Նյութը՝ ՀՊԵՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 07-04-2017
Երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Բեթհովենի անվան Զատկի փառատոնին
Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 6-ին հանդես է եկել հայ հանդիսատեսի առջեւ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացվել են Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի թավջութակի եւ նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Բարտոշ Կոզյակ, թավջութակ/Լեհաստան), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը (մենակատար՝ Ելենա Կորժենիվիչ/Ռուսաստան)։ Համերգը, ի դեպ, նվիրված էր Մայրության եւ գեղեցկության տոնին։

Թավջութակահար Բարտոշ Կոզյակը նշեց, որ սա իր երկրորդ համագործակցությունն է Երիտասարդական նվագախմբի հետ։ Առաջին անգամ ելույթ է ունեցել երեք տարի առաջ՝ Երեւանում «Պենդերեցկու օրեր» փառատոնի շրջանակներում եւ կատարել է Պենդերեցկու Թավջութակի կոնցերտը։ Այս անգամ նա առաջին անգամ կատարում է Խաչատրյանի կոնցերտ-ռապսոդիան, որը, ըստ երաժշտի, շատ բարդ եւ ինքնատիպ ստեղծագործություն է։ Խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին՝ թավջութակահարը նկատում է, որ համագործակցությունը շատ լավ է ստացվում, երաժիշտները կարողանում են շատ ներդաշնակ հանդես գալ մենակատարի հետ։ 

Նվագախմբի ջութակահար Էրիկ Մանուկյանը, խոսելով Բեթհովենի անվան Զատկի փառատոնում իրենց առաջիկա մասնակցության մասին, նշում է, որ մեծ ոգեւորությամբ են պատրաստվում այդ իրադարձությանը։ Իրենք հանդես եկել են Լեհաստանում, սակայն Զատկի փառատոնի շրջանակներում ելույթ են ունենում առաջին անգամ։ Ըստ ջութակահարի՝ դա պատասխանատու բեմել է, եւ հպարտ են, որ հայկական մշակույթը ներկայացնելու են երաժշտական աշխարհի այդ խոշորագույն իրադարձության շրջանակներում։ 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ապրիլի 6-ի համերգի տեսագրությունը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ.



Պատկերասրահ՝ Երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Բեթհովենի անվան Զատկի փառատոնին