազրույցներովս ջանում եմ պատմել Հայաստանի մասին: 

Անշուշտ, ամեն անգամ նոր բան եմ բացահայտում Հայաստանում: Ժամանակն անցնում է, մեր երկիրը գեղեցկանում է, հուսով եմ, որ հետագայում էլ ավելի լավը կլինի: 

Միշտ գործի բերումով եմ գալիս, շատ պտտվելու ժամանակ չունեմ, բայց սիրում եմ Դիլիջանը, Սեւանա լիճը: Կարող եմ ժամերով երազել` նայելով Սեւանի ջրերին: Սեւանում նկարահանվել է իմ վերջին՝ «Վանայ լիճին…» տեսահոլովակը: Մենք ցանկանում էինք Վանա լիճ գնալ, բայց ֆինանսական հարցերի պատճառով ու անվտանգության նկատառումներով տեսահոլովակը Սեւանում նկարահանեցինք: 

Շատ սիրեցի երգը, քնքուշ երգ է: Այսպիսի երգերն անցողական չեն, կմնան հավերժ: Ես բառերին շատ մեծ կարեւորություն եմ տալիս. կարեւոր է երգով ինչ-որ կոչ, հաղորդագրություն փոխանցել: 



Սիբիլը` հավատքի մասին

Ես հավատացյալ եմ, եկեղեցու մեջ եմ մեծացել, հայրիկս եկեղեցի էր ինձ տանում: Կյանքը միշտ վարդագույն, կապույտ չէ: Երբեմն մոխրագույն էլ է լինում: Եթե հավատքը չլինի, ամեն ինչ կկորցնեմ: Հավատքն է, որ ինձ պահում է ոտքերիս վրա, հավատը երազանքներիս, ապագայի հանդեպ: 

Ես կարծես խունկի հոտով եմ մեծացել, հորս շնորհիվ երգչախմբում եմ երգել, եկեղեցական երգերով, մեղեդիներով մեծացել: Ամեն ինչ ընտանիքի դաստիարակությունից է գալիս: Եվ լավ է, որ հավատում եմ Աստծուն, հրաշքներին: Մարդիկ հաճախ են հարցնում` ինչ ես արել, որ շատերի սիրտը գրավեցիր եւ ճանաչման, պարգեւների արժանացար: Ես միայն երգեցի, սրտիս ձայնին ականջալուր եղա, եթե Աստծո օգնությունը չլիներ, լավ մարդիկ, ինձ աջակցող մարդիկ իմ կողքին չէին հավաքվի: Ես երախտապարտ եմ բոլորին: 



Հայաստանի նկատմամբ սեր

Հայաստանն իմ տունն է: Միշտ ասում եմ, որ երկրորդ տունն է, բայց այս տարի Պոլսում ավելի քիչ եմ եղել, քան Հայաստանում: Մարդիկ կարծում են, որ տեղափոխվել եմ: Շատ եմ մտածում Հայաստանում ապրող մարդկանց, նեղ դրության մեջ աշխատողների, իրենց երկիրը լքողների մասին: Մտածում եմ` ինչու ավելի լավ չլինի, որ այս երկրից չգնան: Շատերն են նյութական նկատառումներով երկիրը լքում, բայց կարոտը խեղդում է նրանց: Հուսամ, որ հետագայում ամեն ինչ լավ կլինի, ու քչերը կլքեն Հայաստանը: